«Թանկացումներից հետո շատ լավ կլինի, երևի արտագաղթը կմեծանա, այդ ծրագիրը բավական հաջող իրականացնում են մերոնք». Նիկոլայ Ծատուրյան

«Թանկացումներից հետո շատ լավ կլինի, երևի արտագաղթը կմեծանա, այդ ծրագիրը բավական հաջող իրականացնում են մերոնք». Նիկոլայ Ծատուրյան
«Թանկացումներից հետո շատ լավ կլինի, երևի արտագաղթը կմեծանա, այդ ծրագիրը բավական հաջող իրականացնում են մերոնք». Նիկոլայ Ծատուրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

– Պարո՛ն Ծատուրյան, հունվարի 1-ից թանկացումների նոր ալիք է սկսվել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ թանկացումները, արդյոք դա չի՞ բարձրացնի արտագաղթի հերթական ալիք։

– Շատ բարձր եմ գնահատում, ես շատ ուրախ եմ… Իրականում այս 25 տարիներին մի լավ բան չլսեցինք։ Ես հիշում եմ` Խորհրդային Միության ժամանակ իմ ծնողները սպասում էին կոմունիստական կուսակցության համագումարին, որովհետև երբ 4 տարին մեկ լինում էր այդ համագումարը, անպայման լավ բաներ էին տեղի ունենում՝ էժանացում և այլն, իսկ հիմա ամեն ինչը թարս է։ Հայաստանն առանց հայերի ծրագիրն են իրականացնում։

– Հասարակությունն այս անգամ կարո՞ղ է մոբիլիզացվել։ Ի վերջո, ո՞ւր է մտավորականի խոսքն այսօր, ինչո՞ւ լսելի չէ։

– Մտավորականն ի՞նչ գործ ունի նման բաների հետ։ Ես մտավորական եմ, ոչ թե պետք է գնամ մասսայի մեջ կանգնեմ, բողոքեմ, ես իմ գործով եմ դա ապացուցում։ Օրինակ` ես ներկայացում եմ անում, որում ձեռ եմ առնում աթոռապաշտությունը։ Այսինքն՝ ես իմ արվեստով եմ ասելիքս ասում։ Մշակույթի մարդկանցից մեկը բանաստեղծություն է գրում, Ռուբեն Հախվերդյանը երգեր է գրում, ես ներկայացումներ եմ անում, մյուսը ֆիլմեր է անում։ Այսինքն՝ մենք այդպես պետք է մեր ասելիքն ասենք, ոչ թե դուրս գանք, մասսայի հետ կանգնենք, դրանք դատարկ բաներ են։ Ինչ վերաբերում է դրսի պայքարին, թող դա ընդդիմադիր ուժերը ղեկավարեն։

– Հիմա «Ելքը» թանկացումների դեմ ուղղված երթ է անցկացնելու Երևանում։ Դա, Ձեր կարծիքով, ազդեցություն կունենա՞։ Ընդհանրապես ընդդիմության նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է։

– Ինչպիսին կառավարությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է իր մակարդակով, ամեն ինչով։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանում համակարգային փոփոխություններ չեն լինում։

– Ես արդեն բան չեմ հասկանում, ի՞նչ փոփոխություն, ո՞վ պետք է անի այդ փոփոխությունը։ Ժողովուրդն իր բողոքն ուրիշ ձևով է հայտնում, վեր է կենում, գնում երկրից։ Ես ինքս որևէ տեղ չեմ գնա, որովհետև առանց հայրենիքի չեմ կարողանում ապրել։ Հայրենիքը հաճախ նույնացնում են կառավարության հետ, բայց նրանք իրար հետ ոչ մի կապ չունեն։

– Իսկ այս թանկացումները կարո՞ղ են հանգեցնել սոցիալական բունտի։ Վարչապետը Գյումրիում խոստանում էր, թե՝ չնեղվեք, ամեն ինչ լավ է լինելու, բայց Նոր տարին սկսվեց թանկացումներով։

– Դե, լավ կլինի, էլի, թանկացումներից հետո շատ լավ կլինի։ Երևի արտագաղթը կմեծանա։ Ամեն ինչ արվում է, որ Հայաստանը մնա առանց հայերի։ Այդ ծրագիրը բավական հաջող իրականացնում են մերոնք։

– Ապրիլին լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու. Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։ Այս ամենը փոփոխությունների հույս ներշնչո՞ւմ է։

– Ի՞նչն է, օրինակ, փոխվելու… ոչ մի բան էլ չի փոխվելու։ Միակ բանը, որ կարող է փոփոխվի, եթե իսկապես կոռուպցիան վերանա, իսկ դա հնարավոր բան չի։ Կոռուպցիան պետք է վերանա, որ ամեն ինչ դրվի ի նպաստ Հայաստանի զարգացման, մարդկանց բարեկեցության, մնացածը սուտ բաներ են։

– Հայաստան-ԵՄ համաձայնագրի, որ ստորագրվեց նոյեմբերին, հիմնական թիրախում հենց կոռուպցիայի դեմ պայքարն է։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ կոռուպցիան քաղցկեղ է։ Հիմա կարողանալո՞ւ են այդ քաղցկեղը վերացնել, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրն այդ հնարավորությունը կտա՞։

– Երբ հարցը լսում եմ, արդեն հասկանում եմ, որ դա հնարավոր բան չի։ Մի տեղ կարդացի, որ Սինգապուրի նախագահն էր եկել, ասում էր՝ ամբողջ սփյուռքը պետք է ակտիվացնել, մենք սփյուռքն ակտիվացնում ենք, տեսնում ենք, որ եկած օգնությունը գրպանում են։ Հետո մի հոլովակ կա, որտեղ ներկայացվում է, թե ինչպես Սինգապուրը 40 տարում ծաղկեց ու դարձավ աշխարհի զարգացած երկրներից մեկը։ Որովհետև վերացրեց կոռուպցիան։ Հիմա, ասում են` Հայաստանում դա հնարավոր չի, բա ինչպե՞ս հնարավոր եղավ Վրաստանում։ Հետո, ճիշտ է, Սաակաշվիլիին հանեցին, բայց ինքը դա արեց։ Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է հանկարծ մի այնպիսի հայ գտնվի, որ փողն այդքան չսիրի, գա կանգնի պետության գլուխ ու ինչ-որ բան անի։

Մանե Հարությունյան

MediaLab.am