Հայաստանում Covid-19-ի հետ մեկտեղ առկա է նաև սուր շնչառական հիվանդությունների բավականին մեծ աճ․ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի համավարակին զուգահեռ նկատվում է նաև սուր շնչառական վարակների մեծ աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նախարարը նախ նշեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը նաև որոշակի ծանր ընթացք է ունենում երեխաների մոտ: «Ցավոք սրտի, այս տարի ունենք ընդհանուր սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ աճ: Եթե անցյալ տարի կորոնավիրուսի հետ կապված ձեռնարկված սահմանափակող միջոցառումները բերել էին շարժերի կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել էր այլ մանկական ինֆեկցիաների, վարակների մեծ նվազման, թե գրիպի, թե մնացած բոլոր հիվանդությունների առումով, ապա այս տարի ունենք համակցված իրավիճակ, մի կողմից սուր շնչառական վարակներն են, մյուս կողմից՝ կորոնավիրուսը»,-ասաց Ավանեսյանը:

Հանրապետական մահճակալային ֆոնդն ամբողջությամբ օգտագործվում է այս պահին: