Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտ այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ին, ժամը 18։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում տուն է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակա խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։