Մոսկվան աշխատանքներ է տանում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ․ Գերասիմով

Ռուսաստանը նպատակաուղղված աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ուղիներով նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ», – ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների հետ ՌԴ ՊՆ 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Վալերի Գերասիմովը նաև նշել է, որ Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, սակայն կայունացման միտում ունի։

«Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման միտում ունի։ Այս տարվա սեպտեմբերին ռուսաստանցի խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ 24 ժամվա ընթացքում հասնել հրադադարի», – ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման ընթացքում ավելի քան 10 հազար քաղաքացիական անձինք, Գերասիմովի խոսքով, տեղավորվել են խաղաղապահների մոտ, այնուհետև ԼՂ բնակիչներն ապահով կերպով տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղավորումն իրենց (խմբ․՝ ՌԴ խաղաղապահների) տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Ղարաբաղի գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք։ Խաղաղապահների օդային տրանսպորտով գրեթե 300 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության և տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր», – ասել է Գերասիմովը։