Եվրոպական միության «Արևելյան գործընկերության» շրջանակում նոր 5-ամյա ծրագրով Հայաստանը 1․6 միլիարդ եվրոյից բացի կստանա ևս 1 միլիարդ եվրո, այսինքն՝ Հայաստանում Եվրամիության ներդրումային փաթեթն ընդհանուր կդառնա 2․6 միլիարդ եվրո։
Factor TV-ն այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանից:
«Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատարն այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո»,- նշում է Ադամյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է մնալ կարևոր գործընկեր Հայաստանի համար թե՛ բարեփոխումների իրագործման, թե՛ բարեփոխումների օրակարգի այլ բնագավառներում:
«Բարձր եմ գնահատում կառավարության ստանձնած հանձնառությունը՝ շարունակելու այս բարեփոխումները: Սրանք կարևոր բարեփոխումներ են, որ Եվրոպան դա տեսնի, և Հայաստանի ժողովուրդը դա տեսնի: Ես ողջունում եմ Հայաստանում ազատ, արդար ընտրությունները: Հուսով եմ, որ շուտով Հայաստանում կլինեն ուժեղ կառավարություն, ուժեղ խորհրդարան, խորհրդարանական մեծամասնություն, որովհետև մենք շատ անելիք ունենք»,- ասել է Եվրամիության պաշտոնյան։
Աղբյուր՝ Factor.am