Գոյության տարածք. Ասյան և համեղ փնջերը

«Ես ձեզ վստահում եմ, սարքե՛ք ձեր ճաշակով»․ այս նախադասությունն էր, որ 27-ամյա Ասյա Բաբայանին կարծես նոր թևեր տվեց Արցախում կիսատ թողածը Հայաստանում շարունակելու համար։

Արդեն 5 տարի է՝ մթերքներն ու տնտեսական ապրանքները Ասյայի ձեռքերում յուրօրինակ փնջերի են վերածվում։ «Նորույթ Արցախում» մակագրում էր իր աշխատանքներն ու համացանցում տեղադրում։ Արձագանքները լավն էին, պատվերները՝ շատ, բայց Հայաստան տեղափոխվելուց հետո երկմտում էր․ շարունակե՞լ կիսատ թողածը, թե՞ ոչ։ 

«Մեկը կոնֆետներով ու լուծվող սուրճով փունջ պատվիրեց ու երբ ասաց, որ ինձ վստահում է, ես չեմ կարող նկարագրել ոգևորությունս։ Ինձ համար արդեն գումար վաստակելը կարևոր չէր, կարևոր էր, որ ինձ վստահում էին»,- պատմում է Ասյան։ 

Առաջին փնջից հետո եղավ երկրորդ, երրորդ պատվերը։ Հայաստանում իր արած աշխատանքը նորույթ չէր, ու պետք էր առանձնանալ կրեատիվ մտքերով, ինչն էլ ինքն անում էր։ 

Խեցգետիններով փնջերն են հիմա պահանջված՝ ասում է։ Առհասարակ, որևէ աշխատանք անելուց առաջ խորհրդակցում է պատվիրատուի հետ ու գտնում լավագույն առաջարկը։ 

«Մեկը զանգեց, ասեց՝ նվեր է ուզում անել։ Հարցնում եմ՝ ի՞նչ է սիրում։ Մի քանի րոպե զրուցեցինք, ասաց, որ դիետայի վրա է ու 6-ից հետո միայն գազար է ուտում։ Այդպես ստեղծվեց գազարով փունջը, օրիգինալ ու կրեատիվ»,- հիշում է Ասյան։

Ասյան ժեստերի լեզու է սովորել ու Արցախում լրացրել այդ մասնագետի թափուր տեղը։ Այցելում էր շրջաններ ու մարդկանց անվճար սովորեցնում ժեստերի լեզուն։ Սակայն, զուգահեռաբար պետք է մտածեր ազատ գրաֆիկով աշխատանք գտնելու եւ գումար վաստակելու մասին: 

Երկար փնտրելուց հետո մանդարինով հավաքած մի փունջ է տեսել ու հենց դրա վրա կանգ առել։ Արցախում նման բան չկար, ինքն առաջինն է, որ սկսեց համեղ փնջեր պատրաստել։ Համեղ կամ ճաշակով, ով ոնց ուզում է կարող է հասկանալ, ասում ՝ Букет со вкусом։ 

«Փնտրում էի մի բան, որ չկրկնվի Արցախում ու սկսեցի համեղ փնջեր պատրաստել։ Առաջին փունջը մանդարինով էր, երկրորդը՝ ցիտրուսներով, ու այդպես գնալով միտքս պայծառանում էր, ու ամեն ինչն ինձ համար դարձավ հումք՝ փնջերի համար»,- ասում է Ասյան։

Հումք գտնելու համար 20-ից ավելի խանութներում էր շրջում, իսկ երբ սկսվեց բլոկադան, հիշում է, որ ամեն ինչ ավելի բարդացավ։ Բարդացավ, բայց դա էլ նոր մտքեր ծնեց․ ստեղծվեցին փնջեր լույսի գրաֆիկներով ու լամպերով, ի դեպ՝ տան լամպերով, հացի կտրոններով, հացով, ձվերով, կարտոֆիլներով, ամանների հեղուկով ու ինչով ասես։ Ասում է՝  փնջերից և ոչ մեկը մյուսին չէր կրկնում։ 

«Մայրս 2 ժամ հերթ էր կանգնել, 10 հատ ձու գնել, ես էլ վերցրեցի ու մտա սենյակ, որ չտեսնեն։ Արդեն փունջ էի սարքում, մեկ էլ մաման սառնարանը բացեց ու հարցնում ա՝ ո՞ւր են ձվերը, Ասյա՛։ Արդեն հասկացան, որ ես էի տարել։ Բայց, դե, դա վաճառքի ենթակա չէր, հայրիկիս նախաճաշն էր»,- հիշում է Ասյան։

Վաճառքի ենթակա չէին նաև հացով փունջը, որի համար Ասյան 12 ժամ հերթ էր կանգնել, Արցախի փունջը, որ Արցախից բերված հողով, նռով ու հասկով էր պատրաստված։ Հացով փունջը համացանցում հրապարակելուց հետո Ասյային ամենաշատը արված մեկնաբանություններն էին ցավացրել, ասում է՝ երբեք չէր մտածի, որ 100 դրամանոց հացը մի օր այդքան մեծ արժեք կունենա, մարդիկ գրում էին՝ էս որտեղի՞ց, ինչքանո՞վ եք վաճառում, բայց դա էլ վաճառքի համար չէր։ 

«Բլոկադայի օրերին ավելի շատ նպատակ ունեի մարդկանց տրամադրությունը բարձրացնելու, քան գումար աշխատելու։ Բացի դրանից ուզում էի ցույց տալ, որ մենք դեռ պայքարում ենք, մարդիկ մտնում էին իմ էջ ու տեսնում էին, որ այս կամ այն ապրանքը դեռ կա ու փնջեր են դառնում»,- ասում է Ասյան ու հիշում, թե ինչպես էին բոլորը համախմբվում ու միմյանց օգնում։ 

Հիշում է այն դեպքը, երբ Արցախում հղի կնոջ համար մեկ նարինջ էին փնտրում։ Կնոջ ամուսինն իրեն էր գրել, քանի որ լսարանը մեծ է։ Ինքն էլ իր էջում մեկ նարինջ էր խնդրել, ու շատերն արձագանքել էին։ Ոտքով շրջել էր տնետուն, հավաքել մրգերն ու փունջ սարքել։

«Այս կնոջ ամուսինն եկավ, ասեցի՝ ձեր փունջը պատրաստ է, ապշեց։ Արցախում շատ էինք օգնում իրար։ Հայաստանում էլ է այդպես, չեմ կարող դժգոհել»,- նշում է նա։

Ասյային Հայաստանում նաև շատ օգնեցին, երբ «Հանուն հայկականի» ֆեյսբուքյան խմբում մի օր գրառում արեց, որ Էքսպո ցուցահանդեսի է մասնակցելու ու փնտրում է գործընկերների։ 

Արձագանքողները շատ էին, օգնեցին թե՛ մթերքներով, թե՛ դիզայնի պարագաներով, իսկ վաճառքի գումարը հետ չուզեցին՝ խորհուրդ տալով այն ներդնել իր փոքրիկ բիզնեսի զարգացման մեջ։ Մարդկանց նման վերաբերմունքն ու մոտեցումը Ասյայի համար մի նոր շունչ է եղել բիզնեսը շարունակելու համար։ 

«Այո՛, բիզնեսս շարունակում եմ, բայց առայժմ միայն ֆիզիկապես եմ տեղափոխվել, հոգով ու մտքով դեռ Արցախում եմ։ Շատ դժվար է, նոր մտքեր ու գաղափարներ ունեմ, բայց մի տեսակ ոտքս կախ եմ գցում, ինձ թվում է՝ դեռ հետ եմ գնալու, Արցախում անեմ ու նորից գրեմ՝ «Նորույթ Արցախում»»,- ասում է նա ու հայացքը փախցնում. Հուզվում է: 

Պատմում է, որ Արցախում նաև բլոգ ուներ, որտեղ ամեն անգամ հրապարակում էր խանութներում իր շրջելու տեսանյութերը։ «Պրիվետիկի» բառն էլ իր համար բրենդային ողջույնի ձև էր դարձել։ Շարունակում էր նկարել նաև բլոկադայի օրերին։ Հայաստան տեղափոխվելուց հետո երկար ժամանակ չէր նկարում, մի օր որոշեց փորձել, ասում է՝ մարդիկ էլ էին հասկացել, որ էն ոգևորությունը չկար աչքերումս, ինչ Արցախում էր։ 

«Հիմա ուղղակի չեմ անում։ Երևի ժամանակ է պետք, որ նորից կարողանամ վարել էջը։ Մտքերով ամեն օր Արցախում եմ, սրտիս ցավը դեռ չի մեղմվել, իրականության հետ դեռ չեմ համակերպվել ու հոգուս խորքում դեռ ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Արցախում գտնվելու վերջին օրերին էլ անընդհատ սպասում էի, որ հեսա մի բան կլինի, ու կասեն՝ լավ, մնացեք, մի՛ գնացեք։ Բայց չասեցին, ու ես վերջիններից մեկն էի, որ դուրս եկա Արցախիցս»,- ասում է Ասյան։ 

Ասյան Հայաստանի համար էլ ծրագրեր ու նպատակներ ունի։ Ուզում է տարածք գտնել, ծաղկի սրահ բացել, որտեղ նաև իր փնջերը կպատրաստի՝ արդեն նաև ծաղիկներով միախառնված։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am