Ոսկին պետությանը, աշխատանքը քաղաքացիներին. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատում է, որ այս տարի կհայտնվի Ազգային ժողովում

Ոսկին պետությանը, աշխատանքը քաղաքացիներին. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատում  է, որ այս տարի կհայտնվի Ազգային ժողովում
Ոսկին պետությանը, աշխատանքը քաղաքացիներին. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատում է, որ այս տարի կհայտնվի Ազգային ժողովում

72-ամյա Շուշանիկ Դավթյանն ամեն տարի մայիսի մեկին վերցնում է խորհրդային իշխանության խորհրդանիշ հին դրոշակն ու Արտաշատ քաղաքից գալիս է Երեւան՝ աշխատավորների օրվան նվիրված երթին մասնակցելու համար:
Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) 56 տարվա անդամը հպարտանում է շարքային բանվորի 45 տարիների իր աշխատանքով: Նա համոզված է՝ Հայաստանում գործազրկության խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ ՀԿԿ-ն հայտնի Ազգային ժողովում:

«Սիրում եմ մեծերին, սիրում եմ մատաղ սերունդին, տանջվում եմ իրանց համար, գիշեր ցերեկ քուն չունեմ, որ սովետական իշխանությունը կյանք ստեղծեց, էս ավազակները եկան, թալանեցին: Կոմունիստները ձեռից բաց թողին, բայց որ հաջողվի գնան ԱԺ, շատ բան կփոխեն, քանի որ մեր ժողովուրդը մեղք է՝ 23 տարի աղքատության մեջ է»,- «Մեդիալաբին» ասում է Դավթյանը, ով միայնակ է ապրում՝ մշակելով բալի, գիլասի, տանձի, փշատի տասնյակ ծառերն ու հատապտուղներն իր հողամասում:

Դավթյանը ՀԿԿ-ի այՆ 20000 անդամներից մեկն է, որ ամեն տարի մասնակցում են մայիսի մեկին նվիրված երթին. խորհրդային ժամանակներին բնորոշ գլխարկներով ու փողկապներով դպրոցականներ, խորհրդային տարիների հիթ-երգեր նվագող փողային նվագախումբ, տարբեր պատվո շքանշաններով տարեց մարդիկ ամեն տարի բարձր ծածանում են կարմիր դրոշներ՝ հավատալով, որ խորհրդային տարիները վերադառնալու են:

Այս տարի ավանդական երթը ուղեկցվում էր նաեւ նախընտրական քարոզով: Կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը ժողովրդին էր ներկայացնում իր ծրագրերն ու նպատակները:

«Հանդիպումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, թե ոնց են փայլում մարդկանց խամրած աչքերը, երբ խոսում ենք Սովետական ժամանակների մասին: Մարդը մի տեսակ վերակենդանանում է»,- «Մեդիալաբին» ասում է Թովմասյանը:

Նա համոզված է, որ իրենք կհայտնվեն Ազգային Ժողովում, թեպետ տարիների ընթացքում նրանց շարքերը պակասում են՝ մեծահասակները հեռանում են կյանքից, իսկ երիտասարդները՝ երկրից:

«Առաջինը սահմանդրությունը ամբողջությամբ կփոխենք, երկրորդը՝ ռազմավարական բոլոր ճյուղերը կազգայնացնենք: Աստված բնությունը ժողովրդին է տվել՝ պղինձը, ոսկին, այս բոլորը պետք է գտնվի պետության ձեռքին, որ պետությունը կարողանա ապահովել առողջապահության, կրթության եւ այլ կարեւոր բնագավառների անվճար լինելը: Այնպես կանենք, որ ժողովուրդը իրավունք ունենա պատգամավորին հետ կանչել սխալ գործելակերպի պարագայում, կբացառանեք հողի առք ու վաճառքը, որ չառաջանա ֆեոդալական հասարակություն՝ «Տերն ու ծառան» կինոյի նման»,- հայտարարեց Թովմասյանը:

Մեդալակիր պապիկները հիշում են, որ խորհրդային տարիներին երկաթգիծ է եղել, բնակարաններ են տվել մարդկանց, աշխատանքով են ապահովել: Այս ամենն են նրանք ուզում տեսնել՝ կանգնելով ՀԿԿ կողքին:

Կուսակցության Արթիկի ներկայացուցիչ Վրեժ Սահակյանն ասում է, որ այն ամենը ինչ այժմ տեսնում են քաղաքում, կառուցվել է խորհրդային տարիներին, իսկ նոր իշխանության ժամանակ լճացում է:

«Ծխող չեմ եղել, խմելուց հեռու եմ ու ամբողջ կյանքում աշխատել եմ ու դրա համար տղաներիս համար երեք տուն եմ կառուցել» ,- հպարտանում է Արթիկի շրջանի բնակիչ Գեւորգ Սարգսյանը՝ նշելով, որ այժմ նման բան իր տղաները դժվար թե կարողանան անել իրենց երեխաների համար:

Կուսակցության ղեկավարները նշում են՝ իրենց անդամների 30 տոկոսը 15- 50 տարեկան երիտասարդներն են: ՀԿԿ Երիտասարդական թեւի ղեկավար 42-ամյա Երջանիկ Ղազարյանը «Մեդիալաբին» ասում է, որ երիտասարդներն ավելի են համոզվում, որ «ճիշտը սոցիալիստական գաղափարախոսությունն է»:

«Նրանք հասկանում են, որ խորհդրային համակարգն է, որ երիտասարդներին տալիս էր մեկնարկային հավասար հնարավորություններ, տալիս էր անվճար բնակարանի հնարավորություն, կրթության, աշխատանքի ու հանգստի հնարավորություն: Հիմա տալիս են միայն գործազրկություն ու արտագաղթ»,- համոզված է Ղազարյանը:

Կարինե Իոնեսյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am