«Ֆեյսբուք»-ն ուժեղացնում է փաստերի ստուգումը հայերեն բովանդակության նկատմամբ՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտարարել է, որ ընդլայնում է գործընկերությունը «FactCheck Georgia» փաստերի ստուգման անկախ հարթակի հետ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում հայերենով ստեղծված կեղծ բովանդակության տարածումը կանխելու նպատակով: Վրացական «FactCheck Georgia»-ն, որը հավաստագրված է անկողմնակալ մարմնի՝ Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից, առաջիկա երկու ամիսներին՝ հունիս-հուլիսին, հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (MIC) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի «Ֆեյսբուքում» և «Ինստագրամում» հրապարակված հայերեն բովանդակության փաստերի ստուգում:

«Ֆեյսբուքի» փաստերի ստուգման ծրագրում ներգրավված է ավելի քան 80 գործընկեր ամբողջ աշխարհից, ովքեր իրականացնում են շուրջ 60 լեզվով ստեղծված բովանդակության ստուգում: Այս գործընկերները կարևոր դեր են կատարում տարածվող ապատեղեկատվության բացահայտման գործում: Երբ փաստերի ստուգողը տեղեկատվությունը որակում է որպես կեղծ, «Ֆեյսբուքը» նախազգուշական նշան է կցում բովանդակությանը և նշանակալիորեն նվազեցնում դրա տարածումը: Հաճախակի կեղծ լուրեր շրջանառող, էջերի ու դոմեյնների բովանդակության տարածումը ևս կկրճատվի և նրանք կզրկվեն գովազդի և մոնետիզացիայի հնարավորությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուքի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցելով միայն Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) կողմից հավաստագրված փաստերի ստուգման հարթակների հետ և, գերակայությունը տալով վայրերին, որտեղ սպասվում են ընտրություններ, ուր ապատեղեկատվության տարածումը կարող է հանգեցնել իրական ռիսկերի, որոշել են ընդլայնել համագործակցությունը փորձառու լրագրողների միավորող «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելով նաև Հայաստանում:  

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել համագործակցությունը «FactCheck Georgia»-ի հետ՝ գործելու նաև Հայաստանում:  Մինչ այս հայտարարությունը, մենք հաշվի ենք առել մի շարք գործոններ, որոնք վերլուծել էինք փաստերի ստուգման ծրագրի մեկնարկից առաջ: Հայաստանյան գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) առանցքային աշխատանքը կօգնի մեզ նվազեցնել հայերենով ապատեղեկատվության տարածումը մեր հարթակներում»,- ասել է «Ֆեյսբուքի» Ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Սոֆի Այերսը:

«Ֆեյսբուքն» ունի ապատեղեկատվության դեմ պայքարի երեք փուլանի ռազմավարություն: Առաջին՝ տեղեկացնել մարդկանց՝ տալով նրանց ավելի շատ տեղեկատվություն այն հրապարակումների մասին, որոնք նրանք տեսնում են: Երկրորդ՝ նվազեցնել կեղծ լուրերի և ոչ հավաստի բովանդակության տեսանելիությունը, և երրորդ՝ ջնջել բովանդակությունը, որը դեմ է «Ֆեյսբուքի» և «Ինստագրամի» Համայնքի ստանդարտներին ու գովազդային քաղաքականությանը:

Այս ռազմավարությունը հատկապես կարևոր է առողջապահական ուղղվածության ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակում: Համավարակի առաջին օրերից սկսած՝ «Ֆեյսբուքը» ջնջել է ավելի քան 18 միլիոն միավոր բովանդակություն, որոնք դեմ են եղել COVID-19-ի առնչությամբ «Ֆեյսբուքի» որդեգրած կանոններին և պարունակել են պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն:

Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Փաստերի ստուգման միջազգային ցանցի մասին՝ այստեղ, իսկ կառույցի Սկզբունքների կանոնագրքի մասին՝ այստեղ: