Հարուցվել է քրեական գործ` թրաֆիքինգի դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ. օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք:

Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը Ն.Մովսիսյանին եւ Գայանեին հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆային: Վերջինս 4 օր տեւողությամբ օրական 20 ժամ Ն.Մովսիսյանին եւ Գայանեին ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս. Մարտիրոսյանին:

Այնուհետեւ Ն.Մովսիսյանը եւ Գայանեն հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, եւ կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից:

Նախաքննության տվյալներով Ս. Մարտիրոսյանը շարունակել է Ն. Մովսիսյանից պահանջել պարտքը վերադարձնել, իսկ չունենալու դեպքում հավաքագրել եւ Թուրքիա տեղափոխել աղջիկների` սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Ն. Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել եւ 2011թ. օգոստոսի 4-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Գյումրի քաղաքի բնակչուհի Կարինեին:

Ս. Մարտիրոսյանը, օգտվելով Կարինեի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ դոլար` ճանապարհածախսի, հագուստի եւ բնակության վայր տրամադրելու դիմաց:

Կարինեն 2011թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Ս. Մարտիրոսյանը: Ավելի ուշ Կարինեն նույնպես արտաքսվել է Թուրքիայից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Ն. Մովսիսյանին եւ Ս. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:

Սեռական շահագործման ենթարկված կանանց անունները փոխված են:

© Medialab.am