«Չարենցը «Երկիր Նաիրիում» ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ իրական արժեքները թողած, գնում ես օտար խաբկանքների հետևից». Դիլբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ բանասիրական գիտությունների դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը

Երջանիկ են միշտ և ուրախ նրանք, 

Ինչպես կապիկները,

Որ գտել են փոքրիկ մի ընկույզ,

Եվ այն էլ – նեխած։ –

Իսկ դու երգում ես դեռ

Անանձնական սեր,-

Խե՜ղճ երեխա․․․

– Տիկի՛ն Դիլբարյան, այսօր այս տողերի հեղինակի 126-ամյակն է։ Ո՞րն է Չարենցի մեծության գրավականը կամ գաղտնիքը, և որքանո՞վ հայ ազգն ականջալուր եղավ նրա պատգամներին։

– Խիստ հրատապ հարց տվեցիք, որովհետև հիմա, կարծես, օտար բառով ասած, թրենդային է դարձել հիշատակել Չարենցին, Չարենցի մասին խոսել, բայց իրականում անգամ այսօր՝ 2023 թվականին, կարծում եմ՝ Չարենցի իրական մեծության և նրա թողած պատգամների լրջագույն վերլուծությունը մեզանում դեռևս չի կատարվել։ 

Կարծում եմ՝ անգամ Խորենացու պատգամները, որոնք գալիս են 5-րդ դարից, խորքային չենք ընկալել, նույնը վերաբերում է Չարենցին, որովհետև նրա գեղարվեստական ու պատկերային հզոր մտածողությունը կարծես հասու չէր այդ բարդ ժամանակներում դեգերող իր հայրենակիցներին։ 

Տեսեք՝ ինչպիսի բարդագույն կենսագրություն․ նա դպրոցից անմիջապես հետո, դեռ 18 տարեկան էլ չեղած, մասնակցում է առաջին պատերազմներին, բռնկվում է հեղափոխությունը, հետո իր խառնվածքին համապատասխան որոնումները՝ ծայրահեղություններով հանդերձ՝ և՛ գրական ուղղությունների, և՛ աշխարհաքաղաքական պատմության։ 

Չարենցն ուներ մի հրաշալի զարմանալի հատկանիշ, ինքը սովորում էր և՛ իր, և՛ մնացածների կատարած սխալներից, նա իր կյանքով ու կենսագրությամբ ապացուցել է, որ չէր վախենում սխալներ կատարելուց։ Սրա մեջ կա արդարացված բան․ դու չես սխալվում, երբ ոչինչ չես անում, իսկ Չարենցը փորձում էր անել ամեն ինչ ժողովրդի ու իր պետության համար․ որպես կամավոր գնում էր կռվելու, գրում էր բանաստեղծություններ, սիրահարվում, փորձում ընտանիք ստեղծել, թերագնահատում որոշ գրողների գրական ուղղություններ, թերագնահատում անցյալի ավանդույթները, ոգևորվում նոր մոդեռնիստական ուղղություններով, բայց հետո նույնքան անկեղծ հետ էր դառնում ու կարծես մեղա էր գալիս։ 

Այդ հատկանիշը, որ կա նրա գրականության մեջ, Տերյանի դեմ ու այլնի հարձակումներն ու ապա վերադարձը, ցույց էր տալիս նրա իրական մեծությունն ու հզորությունը։ Այսինքն՝ իրական մեծն ու հզորը նա է, ով ոչ թե երբեք չի սխալվում, այլ նա, ով նետվում է իրադարձությունների հորձանուտը, անկեղծ սխալվում, բայց հետո ընդունում իր սխալները, այն մեծությունները, որոնք հավերժական էին։ Շատ կուզենայի, որ այս հրաշալի օրվանից մենք կարողանայինք գոնե այդ մարտավարությունը որդեգրել, այսինքն՝ ոչ թե վախենանք սխալվելուց, այլ՝ մեր սխալները չընդունելուց և չուղղելուց։ 

Այս օրերին նրա ստեղծագործություններից շատ կարևոր է «Երկիր Նաիրին», որը կարծես թե ընկալվում է Հայաստանի հերքումը։ Մեր երկիրն ունի մի քանի ժողովրդանուն․ այդ առասպելական, ուրարտական և աքքադական արձանագրություններում, շումերների մոտ հիշատակված Նաիրի երկիրը իր արքաներով, որոնք քաջ էին ու կռվում էին, ինչպես ասորեստանցիներն էին նշում, և Հայքը, ինչպես մենք նշվում էինք 5-րդ դարում, ապա կայացավ Հայաստանը, երբ մենք հրաժարվեցինք հնդեվրոպական այդ «ք» հոգնակերտից ու վերցրինք «ստան» հոգնակերտը։ 

Հիմա շատերին թվում է՝ այդ կեղծ պատումների ազդեցության տակ, թե Չարենցը հակադրում էր Երկիր Նաիրին Հայաստանին։ Ես կարծում եմ՝ Չարենցի ստեղծագործությունները պետք է կարդալ մի քանի անգամ, ու չպետք է տրվել հնարախաղերին, այսինքն՝ այնտեղից վերցնել առանձին պատառիկներ ու չափազանցել։ 

– Իսկ գուցե միտումնավո՞ր են նման թեզեր առաջ քաշում։

– Համոզված եմ, որ իրականում, զգալի մասով դա միտումնավոր է արվում, այսինքն՝ հիմա սեփական սխալները կամ չարած գործերն արդարացնելու համար փորձում են մեծություններին վկայակոչել ու թաքնվել նրանց հովանու ներքո, բայց ինչպես Չարենցն ինքը հրաշալի ասում էր՝ ինչպես Արարատին նետված չնչին մի քար, այդ փոքրիկ մարդուկների դավերը չեն կարող տեղ հասնել։ 

Իրականում «Երկիր Նաիրին», որ ինքը գրել է նոր թևակոխած 20-ամյակ, ֆանտաստիկ մարգարեություն է․ նա ցույց է տալիս մեր գոյությունը ու մեր հիմնական խնդիրը։ Գաղտնիք չէ, որ Չարենցը սիրում էր նաև գաղտնագրեր, իսկ դրանք նախատեսված էին հասկացողների համար։ Աստվածաշնչում մի հրաշալի խոսք կա․ «Լսելով կլսեք և չեք լսի, տեսնելով կտեսնեք և չեք տեսնի», ու Չարենցը հասկանում էր, որ, այո՛, քչերին է հասու լինելու, բայց այդ քչերը պետք է լինեն ազգի ընտրանի, և իր ստեղծագործություններում, հատկապես «Երկիր Նաիրիում», ինքը մեզ զգուշացնում է՝ չխաբվել խոսքերի մոգական ուժով։ 

Չնայած Աստվածաշունչն ասում էր՝ «ի սկզբանե էր բանն», բայց «բան» բառը մենք այլևս «խոսք» իմաստով չենք օգտագործում։ «Բան»-ը արդի հայերենում դատարկ դերանուն է, մենք ամեն ինչ կարող ենք կոչել բան․ «Բանն էր առ Աստված, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը»։ «Երկիր Նաիրիում» հենց ամենաբարձր արժեքներից, ազգի շահերից խոսում էին նրանք, ովքեր ասպարեզներով հեռու էին դրանցից։ 

Հիշեք նաև նրա զգուշացումը ցանցային պետության մասին, այդ ուղեղային կենտրոնի․ 20-րդ դարասկզբին արդեն 23-24 տարեկան Չարենցը հասկանում էր, որ մենք որոշակի կենտրոնների ձեռքին խաղալիք ենք դարձել, որ հենց այդ բարձր գաղափարներով գալիս ու խաբում են, իսկ տեղի մարգարեներին չեն գնահատում, կա, չէ՞, աստվածաշնչյան այդ խոսքը, որ մարգարեներին իրենց գավառում չեն ընդունում։ 

Այսինքն՝ մենք հրաժարվում ենք հայկական արժեքներից, իսկ մեծավ մասամբ ինքնակրթությամբ հարստացած Չարենցն ինքն իրեն ստեղծած մարդ էր ու զգում էր, որ մենք խաբվում ենք, ընկնում ենք այդ ուղեղային կենտրոնների ազդեցության տակ ու տրվում գեղեցիկ բառերին։ 

Ընդհանրապես, «Երկիր Նաիրին» ամենաքիչ վերլուծված գործերից է, երևի իր խորքայնությամբ այն վախեցրել է մեզ, բայց, ես կարծում եմ, երբ մենք «Երկիր Նաիրին» իրապես կհասկանանք, մենք կդնենք այդ հավասարության նշանը Երկիր Նաիրիի, Հայաստանի ու Հայքի միջև ու կուղղենք մեր խոնարհված մեջքը։

– Տիկի՛ն Դիլբարյան, կարծում եք, որ հիմա «Երկիր Նաիրին» ավելի քան արդիակա՞ն է։

– Գերարդիական է, որովհետև այն ցույց է տալիս, թե ինչ է լինում քեզ հետ, երբ դու իրական արժեքները թողած՝ գնում ես օտար խաբկանքների հետևից ու դավաճանում նաիրյան արքաների ավանդներին ու հիշատակին։ Գրոտեսկ է, չէ՞, բայց այն էլի ավարտվում է կախաղանով: Այն իհարկե շատ երկակի խորհրդանիշ է, ես ձեզ ասեմ․ դու ինքնակա՞մ ես ելնում, քեզ բարձրացնո՞ւմ են, քեզ կոչում են արքա՞, թե՞ չեն կոչում, ու արդյոք կախվելուց կամ խաչվելուց հետո քո հիշատակը մարդկանց մղո՞ւմ է քաջագործության։ 

Ի վերջո, Գողգոթա Հիսուսն էլ, չէ՞, բարձրացավ, բայց դրանից հետո նա համբարձվեց, ու նրա պատգամներն առավել ամրակայվեցին, բայց շատ-շատերը խաչվում կամ կախվում են, ու նրանց հիշատակը միայն սև ձևով է մնում սերունդների հիշողության մեջ։ «Երկիր Նաիրին» պոեմանման վեպ-դասագիրք է, թե ինչպիսին չպետք է լինել, եթե դու չես ուզում կորցնել ամեն ինչ, ու վերջում քո դիակը ճոճվի։

– Եթե Չարենցն ապրեր մեր օրերում, ավելի ընկալելի, հասկանալի՞ կլիներ, թե՞ ընդհակառակը։

– Ինձ թվում է՝ կլիներ նույնքան չընկալված, հանիրավի չհասկացված, ինչպես իր ժամանակներում։ Ես ընդհանրապես հավատում եմ փիլիսոփայական այն տեսությանը, որ ժամանակները կրկնվում են, և դուք մի՛ մտածեք, թե մենք զարգացել ենք, առավել խելացի ենք դարձել, քան նախորդ դարի 20-ականներին: Կարծում եմ՝ մարդիկ իրականում այնքան էլ չեն փոխվում, գուցե ավելանում են տեխնիկական նորամուծություններ, բայց ընկալողունակության մակարդակը նույնն է։ 

Էլի նույնն էր լինելու Չարենցի ընկալումը, ու չեմ բացառում, որ էլի մատնագրեր կգրեին նրա դեմ այդ «չնչին մարդուկները», ազգայինն ուրացողները, դրսի արժեքներով ոգևորվածները, հիշե՛ք՝ նրան դատեցին՝ որպես ազգայնականի-նացիոնալիստի։ Նորից կհանձնեին նրան ու կփորձեին հենց այդպես գաղտնի գնդակահարել, ես համոզված եմ, որ նրան սպանողները վախենում էին Չարենցից, դրա համար էլ գաղտնի էին անում, որովհետև եթե բացահայտ անեին, շատերի աչքերն ու ականջները կբացվեին։ Նույնն էր լինելու, նման մեծության հանճարներին սպառնում է չհասկացված լինելու դաժանությունը, որովհետև ձայն բազմաց, ձայն Աստուծո չէ, «Երկիր Նաիրին» էլ հենց դրա մասին է, որ իրականում ամեն փայլող բան ոսկի չէ, դու պետք է վերլուծես, հասկանաս։

– Հիմա Չարենցը ի՞նչ պատգամ, ուղերձ կամ ուղղակի խոսք կասեր հայ ազգի ներկայացուցիչներին։

– Շատ տարածված է այդ ակրոստիքոսի գաղտնագարված խոսքը՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց, իմ կարծիքով՝ նրա գլխավոր պատգամն այն է, որ մի՛ հրաժարվեք Երկիր Նաիրիից, այսինքն՝ մի՛ հրաժարվեք ձեր պատմությունից, ավանդներից, մի՛ գնացեք նորաոճ կեղծ ու փքուն գաղափարների հետևից, այն ամենը, ինչ հին է, սուրբ է ու գեղեցիկ է, ինչպես հին եկեղեցիների սրբատաշ, մոմի լույսից սևացած քարերը, գլխավոր պատգամը սեփական ինքնությունից չհրաժարվելն է, ու միայն դրանից հետո կկայանա հավաքականությունը։ Իր ծննդյան օրը կուզենայի հենց այդ պատգամին հավատարիմ լինեինք ու չուրանայինք իրական նաիրյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am