ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված և կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման և աքսորի մասին:

Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։

«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբևէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռևս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից», – հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: