ԲՀԿ պատգամավորների դիրքորոշումները՝ հուշագրի ստորագրումից առաջ և հետո

ԲՀԿ պատգամավորների դիրքորոշումները՝ հուշագրի ստորագրումից առաջ և հետո
ԲՀԿ պատգամավորների դիրքորոշումները՝ հուշագրի ստորագրումից առաջ և հետո

Հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ստորագրեցին հուշագիր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ կուսակցության անդամները հանդես եկան մեկնաբանություններով՝ մասնավորապես Գևորգ Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը որոշեց ընդառաջել, անսալ ժողովրդի ձայնին և ընտրություններն անցկացնել դեկտեմբերին:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ Ծառուկյանի հայտարարությունը հստակ է՝ ժողովրդի կողքին է, և ժողովրդի պահանջն ու ցանկությունը իրենց համար կարևոր է, ինչը արտացոլվում է հուշագրում։

«Փաստերի ստուգման հարթակը»  որոշեց ժամանակագրական առումով հետ գնալ և տեսնել, թե ինչ դիրքորոշումներ ունեին այս պատգամավորները մինչ հուշագրի ստորագրումը և դրանից հետո:

Հուշագրից առաջ

Հոկտեմբերի 2-ին, մինչ առաջ քաշված օրինագծի քվեարկությունը, Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խմբակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարություններով՝ ընդգծելով, որ ԱԺ բնականոն գործընթացն այնուամենայնիվ պետք է ապահովվի։

Սակայն կեսգիշերին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստանը»՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին կողմ քվեարկեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրենքի նախագծին։ Նիստի արդյունքում ընդունվեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, եթե ինչ-որ պատճառներով Ազգային ժողովի նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է, կամ քվորում չի ապահովվում, նիստն ընդհատվում է։

Նախագծին կողմ քվեարկած ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանեց հակահեղափոխական ուժեր։

Գևորգ Պետրոսյանը օրինագծի առաջ քաշումը մեկնաբանեց հետևյալ կերպ՝ «խնդիրը ազգային ժողովի աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու անհրաժեշտությունն է․․․ ես չգիտեմ էստեղ ով ինչ է որոշում, այս նախաձեռնության հիմքում ընկած է եղել զուտ իրավաբանական բնույթի նկատառում»։

Այս պատգամավորները խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ բազմիցս են արտահայտվել։

Մասնավորապես, Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ անձամբ դեմ է հապշտապ ընտրություններ անցկացնելուն․ «ժողովորդի մոտ արտահերթ ընտրություններ անցկացնելու սոցիալական պահանջը հասունացած չէ»։

Հուշագրից հետո

Հոկտեմբերի 8-ին Ծառուկյան-Փաշինյան հուշագրի ստորագրումից հետո Գևորգ Պետրոսյանը ասել է, որ չնայած ցանկանում էր ընտությունները լինեին ըստ կառավարության ներկայարած ծրագրի, կար ժողովորդին հակադրվելու խնդիր ։

Վահե էնֆիաջյանը ասել է, որ ԲՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներին․ «Ընտրությունների հետ կապված կառավարության ծրագրում հստակ նշված է, մինչև մեկ տարի ժամանակահատված, մենք որպես ծրագիր դրան կողմ ենք քվեարկել, ընդ որում՝ մասնակցություն ենք ունեցել այդ ծրագիր իրականցնացնելու հարցում (…) դեռևս ամիսներ առաջ պարոն Ծառուկյանի կողմից հայտարարվեց, որ ԲՀԿ-ն Փաշինյանի հետ քննարկելու ժամանակահատվածում պատրաստ է արտահերթ ընտրություների գնալու հուլիս ամսին, դետալային հարցեր կար, որոնք պետք է քննարկվեին․․․»:

Նա նաև նշել է, որ եթե ժողովուրդը ցանկանում է խորհրդարանական ընտրությունները օր առաջ անցկացնել, «Ծառուկյան» դաշինքը, ԲՀԿ-ն որևէ խնդիր այդտեղ չեն տեսնում։

Կարինե Կիրակոսյան

sut.am