ԱԺ-ում կստեղծվի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովում կստեղծվի Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով:

2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը հունվարի 21-ին խորհրդարանում ներկայացրեց ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«2019թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն: Այդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես, անդամների թիվը սահմանվել է 11, իսկ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սամսոնյանը: