Կրակելով ռուսական ռազմական ինքնաթիռի վրա՝ Էրդողանը իրեն կրակը գցեց. Հարութ Սասունյան

Տարբեր երկրների ղեկավարները տարիներ շարունակ շողոքորթում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փորձելով նրան իրենց կողմը գրավել: Նրանք այնքան փառաբանեցին Թուրքիայի նախագահին, որ շռայլ գովեստները խելքահան արեցին նրան: Իբրև նեոօսմանյան կայսրության ինքնակոչ Մեծ սուլթան, Էրդողանն սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին և բանտարկել իր երկրի քաղաքացիներին, որոնք համարձակվում էին հայտարարել, որ սուլթանը մերկ է…

Առաջին ղեկավարը, որ խաբվեց Էրդողանի կողմից՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էր, որի անխոհեմ մեղրամիսը Թուրքիայի հետ վերածվեց անվերջ մղձավանջի՝ կործանելով նրա երկիրը: Հաջորդ պետության ղեկավարը, որը Թուրքիայի բռնակալի հետ նույն ճանապարհով չգնաց՝ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին էր: Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն դեռևս լիարժեք չի յուրացրել իր դասը՝ Թուրքիայի հետ վարելով շփոթության մեջ գցող սիրո և ատելության հարաբերություններ: Էրդողանին գրեթե հաջողվեց մոլորեցնել նաև Հայաստանի ղեկավարներին Հայ-թուրքական խաբուսիկ արձանագրություններով: Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի շահերը պաշտպանեց ոչ այլ ոք, քան Էրդողանի կրտսեր գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն իր համառ շահադիտական առարկություններով տապալեց գործարքը:

Վլադիմիր Պուտինը ամենավերջին ղեկավարն էր, որ բացահայտեց Էրդողանի դիվային բնույթը՝ ռազմական ինքնաթիռն ու երկու ռուս օդաչուներին կորցնելուց հետո, որոնք հարձակման ենթարկվեցին թուրքերի կողմից Թուրքիայի օդային տարածքը 17 վայրկյանով հատելու պատրվակով… 

Այս ողբերգական միջադեպից անմիջապես հետո, Ռուսաստանի կառավարությունը մի շարք հակադարձ միջոցներ ձեռնարկեց, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա.

– Արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը: Առևտրի ծավալը երկրների միջև վիթխարի է. այն կազմում է տարեկան 33 մլրդ դոլար, ուստի Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է:

– Արգելվեց թուրք գործարարների մուտքը Ռուսաստան: Անցյալ շաբաթ նրանցից վաթսունին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալեցին և հետ ուղարկեցին Թուրքիա:

– Դադարեցվեց  առանց վիզայի Թուրքիայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան 2016 թ. հունվարի 1-ից:

– Արգելվեց նոր թուրք աշխատողների վարձումը (ներկայումս 200 հազ թուրքեր իրենց ընտանիքներով ապրում են Ռուսաստանում) և չեղյալ համարվեցին բազմամիլիարդանոց շինարարական պայմանագրերը թուրքական ընկերությունների հետ:

– Հրահանգվեց ռուսական ճամփորդական գործակալություններին զբոսաշրջիկներ չուղարկել Թուրքիա՝ այդ երկրին զրկելով միլիարդավոր դոլարների եկամուտից: Քանի որ միայն անցյալ տարի 4.5 մլն ռուս է այցելել Թուրքիա, ուստի Ռուսաստանը երկրորդ խոշորագույն աղբյուրն է օտարերկրյա զբոսաշրջիկների թվով:

– Մտցվեցին ավելի բարձր մաքսատուրքեր Թուրքիայից ներմուծվող և այնտեղ արտահանվող ապրանքների վրա:

– Քննարկման փուլում է երեք խոշոր ծրագրերի չեղյալ համարելը. 1) Բնական գազի վաճառքը Թուրքիային. Ռուսաստանը բավարարում է այդ երկրի կարիքների կեսից ավելին. 2) Թուրքիայի ավելի քան 22 մլրդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի կառուցումը. 3) Ռուսաստանից դեպի Թուրքիա ձգվող միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի կառուցումը:

Նախագահ Պուտինի կողմից նաև մի շարք ռազմական քայրեր ձեռնարկվեցին ռուսական ինքնաթիռի պատահարի առնչությամբ.

– Ընդյալնվեց ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում՝ ցամաքում, օդում և Միջերկրականի ծովափում:

– Ռմբակոծվեցին թուրքամետ ահաբեկչական խմբերը այն տարածքում, որտեղ խոցվել էր ռուսական կործանիչը և սպանվել էին երկու ռուս օդաչուները:

– Ոչնչացվեցին հարյուրավոր թուրքական բեռնատարներ, որոնց մի մասը զենք էին տեղափոխում ապստամբներին Սիրիայում, իսկ մյուսները մաքսանենգ ճանապարհով  ԻՊ-ից նավթ էին բերում դեպի Թուրքիա:

Ռուսաստանը մոտ ապագայում կարող է հավելյալ ռազմական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ.

– Զինել քուրդ զինյալներին Իրաքում, Սիրիայում և Թուրքիայի ներսում:

– Խոցել Սիրիայի կամ Հայաստանի օդային տարածքները հատած թուրքական ինքնաթիռները և ուղղաթիռները՝ հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած նման խախտումները:

Դիվանագիտական ճակատում.

– Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր նախապես ծրագրված այցը Թուրքիա:

– Պուտինը հրաժարվեց Էրդողանի հետ հեռախոսազրույցից և մերժեց նրա հետ հանդիպման խնդրանքը Փարիզում իրենց այցելության ընթացքում:

– Ռուսաստանի նախագահը չեղյալ հայտարարեց իր ծրագրած հանդիպումը Էրդողանի հետ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 15-ի կայանալիք Գագաթաժողովում:

-Ռուսաստանի Դումայում քննարկման է ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրինագիծ, որով նախատեսվում է 300-500 հազ ռուբլու չափով տուգանք կամ երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում:

– Որոշ ռուս քաղաքագետներ նույնիսկ կոչ արեցին ազատագրել Արևմտյան Հայաստանը թուրքական բռնագրավումից  և հաստատել ազատ Քուրդիստան՝ Դիարբեքիր մայրաքաղաքով…

Թվում է, որ նախագահ Պուտինը հեշտությամբ չի նահանջի՝ ռուսական ինքնաթիռի վրա  թուրքական դավաճանական հարձակումից հետո: Նա պարտավոր է աշխարհին ցույց տալ, որ երբեք թույլ չի տա որևէ մեկին անպատիժ հարձակվել ռուսների վրա: Պուտինը թուրքական գործողությունը բնութագրեց որպես «հարված թիկունքից՝ ահաբեկիչների մեղսակիցների կողմից» և խստորեն զգուշացրեց «լուրջ հետևանքների մասին»:

Վերջապես, այս անգամ մեծ պատառը մնաց Էրդողանի կոկորդում… Նա հիմարաբար առճակատման գնաց ատոմային տերության ղեկավարի հետ, որը վճռական է տրամադրված մի լավ դաս տալու ամբարտավան թուրք նախագահին, որը դեռ երկար կմնա նրա հիշողության մեջ:

Եթե իրոք Էրդողանը հույսեր է փայփայում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր արկածախնդրությունը, ապա չարաչար սխալվում է: Նա չի կարող ռուսական ինքնաթիռի խոցումը խեղաթյուրված ներկայացնել իբրև հարձակում Թուրքիայի վրա, իսկ այնուհետև թաքնվել ՆԱՏՕ-ի փեշի տակ…

Ցավոք, Թուրքիան լուրջ գլխացավանք է դարձել ՆԱՏՕ-ի համար: Թուրքիայի նախագահի անպատասխանատու պահվածքը մի փոքր տարածքային խախտման առիթով, սպառնում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ներքաշել ավելի մեծ հակամարտության մեջ: ՆԱՏՕ-ն պետք է լրջորեն մտածի, թե որքան խոհեմ է անդամակացությունը մի ահաբեկչական երկրի, որը կարող է դարձյալ լուրջ միջազգային միջադեպ հրահրել՝ հղի հեռուն գնացող հետևանքներով ամբողջ աշխարհի համար…

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրն է

www.TheCaliforniaCourier.com