«Որոշ մարդիկ հարստացել են, ըստ էության, բաժանորդների վճարած գնի հաշվին». Դանիել Իոաննիսյանը՝ «Վեոլիա ջրի» կոռուպցիոն գործարքների մասին

«Որոշ մարդիկ հարստացել են, ըստ էության, բաժանորդների վճարած գնի հաշվին». Դանիել Իոաննիսյանը՝ «Վեոլիա ջրի» կոռուպցիոն գործարքների մասին
«Որոշ մարդիկ հարստացել են, ըստ էության, բաժանորդների վճարած գնի հաշվին». Դանիել Իոաննիսյանը՝ «Վեոլիա ջրի» կոռուպցիոն գործարքների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

– Պարո’ն Իոաննիսյան, ոստիկանության հաղորդամբ՝ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարները ջրի սակագինը բարձրացնելու դիմաց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ևս 7 պաշտոնյայի համար որպես կաշառք գնել են Երևան-Փարիզ-Երևան չվերթի ավիատոմսեր։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, արդյոք այս օրերին ականատե՞ս ենք լինում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի։

– Ես այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացահայտումը վերաբերում է ոչ միայն կաշառքի դեպքին, այլև նրան, որ «Վեոլիա ջուր» ընկերության ներսում են եղել կոռուպցիոն սխեմաներ, որոնց հետևանքով որոշ մարդիկ հարստացել են, բայց դա եղել է, ըստ էության, բաժանորդների վճարած սակագնի հաշվին։ Սրանք երևույթներ են, որոնք, ես վստահ եմ, կան նաև նմանատիպ այլ կառույցներում, այլ բնական մենաշնորհներում։ Խնդիրն այն է, որ պետք է նման արատավոր երևույթներից ձերբազատվել։

– Իսկ որքանո՞վ է արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարը։

– Ըստ էության, արդյունավետությունը հարաբերական բան է։ Կարող եմ փաստել, որ հիմա այդ պայքարն առավել արդյունավետ է, քան եղել է երբևէ։

– Կոռուպցիայի դեմ պայքարում էր նաև նախկին իշխանությունը, որի համար մեծ գումարներ էր ստանում Եվրոպայից։ Հիմա ի՞նչ սպասելիքներ կան։

– Նախկին իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա էր անում, իրական պայքար չկար։ Այն, ինչ կար, շատ մանր կոռուպցիայի, մանր կաշառակերության դեմ պայքար էր, որը, ըստ էության, համարյա առ ոչինչ էր։ Ինչ վերաբերում է ներկայումս մղվող պայքարին, ես իրավապահ մարմինների ներկայացուցիչ չեմ, որ կարողանամ ասել, թե առաջիկայում ինչ բացահայտումներ կլինեն, բայց, հաշվի առնելով կոռուպցիայի այն մակարդակը, որ կար Հայաստանում և այն, որ իրավապահները բավական արդյունավետ պայքարում են կոռուպցիայի դեմ և քաղաքական կամքի խնդիր չունեն, ես կարծում եմ՝ բացահայտումներ, այո, դեռ լինելու են։

– Նախկինում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ էին ստեղծվում։ Կարծում եք՝ այդպիսի հանձնաժողովներով կարելի՞ է առաջ գնալ։

– Առավելագույնը, ինչ կարելի է այդպիսի հանձնաժողովներով անել, մշակել ինչ-որ գործողություններ, գտնել կոռուպցիոն ռիսկեր։ Ոչ թե անմիջականորեն պայքար մղել կոռուպցիայի դեմ, այլ գտնել ու գնահատել կոռուպցիոն ռիսկերը։ Քաղաքական կամքի առկայության դեպքում դա հնարավոր է։

– Հատկապես Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո շատ է խոսվում, որ արդարադատության համակարգում կոռուպցիայի դեմ չի հաջողում արդյունավետ պայքար մղել:

– Դա զարմանալի չէ, որովհետև բոլոր երկրներում, որոնք ունեցել են դեպի ավելի իրավական, ավելի ժողովրդավարական անցում, դատական համակարգը եղել է այն ոլորտը, որտեղ փոփոխություններն ամենաուշն են տեղ հասել կամ միգուցե անգամ չեն էլ հասել։ Ամենադժվար փոփոխվողը հենց դատական համակարգն է։ Ըստ էության, այս առումով, դա զարմանալի չէ, բայց քանի որ Հայաստանում շատ բարեփոխումների համար նախապայմաններն արմատապես ավելի լավն են, քան կային նույն Վրաստանում կամ Ուկրաինայում, դա հույս է ներշնչում, որ այդուհանդերձ, հնարավոր կլինի դատական համակարգը դարձնել նորմալ, ժողովրդավարական քաղաքակիրթ երկրին հարիր դատական համակարգ՝ կոռուպցիայի ցածր ցուցանիշներով։

– Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններում որքանո՞վ է հնարավոր լինելու կանխել ընտրակաշառքը։ Քրեական օրենսգրքում փոփոխությունները որքանո՞վ արդյունավետ կդարձնեն պայքարը կոռուպցիայի դեմ ընտրությունների նախաշեմին։

– Եթե կառավարության առաջարկած փոփոխություններն ուժի մեջ մտնեն ընտրություններից գոնե 7-10 օր առաջ, ապա ոստիկանությունը հնարավորություն կստանա արդյունավետ պայքարելու ընտրակաշառքի դեմ՝ օպերատիվ-հետախուզական գործողություններով, այլ գործողություններով, նախականխիչ գործողություններով։ Ոստիկանությունը տարբեր լծակներ կստանա արդյունավետ պայքար մղելու ընտրական կոռուպցիայի դեմ։

– Տեսակետ կա, թե քանի որ իրավիճակ է փոխվել, ամենավատ Ընտրական օրենսգրքով էլ կարելի էր անցկացնել ամենալավ ընտրությունը։ Դուք համակարծի՞ք եք այդ մոտեցմանը։

– Դուք ասում եք՝ իրավիճակ է փոխվել, իսկ մենք տեսնում ենք, որ Երևանի որոշ վարչական շրջաններում որոշ թեկնածուներ կամ անձինք, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, ասֆալտ են փռում։ Սա խնդիր է, և մենք պետք է այնպես անենք, որ դա ազդեցություն չունենա ընտրությունների վրա։

– Այդ փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Հաշվի առնելով ՀՀԿ-ական պատգամավորների, ԱԺ նախագահի վերջին հայտարարությունները, կարծում եք՝ խորհրդարանը ժողովրդական ճնշման ներքո՞ է ընդունելու այդ փոփոխությունները, թե՞ ինչ-որ պահի կարող է անգամ դա մերժել։

– Ես կդժվարանամ կանխատեսել խորհրդարանի դիրքորոշումը։ Ես քաղաքագետ չեմ, չգիտեմ, բայց նաև վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ունենան հանրության սատարումը, ապա խորհրդարանը կկատարի այդ փոփոխությունները։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, անգամ հեղափոխությունից առաջ, որ եթե հանրությունը միահամուռ կերպով որևէ հարցի շուրջ արտահայտի իր դիրքորոշումը, ապա որևէ մեկը դրան չի ընդդիմանա։ Հանրությունը միարժեքորեն պահանջեց, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Եթե հանրությունը միարժեքորեն պահանջի այս կամ այն բարեփոխումը, ապա այդ բարեփոխումը տեղի է ունենալու, և չկա որևէ ուժ, որ կարողանա կանխել դրա ընթացքը։

Մանե Հարությունյան

MediaLab.am