Արայիկ Հարությունյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են հումանիտար ուղղություններով հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:

Զրուցակիցները կարևորել են վերը նշված միջոցառումների անցկացումն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։