Նիկոլ Փաշինյան. Լավագույն չարյաց փոքրագույնը

Մհեր Արշակյան

Արցախյան վերջին պատերազմն իրականում Հայաստանում կատարեց իշխանափոխություն: Իշխանության եկավ… Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը միայն հիմա է գալիս իշխանության, որովհետև նրա թիկունքին Ռուսաստանն է: Հայաստանին վերադարձվեց իշխանություն ձևավորելու վերջին 20 տարին, այսինքն՝ արանքից հանվեց ժողովուրդը: 

Հայաստանը վերագտավ իր անինքնուրույնությունը, բայց առանց Արցախի մեծ մասի: 

Ռուսաստանին հաջողվեց փոզմիշ անել լավագույն Հայաստանի տեսլականը: Նա դա ուզում էր անել հավանաբար ապրիլյան հեղափոխության հաղթանակից ի վեր: 

Բայց ինչպե՞ս դա անել մի մարդու դեմքով, որը հենց ժողովրդով էլ եկել է իշխանության: Խնդիրն էլ հենց այն է, որ դա պետք է արվեր նույն մարդու դեմքով: 

Չարժեր կամ պետք չէր անել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ (օրինակի համար) խիստ ռուսամետ Վաղարշակ Հարությունյանի դեմքով: 

Տեղի ունեցածն իշխանության չլսված, չտեսնված տրանսֆորմացիա է՝ առանց իշխանություն փոխելու: Դեմքը նույնն է, մինչդեռ իշխանության ձևավորման բոլոր սկզբունքները՝ զրոյացված:

Որովհետև Նիկոլ Փաշինյանը բառի ամենաուղիղ դրվածքով դարձել է Ռուսաստանի դրածոն: Ժողովուրդն այլևս չի ճանաչում բացարձակապես անփոփոխ մնացած Նիկոլ Փաշինյանին, որովհետև ի սկզբանե չի ճանաչել նրան: 

Մինչ Փաշինյանը ոչ մեկ  այս աստիճան դրածո չեն եղել: Մոտ 5 հազար զոհ, և դու ունես բոլորովին ուրիշ իշխանություն՝ նույն մարդու դեմքով: 

Համենայնդեպս, բոլորը կտեսնեն, թե ինչ է նշանակում հեղափոխությամբ իշխանության գալը, բոլորը կտեսնեն, թե ինչի է հանգեցնում Ռուսաստանի հետ չհամաձայնեցված «աննախադեպը», բոլորը կտեսնեն, թե ինչ է նշանակում միայն սեփական անձի վրա կենտրոնանալով՝ բոլորին քեզանից ցածր դասելը: Խելքը գին չունի, ուրեմն գին կունենա հիմարությունը: 

Երեկ հանրապետական Արմեն Աշոտյանն ասում էր, որ նախկինները չեն ուզում գալ իշխանության: Խելքի ծով: Եվ առանց կատակի: Ամենայն լրջությամբ: 

Նրանք իսկապես չեն ուզում գալ իշխանության: Թույլ տվող էլ չկա: Ու թույլ չտվողը ժողովուրդը չէ: Ռուսաստանն է: Որովհետև հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովուրդն ավելի անիշխան է, քան հեղափոխությանը նախորդող բոլոր 28 տարիների ընթացքում: 

Նիկոլ Փաշինյանը հիմա է վայելելու իշխանությունը ու հիմա է հասկանալու նախորդ երկու նախագահներին: Նրանք իսկապես իշխանություն էին, որովհետև իշխանությունը ժողովրդից չի լինում, եթե ուզում ես, որ այն լինի երաշխավորված, իշխանությունը պիտի լինի Ռուսաստանից, որպեսզի այն խլելը բացառվի: 

Ժողովրդի վերցրած իշխանության հետևանքները Ռուսաստանը ցույց տվեց: Նա փայփայեց այդ պատուհասը, որպեսզի բերի այս օրը: 

Ի՞նչ է նշանակում ժողովրդի իշխանություն: Դա նշանակում է, որ եթե դու պատերազմ ես պարտվել, քո օրերը հաշված են, եթե նույնիսկ հեռացումդ պահանջող չկա: Բայց եթե դու քո պարտությունը ծախում ես, երաշխավորում ես իշխանությունդ: 

Ժողովրդին այդ պարտությունը ծախել հնարավոր չէ, մոտ 5 հազար որդեկորույս մայր կա, նրանց հարազատներ կան, անհայտ կորածներ ու գերիներ կան, սեղմված սահմաններով գյուղեր կան: Հիմա ժողովուրդ չկա, կա Ռուսաստան: Ամերիկա էլ չկա: Մակունցի նշանակումը վկա: 

Հիշեք, դիցուք, Ռոբերտ Քոչարյանի վերադարձը բացառվում է, որովհետև այս պատերազմն ինքը չի պարտվել: Իշխանության գալու դեպքում նրա համար (զուտ տեսականորեն) ավելի հեշտ կլինի Պուտինի կամ Ռուսաստանի հետ խոսել ինչպես հավասարը հավասարի: Սերժ Սարգսյանն ընդհանրապես թեմա չէ իշխանություն վերադառնալու համար՝ նրա «ուսերին» ապրիլյան խայտառակություն կա: 

Եվ ահա այսպիսի իրավիճակում արտահերթ ընտրությունների գնալն այլևս հրամայական չէ, ո՛չ ընդդիմադիր 16 քաղաքական ուժերն են դա ուզում («միամիտները» վարչապետի հրաժարական են պահանջում), ո՛չ էլ՝ խորհրդարանական ընդդիմությունը: 

Եթե անգամ դեմոկրատիայի պատրանքի ներքո էլ ընտրություններ անցկացվեն, ձայները դասավորվելու են ըստ ռուսական սցենարի:

Հիմա Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը, քաղաքական մեկ-երկու ոչ բարձրաձայն ուժերի հանած, աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին՝ գործող ընդդիմադիրներից մինչև ընդհատակյա ընդդիմադիրներ: Բոլորը: 

Նրանք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի ժողովուրդը ապրի պատրանքով, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն չարյաց փոքրագույնն է: Որպեսզի Ռուսաստանը չկորցնի Հայաստանի պատմության մեջ ամենամարիոնետացված քաղաքական առաջնորդին: 

Ամեն ինչ ընկնում է տեղը, ու ՀՀ ոչ լեգիտիմ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը վայելում է ժողովրդի վստահությունը (մաքուր «հայկական» պարադոքս), մնում է վարչապետի աթոռին: 

Որովհետև ոչ ոք նրան մարիոնետ լինելու մանդատ չի տվել, ոչ մեկը նրան մանդատ չի տվել Արցախը  դարձնել արյան ծով: 

Բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես վարվի մի իրականությունում, որտեղ բոլոր խաղացողները (մեկ-երկու աննշանների հանած) մի խայտառակության մեջ են խաղում:

Մհեր Արշակյան

MediaLab.am