Կազանում ոչնչացվել է ահաբեկիչների բջիջը

Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։

Ձերբակալվել են 5 իսլամիստ, որոնց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:

«Հավաքների ընթացքում գաղտնի մեթոդների կիրառմամբ  նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մահմեդականներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։

«Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ն արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական ազատագրման կուսակցություն»։

Նրա անդամներին պարբերաբար ձերբակալում են Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: