Թրաֆիքինգ. կավատները դիմում են զանազան հնարքների` հանցագործության բացահայտման դեպքում ծանր պատժաչափից խուսափելու համար

Քանի դեռ թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանությունն ավելի հետեւողական քայլեր է ձեռնարկվում, կավատները փոխում են իրենց գործելաոճը` հայ կանանց վաճառելով սեռական ստրկության Թուրքիայում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում:
22-ամյա Աննային (անունը փոխված է) խաբեությամբ տարել էին Թուրքիա: Նրանց տան միակ աշխատող մարդը` հայրը, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, սակայն գումարը չէր բավականացնում. «Ամբողջ օրը փողի կռիվ էր տանը: Աշխատանք էի ման գալիս, բայց ոչ մի հարմար բան չէի գտնում»:
Մի օր նա ծանոթներից մեկի միջոցով հանդիպում է մի կնոջ, ով իբր Թուրքիայում էր ապրում եւ տանը աշխատողի կարիք ուներ: Ամսական 600 դոլար աշխատավարձի առաջարկն Աննային միանգամից գրավում է.

«Մտածեցի` էստեղ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էդքան փող ստանամ: Իր հաշվին տանում է, իրենց տանն եմ ապրելու, աշխատավարձի մի մասը տուն կուղարկեմ, մի մասը` կհավաքեմ»:

Թուրքիա հասնելուց հետո է միայն Աննայի համար պարզ դառնում` իրականում ինչով է զբաղվելու: Ու միայն ազգությամբ ռուս հաճախորդներից մեկի օգնությամբ գիշերային ակումբից փախնելով ու ոստիկանությանը հանձնվելով` նա կարողացել է վերադառնալ Հայաստան, քանի որ նրան արտաքսել են Թուրքիայից:

Դեպքից անցել է մեկ տարի, սակայն Աննան դեռ չի կարողացել հաղթահարել սթրեսը. ոչինչ չի ցանկանում հիշել եւ պատմել այն բռնություններից, ստորացումներից եւ ահաբեկումներից, որոնց սարսափի տակ սեռական ծառայություններ է մատուցել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականներով` ներկայում Հայաստանը երկրորդ կարգի պետությունների շարքում է, որտեղ իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ, բայց պայքարը լիարժեք չէ։

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն անցյալ տարի հայկական հեռուստաալիքներից մեկին տրված հարցազրույցում ողջունել էր Հայաստանի իշխանությունների ջանքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում` ընդգծելով թրաֆիքինգի դեմ պայքարը ավելի բարձր` քաղաքական օրակարգում ընդգրկելու անհրաժեշտության մասին: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի կառավարությունն էական քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ:

Բյոդեի խոսքերով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Հայաստանում թրաֆիքինգի զոհերի նույնականացման խնդրին. «Շատ հաճախ թվում է, որ այն երկրներում, որտեղ ավանդական արժեքները, ընտանեկան կապերը մեծ դեր ունեն, թրաֆիքինգ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ: Բայց միշտ չէ, որ այդպես է լինում, եւ թրաֆիքինգի երեւույթն ավելի դժվար է այդ երկրներում հայտնաբերել»:

Ոստիկանության թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Նազարեթ Մնացականյանն ընդգծում է եւս մեկ խնդիր. «Մենք ունենք խոշոր թրաֆիքյորներ (կավատներ), որոնք հետախուզման մեջ են: Բայց նրանք ամուսնացել են օտարազգի մարդու հետ, ազգանունը, քաղաքացիությունը փոխել են, եւ տվյալ պետությունը նրանց մեզ չի հանձնում: Ասում են` նա մեր քաղաքացին է, եթե տվյալներ ունեք, տվեք, մենք կզբաղվենք: Ու էդպես մենք գործերը ուղարկում ենք, բայց երբեմն արդյունքի չենք հասնում»։

Այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին տարիներին Հայաստանում ավելացել են թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների բացահայտումները. 2008թ. գրանցվել է 12 քրեական գործ եւ հայտնաբերվել 34 զոհ, 2009-ին` 15 քրեական գործ եւ 60 զոհ, արդեն 2010 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 6 քրեական գործ, հայտնաբերվել ընդամենը 6 զոհ։

Թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մի քանի նախադրյալներով: Օրինակ, ոստիկանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ 2009-ին հայտնաբերվել եւ կանխվել է սեռական շահագործման ենթարկելու նպատակով հավաքագրված խմբի փոխադրումը Միացյալ Արաբական Էմիրություններ:

«Սա առաջին դեպքն էր, երբ մենք հավաքագրողներին ձերբակալեցինք հենց հավաքագրման փուլում, այլ ոչ թե շահագործման ենթարկելուց հետո», – նշում է Ոստիկանության թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի գլխավոր վարչության թրաֆիքինգի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը:

2006-ից կատարված օրենսդրական փոփոխություններով խստացվել է կավատների համար սահմանված պատժաչափը, իսկ զոհերը ազատվել են պատասխանատվությունից: Մարդկանց շահագործման դեպքերը նվազել են նաեւ շահագործողների եւ հավաքագրողների աշխատանքի բնույթի փոփոխության շնորհիվ, եթե նախկինում խաբեության էին դիմում ու չէին ասում, որ զոհը մարմնավաճառությամբ պիտի զբաղվի, հիմա ասում են:

«Այսինքն` անձը տեղյակ է, որ ինքը մարմնավաճառությամբ է զբաղվելու, հարկադրանքի եղանակներ չեն կիրառվում իր նկատմամբ ո՛չ հավաքագրման, ո՛չ շահագործման փուլում, այսինքն` համարյա թե կամավոր են տանում», – բացատրում է ոստիկանության թրաֆիքինգի բաժնի պետը:

Մինչդեռ թրաֆիքինգից տուժածների աջակցությամբ զբաղվող «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ենոք Շատվորյանն այս գործելաոճը բնորոշում է որպես «խորամանկություն». «Ամեն ինչ անում են, որ դա թրաֆիքինգ չբնորոշվի, այլ` մարմնավաճառության կազմակերպում, որ բացահայտվելու դեպքում ծանր հոդվածի տակ չընկնեն»:

Թրաֆիքինգից տուժածներն այժմ օժանդակություն են ստանում ոչ միայն ՀԿ-ների կողմից դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, այլեւ՝ պետության (անվճար բուժսպասարկում, մասնագիտական ուսուցման դասընթացներ, զբաղվածության խնդրի լուծում եւ այլն):

Տիգրան Պետրոսյանը խիստ կարեւորում է ապաստարանների աշխատանքը, նրա բնորոշմամբ` դրանք օգնում են ռեաբիլիտացնել զոհերին, սկզբնական շոկային վիճակից դուրս բերել եւ կապ հաստատել ընտանիքների հետ, որոնք հաճախ մերժում են սեռական գերությունից վերադարձածներին: Նմանատիպ իրադրության մեջ էր հայտնվել Աննան, ում համար առավել ստորացուցիչ է եղել Թուրքիայից Հայաստան արտաքսվելուց հետո իրեն ցուցաբերված վերաբերմունքը:

«Բոլորը հետեւիցս խոսում էին, ինչ կեղտոտ բառեր ասես, որ հետեւիցս չէին ասում: Էդ ամեն ինչն ազդում էր ընտանիքիս, ծնողներիս վրա: Սկզբում ուզում էին ցույց չտալ, բայց ես հասկացա, որ իրենք ի՛նձ են ամեն ինչի մեջ մեղադրում ու չեն ների երբեք: Դրա համար թողեցի, հեռացա»:

Աննան մոտ մեկ տարի առաջ տեղափոխվել է Երեւան, աշխատում է որպես մատուցողուհի եւ ապրում վարձակալած փոքր սենյակում։

Մերի Ալեքսանյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)