11 քաղաքում և 37 գյուղում 100 000 բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։

Շահառու են ՀՀ 6 մարզեր (#Սյունիք, #Վայոց_Ձոր, #Գեղարքունիք, #Շիրակ, #Լոռի, #Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում #խմելու_ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։ Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000 -ը։ Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում #Գյումրի, #Հայկավան, #Բայանդուր , #Վանաձոր, #Լեռնապատ և #Գուգարք բնակավայրերում։ Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական Ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։ Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։