«Պատվաստման գործընթացը 100 տոկոսով տապալել են, մինչդեռ ամբողջ օրը Աջարաբեթ են գովազդում». պրոֆեսոր Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը, սա ի՞նչ է  նշանակում, ինչո՞ւ ունենք նման իրավիճակ:

– Այո՛, թվերն աճում են, բայց համաճարակային առումով տագնապալի իրավիճակ չէ, վախեցնող չէ թիվը, եթե, օրինակ՝ համեմատության մեջ ենք դնում տարածաշրջանի երկրներից Վրաստանի հետ: Այժմ Վրաստանի համեմատ շատ ավելի կառավարելի է իրավիճակը Հայաստանում:

Դեպքերի թիվն աճում է, որովհետև ամառային հանգստից մարդիկ են վերադարձել, և, միանշանակ, վարակի բերովի դեպքերն ավելի շատ են:

– Եվ դեռ կավելանա՞ն՝ հաշվի առնելով այն, որ ուսումնական հաստատությունները շուտով կբացվեն:

– Այո՛, շուտով դպրոցները, բուհերը կբացվեն, և վարակի դեպքերը, անշուշտ, կավելանան: Ինձ թվում է՝ կատաստրոֆիկ թվերի չի հասնի դեպքերի աճը, օրինակ՝ 1000 և ավելի: Ես նման հույս ունեմ:

– Ի՞նչն է ձեզ նման հույս ներշնչում, եթե հանրությունը չի պահպանում հակահամաճարակային տարրական կանոնները:

– Ասեմ՝ ինչու: Եթե մենք ունենք մոտավորապես 250 հազար COVID-19-ի գրանցված դեպք և մեկին՝ 5, ասում են, չգրանցված դեպքերն են, ապա իմ հաշվարկով 1,5 մլն մարդ որոշակի իմունիտետ ունի, դրա համար ինձ թվում է, շատ մեծ, հսկայական բռնկում, այդուհանդերձ, չի լինի:

Ցավոք սրտի, մենք 100 տոկոսով տապալել ենք պատվաստումային գործընթացը, իրականում ոչ մի բան չի արվում: Ավելին, ես կասեի՝ շատ թույլ, ոչ հետևողական քարոզչություն է իրականացվում:

– Ո՞ւմ մեղքով է դա, ո՞ր կառույցն է թերացել այդ ճանապարհին:

– Բնականաբար՝ առողջապահության նախարարության: Միանշանակ:

– Ի՞նչ պետք է աներ, որ չի արել կամ ի՞նչն է սխալ արել:

– Առողջապահության նախարարությունն ի սկզբանե հստակ բացատրական աշխատանք չտարավ պատվաստանյութերի տարբերությունների վերաբերյալ: Մարդիկ սկսում էին շշնջալ՝ «Սպուտնիկ V»-ն է՞ լավը, թե՞ «ԱստրաԶենեկան»: «Սպուտնիկ V»-ն, բերեցին ու հայտարարեցին, թե «Ֆայզեր» են բերում: Նրանք, ովքեր տրամադրվել էին «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուն, չգնացին պատվաստման ու հիմա սպասում են, որ «Ֆայզերը» բերվի Հայաստան, նոր գնան պատվաստվեն: Հիմա էլ հարց է՝ կբերե՞ն դա, չեն բերի, երբ կբերեն, որքան կբերեն և այլն: Ինչո՞ւ են հայտարարում, երբ Հայաստանում այդ պատվաստանյութը չկա: Մարդկանց շփոթի մեջ են գցում:

Չեն հասկանում՝ եթե ուզում եք խթանել պատվաստման պրոցեսը, պետք է շահագրգռեք, բայց ո՛չ պատժում եք, որը սխալ կլինի, ո՛չ էլ շահագրգռում: Օրինակ՝ եթե մարդը երկու դեղաչափ պատվաստում է անցել, նրան պետք է թույլ տան առանց դիմակի ման գալ, թույլ տան ինքնաթիռ նստել առանց ՊՇՌ թեստի: Մինչդեռ ՊՇՌ թեստը սարքել են մաքուր բիզնես:

Առանց որևէ պահանջի մարդիկ ինքնակամ չեն գնում պատվաստման, և դա հայկական էգոցենտրիզմի մասին է խոսում՝ թող ուրիշը պատվաստվի, որ իմ շրջապատը իմուն լինի, ես էլ չվարակվեմ: Ինչո՞ւ:

Զանգվածային պատվաստումները անհատի խնդիր չեն լուծում, նրանք լուծում են առողջապահական համակարգի խնդիրը, որ չլինեն մեծ բռնկումներ: Եթե մարդը չի պատվաստվել և չի վարակվել ու լավացել, ապա ինքը ընկալ օրգանիզմ է, վաղ թե ուշ կվարակվի: Այդ մասին պետք է խոսեն, բայց ամբողջ օրը Աջարաբեթ են գովազդում:

– Այսինքն, կարծում եք՝ պետք է տեսահոլովակներ լինեի՞ն, ուսուցանեի՞ն պատվաստանյութերի ու պատվաստման մասին:

– Այո՛, անպայման ու ընդ որում՝ շատ ագրեսիվ քարոզչություն պետք էր ծավալել: Նայե՛ք պատվաստումների պաշտոնական թվերին՝ 2 տոկոսն էլ չի պատվաստվել: Եթե պատվաստման գործընթացը այդպես ձախողված մնա, կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակը, բնականաբար, կաճի: Վարակվածության և հատկապես մահացության դեպքերը շատ ավելի քիչ կլինեն, եթե նորմալ պատվաստումային գործընթաց իրականացվի: Իսկ դրա համար պետք է աշխատել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am