«ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը եթե ուզենային, կարող էին ինչ-որ ճիգեր թափել, որ հայ գերիները վերադարձվեն». Հարութ Սասունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը
 

Պարո՛ն Սասունյան, Ջո Բայդենը ՀՀ վարչապետին ուղղված շնորհավորանքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ: Նա խոսել է նաև ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդիրը կարգավորելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ նախագահի շնորհավորանքը:

Անշուշտ, շատ գնահատելի է, որ Ջո Բայդենը այսքան ջերմ խոսքեր է ասում Հայաստանի մասին: Անկախ նրանից, թե մենք ոնց կարժևորենք այդ խոսքերը, բայց հստակ է, որ ավելի լավ է այսպիսի խոսքեր ստանանք, քան հակառակը: Այդ տեսանկյունից գնահատելի են այս խոսքերը, որոնք մենք լսում ենք ԱՄՆ-ի պես գերհզոր երկրի նախագահից: Սա կարող է միայն մեզ ուրախացնել: Միաժամանակ պետք է նշել, որ այդ գեղեցիկ խոսքերը մեզ ոչինչ չեն տալիս, միայն բարոյական նեցուկ են, ոչ թե գործնական:
 
Եկեք թվարկենք Բայդենի հայտարարության կարևոր հատվածները. նախ՝ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն խոսում է գերիների ազատ արձակմանն օժանդակելու մասին:

Պետքարտուղար Բլինքենը ևս ասել է, որ ԱՄՆ-ն օգնելու է գերիների վերադարձին: Բայդենն ու Բլինքենն արդեն 8 ամիս իշխանության են և ոչ մի կոնկրետ քայլ չենք տեսել գերիների վերաբերյալ: Եթե իսկապես Ամերիկան լուրջ լիներ, որպես գերհզոր պետություն նա շատ հզոր ճնշման լծակներ ունի աշխարհում, այդ թվում՝ Ադրբեջանում և Թուրքիայում:

Նրանք կարող էին ինչ-որ ճիգեր թափել, որ գերիները վերադարձվեն: Ոչ միայն որևէ քայլ չեն արել, ես չգիտեմ, թե քանի ամիս, եթե ոչ՝ քանի տարի պետք է սպասենք, որպեսզի գերիներն ազատ արձակվեն:
 
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Բայդենի խոսքին, դա էլ անշուշտ դրական է և բարոյական աջակցություն է, բայց դա էլ գործնական առումով ոչինչ չի տալիս մեզ, որովհետև Մինսկի խումը հիմա այլևս թղթի վրա եղած մի խմբակ է, որը ոչ մի դրական աշխատանք չի կարող անել հենց այն պատճառով, որ Ալիևն ասում է՝ ինքն արդեն լուծել է Արցախի հարցը և Մինսկի խմբի կամ որևէ միջնորդության կարիքը չունի: Ալիևն ասում է՝ ես պատերազմով լուծել եմ էդ հարցը, Արցախի հարց գոյություն չունի: Եթե երկու կողմերից մի կողմը չի ընդունում միջնորդի դերակատարությունը, այդ միջնորդությունը ոչ մի արժեք չունի այլևս:
 
Ինչ վերաբերում է Բայդենի մյուս խոսքերին՝ ժողովրդավարություն, կոռուպցիա և այլն, դրանք էլ շատ գեղեցիկ խոսքեր են, ուրախ ենք, որ ԱՄՆ-ի նախագահը այդպիսի լավ բաներ է ասում մեր մասին, բայց գործնականում ի՞նչ պետք է անի Ամերիկան, որ Հայաստանը լինի ավելի ժողովրդավար երկիր, կոռուպցիան պակասի: Անշուշտ ԱՄՆ-ն ունի մեծ նյութական ռեսուրսներ, որ կարող է Հայաստանի բյուջեին օգտակար լինել, բայց այդ մասին էլ խոսք չկա:
 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանում է Միացյալ Նահանգներ: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս այցից:
 

Դա կապ չունի Ամերիկայի հետ, նա եկել է մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին: Ես ուրախ եմ, որ ՀՀ ԱԳ նախարարը եկել է ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցելու, որովհետև ՀՀ պետական այրերը պետք է ներկա լինեն ամեն տեղ, որտեղ կան զանազան երկրների ղեկավարներ, ԱԳ նախարարներ: Հայաստանը չպետք է բացակայի այդ տեսակի համաժողովներից կամ միջոցառումներից:
 
Ես ափսոսում եմ, որ վարչապետն ինքը որոշել է չգալ: Ավելի լավ կլիներ, որ հենց Նիկոլ Փաշինյանը ներկա լիներ որպես կառավարության ղեկավար: Օրինակ՝ Թուրքիայի նախագահը եկել է և արդեն սկսել է զանազան երկրների ղեկավարների հետ հանդիպումներ ունենալ: Նաև թուրքական հսկա շենքի բացումը կատարեց, որին ներկա էր և ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Թուրքերն այսպիսի առիթները բաց չեն թողնում:
 
Մենք ավելի պետք ունենք այդպիսի առիթներն օգտագործելու, քան Թուրքիան, որովհետև շատ տկար վիճակում ենք և պետք է ամեն առիթ օգտագործենք, որպեսզի մեր հարցերը ներկայացնենք, հանդիպենք տարբեր երկրների հետ, դրական մթնոլորտ ստեղծենք նրանց հետ: Այդ առումով նախընտրելի կլիներ, որ ՀՀ վարչապետը ներկա լիներ, բայց ԱԳ նախարարը ևս կարևոր պաշտոնյա է, ուրախ եմ, որ եկել է:
 
Անշուշտ, Արարատ Միրզոյանն առիթներ կունենա հանդիպելու այլ երկրների ԱԳ նախարարների հետ: Նա չի կարող հանդիպել այլ երկրների նախագահների կամ վարչապետների հետ: Մեր պահանջները, իրավունքները, որ ունենք, և զրկվել ենք՝ կապված գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից զանազան սահմանային խախտումների հետ, վստահ եմ, որ ԱԳ նախարարն այդ բոլորը ներկայացնելու է իր հանդիպումների շրջանակում:
 

Վերջին շրջանում ԱՄՆ նախագահի ջանքերը, դեսպանի հայտարարությունները, որն անընդհատ խոսում է Մինսկի խմբի կարևորության մասին, ի՞նչ արդյունք կարող են տալ, ընդհանրապես:
 

Դեսպանի հայտարարությունը, որ Արցախի հարցը պետք է վերջնական լուծում գտնի, չի ասում, որ Արցախը պետք է անկախանա կամ Հայաստանին միանա: Նա դիվանագիտական նուրբ լեզվով է խոսում՝ ասելով, որ Արցախի հարցը պետք է վերջնական լուծում գտնի: Նույնիսկ այդ տեսակի խոսքերը դրական են Հայաստանի համար: Նաև մենք պետք է գնահատենք, որ երբ դեսպանը այդ խոսքերն ասում է, ազերիները սաստիկ նեղանում են, հակադարձում են, պատասխանում են: Ադրբեջանցիներին նեղություն պատճառելն ինքնին արդեն որոշ օգուտ ունի, բայց, նորից՝ դեսպանի խոսքերն էլ նման են նախագահ Բայդենի ու պետքարտուղար Բլինքենի խոսքերին: Գեղեցիկ, դրական, գնահատելի խոսքեր են, բայց գործնական ոչ մի օգուտ չունեն Հայաստանի համար:
 

Այսինքն՝ չպե՞տք է շատ ոգևորվել այդ հայտարարություններից ու խոսքերից:

Ընդհանրապես, ես անընդհատ նկատում եմ, որ մեր ժողովուրդը ծայրահեղությունների ժողովուրդ է՝ կամ չափազանց ոգևորվում է, կամ չափազանց նեղանում: Միջին վիճակ չի ունենում, որ ասեն՝ այսինչ բանը գնահատելի է, լավ է, բայց չպետք է մտածել, որ Ամերիկան վաղն առավոտյան իր բանակը կուղարկի և Արցախը կազատագրի ազերիների ձեռքից: Պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, պետք է շատ սառը մոտեցում ունենալ և տեսնել իրականությունը: Չի կարելի երկիրը ղեկավարել, երկրի շահերը պաշտպանել զգացմունքներով: Դրա համար դու կարիք ունես խելացի քայլերի, տնտեսական ու ռազմական ուժի: Դու պետք է լինես ազդեցիկ պետություն, կարողանաս քո սահմանները պաշտպանել, թշնամիներին անընդհատ զիջումներ չանել: Թշնամին պետք է իմանա, որ իր դիմաց ունի մի կայուն և հաստատակամ, ուժեղ պետություն, որ կարող է ինքն իրեն պաշտպանել: Սրանք են, որ արդյունավետ են մեր երկրի համար և արդյունք են տալիս:

Մանե Հարությունյան

MediaLab.am