«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը
– Տիկի՛ն Հակոբյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարտի 31-ին բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև՝ սոցիալական խնդիրների լուծման ակնկալիքով: Էական արդյունք ակնկալո՞ւմ եք, որքանո՞վ կարող են բողոքի ակցիաներն իրավիճակ փոխել:
– Չեմ ուզում վատատես լինել, բայց փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունից որևէ դրական ակնկալիք չի կարելի ունենալ: Իրենց ներդրած սոցիալական ծրագրերը իրենց մոտեցումն ու քաղաքականությունն են արցախցիների նկատմամբ, հետևաբար ակնկալել, որ այս ակցիաներից հետո իշխանության մոտ խղճահարություն կամ վախ կառաջանա, չունեմ նման ակնկալիք, բայց այս ակցիաները տարբերակ են, որ ժողովուրդը տեսնի իրականությունը:
Պահանջները, որ հնչեցին ակցիայի ժամանակ, մինչև մեր հավաքական վերադարձը արժանապատիվ ապրելու մասին էին, մարդիկ չեն ասում՝ մեզ փող տվեք, որ մենք ցոփ ու շվայտ կյանքով ապրենք, մարդիկ ուղղակի հիշեցնում են իշխանությանը իրենց պարտավորությունների մասին: Պահանջները, որոնք դրվել են, նորմալ են, նորմալ չէ այն, որ իշխանությունն առ այսօր որևէ արձագանք չի տվել, ավելի շուտ՝ արդեն իսկ տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ շատ ցինիկ հայացքով ու տգեղ խոսույթով, որ հեռու մնացեք մեզանից, գնացեք, աշխատեք ու ձեր գլուխը պահեք:
Ու դու չես կարողանում բացատրել, որ հայաստանյան պայմաններում միայն աշխատանքով, երբ մարդ այստեղ ընդհանրապես ոչինչ չունի ու զրո է բոլոր առումներով, կարողանում է ընդամենը հացի խնդիր լուծել: Այս ամենը, վստահ եմ, որ ունի նպատակ՝ նախ ներքաղաքական առումով արցախցիներին հալածանքի ենթարկել, հնարավորություն չտալ Հայաստանում հաստատվելու, հետագայում քաղաքական որևէ գործընթացի մասնակցելու:
Իսկ միջազգային հանրությանը, մասնավորապես, իրենց գործընկեր Ադրբեջանի իշխանություններին սրանով ցույց են տալիս, որ, այո՛, չկա Արցախ, չկա Արցախի հարց, ընդհանրապես չկա նման եզրույթ, մարդիկ են, որոնք լավ չեն կարողանում ապրել, բայց, ոչինչ, նրանք արդեն ինտեգրվել են, բայց իրականում չկա որևէ ինտեգրում: Չկա ինտեգրում, որովհետև այս իշխանություններն ակնհայտ, գոնե 2020-ից այդ պառակտումն ու ատելության քարոզը ակտիվ ու բացահայտ սկսեցին տանել: Այլ բան է, որ մարդիկ շփվեն միասին ու հասկանան, որ իրար չեն կարող հանդուրժել, բայց այլ է, երբ անհանդուրժողականությունը, ատելության մթնոլորտը տարվում են ամենավերին մակարդակով:
Այսօր ընդամենը մեկ գրառում եմ արել՝ Ապրիլյան քառօրյայի հետ կապված, որում նկարագրել եմ, թե ինչպիսին էինք մենք 9 տարի առաջ: Մամուլում, որտեղ իմ գրառումը տարածվել է, աչքիս ընկան մի քանի մեկնաբանություններ, որոնցում տեղ գտած վիրավորանքներն ուղղակի սարսափելի էին: Փորձում եմ անընդհատ ինձ հույս տալ, որ դրանք ֆեյքեր են, բայց, ցավոք սրտի, պետք է ընդունենք, որ մեր հասարակությունը հիվանդ է այդ առումով, ու քանի այսպիսի՝ ոչ ազգային իշխանություն ունենք, այդ հիվանդությունը չի բուժվելու:
Հասարակությունն 9 տարի առաջ չուներ այս ատելությունը, 9 տարի առաջ այս օրը մենք խնդրում էինք ՀՀ մեր հայրենակիցներին դադարել գալ Արցախ, որովհետև կանգնելու տեղ չկար, դադարել ուղարկել այդ սնունդն ու հագուստը, որովհետև այլևս տեղավորելու տեղ չկա, այս աստիճան մենք նույնն էինք: Հիմա այդ մարդկանց մի հատվածը սկսել է խոսել այս իշխանությունների բառամթերքով, այսինքն՝ այս իշխանություններն են այս հասարակությանը հիվանդացնողները, ու իրենց ատելության այդ քարոզը տարածվում է:
Պատահական չէ, որ Հանրային ռադիոյի տնօրենի կինը նման գրառում է անում, բայց ես վստահ եմ, որ նա շատ լավ տեղյակ է ամեն ինչից: Վստահաբար ասում եմ, որ իր շրջապատը, իր ղեկավարներն են լափել ու հիմա էլ լափում են Հայաստանը, իրենք շատ կարճ ժամանակում լափեցին Արցախը, հիմա լափում են Հայաստանը ու շարունակում են լափել հային: Իրականությունը սա է:
-Կարծու՞մ եք, որ արցախահայության նկատմամբ այսօր գոյություն ունեցող վերաբերմունքը կապված է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, և այդ քաղաքականության փոփոխությունը կարո՞ղ է բեկում մտցնել իրավիճակում:
– Միանշանակ, ձեզ թվում է 2016-ի ապրիլին մենք ինչպե՞ս հաղթեցինք: Ադրբեջանի այդ հարձակումը ևս լայնածավալ էր ու սահմանի ողջ երկայնքով և շատ ավելի անսպասելի, քան 20 թվականին էր, բայց մենք հաղթեցինք, որովհետև միասնական էինք, այս պառակտումն ու ատելությունը չկային: Բոլորը կռվում էին բոլորի հայրենիքի համար:
– Վերադառնալով սոցիալական խնդիրներին, եթե չլինեն գործուն քայլեր՝ ի՞նչ է սպասելու արցախահայությանը, տիկի՛ն Հակոբյան:
– Խորհուրդն ինքն է որոշելու հետագա քայլերը, բայց պետք է հասկանալ, որ ՀՀ իշխանության արածը, թեկուզ հենց այդ սոցիալական աջակցությունը, քաղաքականություն է, որը հստակ նպատակ է հետապնդում, ու դա գիտի յուրաքանչյուր արցախցի, դա այն է, ինչ ես ձեզ ասացի, հետևաբար դու չես կարող հանրային միջոցառումներով փոխել քաղաքական որոշումները: Դու ևս պետք է ունենաս հստակ քաղաքական որոշում ու ընթացք ու մինչև վերջ հետամուտ լինես նպատակիդ իրականացմանը:
– Որոշ շրջանակներ ասում են, որ արցախահայությունը պետք է իր պահանջները նախևառաջ ներկայացնի Արցախի իշխանություններին՝ գործադիր ու օրենսդիր, այս մասով ի՞նչ կասեք: Տեղյա՞կ է Արցախի իշխանությունը արցախահայությանը հուզող խնդիրներից, քայլեր անու՞մ է:
– Կառավարության մասին չեմ կարող ասել, երբեմն ես էլ եմ դժգոհում ու մեր հայրենակիցներին ուղղորդում եմ, որ Արցախի ժողովուրդն իր պահանջները նախևառաջ պետք է դնի իր իշխանությունների առաջ, ու հենց այդ իշխանությունները պետք է լինեն այդ խնդիրների լուծման կազմակերպողները:
Ինչ վերաբերում է ԱԺ-ին, այո՛, որպես ժամանակին ժողովրդի կողմից ընտրված միակ լեգիտիմ կառույց, արցախահայությունը պետք է պահանջ ներկայացնի նաև խորհրդարանական ուժերին: Կոնկրետ մեր խմբակցությունը այս ողջ ընթացքում իր սեփական հնարավորություններով, ինչքան կարողացել է, եղել է Հայաստանի հնարավորինս շատ հատվածներում, որտեղ արցախցիներն են, տեղում ծանոթացել ենք խնդիրներին, փորձել լուծումներ գտնել, ստացվել է ինչ-որ բան անել: Մարդիկ, որոնք սոցիալական ամենախայտառակ վիճակում են եղել, կարողացել ենք նրանց օգնելու համար տարբեր բարերարների ներգրավել, որոնք օգնել են այդ մարդկանց, ի դեպ, մեկ տարի շարունակ կոնկրետ 200-ից ավելի ընտանիք այդ բարերարների հոգածության տակ է եղել:
Սա արել է կոնկրետ մեր քաղաքական ուժը այն պարագայում, երբ մեզանից ժողովուրդը չի պահանջել, իհարկե ես կուզեի, որ պահանջողը ժողովուրդը լիներ ու հենց՝ կառավարությունից ու խորհրդարանից ու նաև իր վերադարձի հարցով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am