«Եթե սխալվել ես, աշխարհի վերջը չի». Լիանան՝ արևային մայրիկը՝ դժվարություններից մարդկանց ոգեշնչող

Հետ նայելով՝ 24-ամյա Լիանա Ահարոնյանը հասկանում է, որ հոգեբանական ծանր ապրումներն իրեն կոփել, ամրացրել և ուժեղ մարդ են դարձրել, որն այսօր կարող է շատերի համար պայքարելու ու կյանքը սիրելու օրինակ դառնալ:

«Ես՝ ութ ամսական հղի, մնացել էի դրսում, ինձ դուրս էին շպրտել, գնալու տեղ չունեի։ Ինձ ոչնչություն էի զգում, պնդում էին, որ ես բոմժ եմ դառնալու։ Լարվածությունից փորս քար էր դարձել, էն վիճակում էի, որ հանգիստ կարող էի երեխուն էդ պահին ունենալ»,- վերհիշում է դեռևս մեկ տարի առաջ իր հետ կատարվածը Լիանան:

Լիանան կյանքի ծանրագույն շրջանում Ինսթագրամի հարթակում ընկերներից մեկի խորհրդով սկսել է բլոգ վարել և պատմել այն մասին, թե ինչերի միջով է անցնում։ Ինսթագրամում հայտնի որպես Sunshine.mammy՝ արևային մայրիկ Լիանան, հաղթահարելով բարդ ու անելանելի թվացող շրջանները, ամեն օր յուրաքանչյուր գրառմամբ փաստում է, որ ցանկացած իրավիճակում կա ելք, և կյանքը լավագույնս դարձնելու ցանկությունը և ջանքերն իրենց արդյունքն են տալիս։

Լիանան 15 տարեկանից աշխատել է սպասարկման ոլորտում՝ որպես մատուցող, գանձապահ, բարիստա, մենեջեր։ Աշխատելուն զուգահեռ սովորել է Սլավոնական համալսարանի տուրիզմի բաժնում, ավարտել՝ երբ երեխան գրկին էր։

Կենսուրախ ու ժպտերես կինն ասում է՝ երբեք չէր մտածի, որ լինելով աշխատանքում կայացած, իր կյանքի վերաբերյալ հստակ ու լավագույն պատկերացումներն ունենալով՝ կբախվի այնպիսի խնդրի, որի պատճառով կյանքը մի որոշ շրջան կպտտվի միայն սև գծի շուրջ։ Ասում է՝ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ընկերոջ հետ համատեղ կյանք պլանավորելիս իմացավ, որ հղի է։

«էդ պահից սկսած՝ ճանաչել եմ լրիվ ուրիշ մարդու։ Ինքը հետ կանգնեց էդ փաստից, որ մեզ հետ պիտի լինի, ես չգիտեի՝ մերոնց ո՛նց ասեի։ Խառնաշփոթ սկսվեց իմ կյանքում»,- պատմում է Լիանան ու նշում, որ մինչ հղիության 5 ամիսը բնակվել է ծնողների տանը, այնուհետև կրկին միացել է նախկին ընկերոջ հետ և մինչև հղիության 8-րդ ամիսը միասին ապրել։

Սակայն կայուն և ներդաշնակ ընտանիք ստեղծելու բոլոր փորձերը ձախողվել են, և երեխայի ծննդից մեկ ամիս առաջ Լիանան կրկին մենակ է մնացել: 

«Ինձ ասում էր՝ սիրում եմ, ուզում եմ միասին լինենք, հետո հակասական պահվածք էր ցուցաբերում։ Կյանքում ես չեմ ունեցել զգացողություն, որ ինձ ինչ-որ մեկը քիչ ա սիրում, բայց ես զգում էի՝ ինձ էդ տանը չեն սիրում։ Իր տան անդամները ինձ չէին սիրում։ Հղիության 8-րդ ամսում, երբ մի ամիս էր մնացել, որ երեխան ծնվի, բաժանվեցինք, մնացի լրիվ մեն-մենակ»։

Միայնակության զգացումը, հոգեբանական ծանր ապրումները և կյանքի նման դասավորվածությունը թեպետ իրեն ընկճել էին, սակայն Լիանան ասում է․ 

«Կարճ ժամանակ անց հասկացա, որ այլ ելք չի մնում, քան ընդունել իրականությունը ու ոտքի կանգնել: Որոշեցի առաջ շարժվել և ներդնել բոլոր ուժերը հանուն երեխայի լավ ապագա կառուցելու համար»։

«Նոյեմբերի 5-ին ծնվեց Արևիկը։ Ես որոշեցի, որ այլևս չպետք ա անցյալը հիշեմ, չպետք ա նյարդային լինեմ, քանի որ պետք ա երեխային կերակրեմ, ես հասկանում էի, որ պիտի շուտ սկսեմ աշխատել։ Մինչև երեխայի ծնվելն արդեն իմ ընկերներին գրել էի, որ գործ լինի, ինձ չմոռանաք, ես կամ։ 

Ընկերներիցս մեկը զանգեց, ասեց՝ մենեջերի գործ կա, ես միանգամից ասեցի՝ կաշխատեմ։ Ու մտածեցի՝ փող կունենամ ու իմ երեխային լավ կպահեմ, չէի ուզում ոչ մեկից կախվածության մեջ լինեի, անգամ մերոնցից, որ միշտ ինձ աջակցում էին։

Սկսեցի աշխատել ոչ թե նրա համար, որ մենք ապրենք ու գոյատևենք, այլ որ ունենանք լավ կյանք, ես այսպես եմ մտածում՝ եթե աշխատում եմ, իմ աշխատանքը պիտի լավ կատարեմ, եթե երեխա եմ մեծացնում, իմ երեխային պիտի լավ մեծացնեմ։ Ես պլանավորած գնում էի, որ ես պիտի աշխատեմ, Արևիկի հետ իմ տանիքը պիտի ունենամ»,- կյանքի այդ փուլի մասին ոգևորված ու փայլփլուն աչքերով պատմում է Լիանան: 

Նա նշում է, որ որոշ ժամանակ անց ավելի բարձր աշխատավարձով և պայմաններով աշխատանքի առաջարկ է ստացել ու սկսել զգալ, որ կյանքը սկսում է կայունանալ։

Լիանան անկեղծանում է. «Բնականաբար հեշտ չէր, անգամ շատ դժվար էր, թե ինչ մեծ ցավ ու խառը ապրումներ էի ունենում, երբ Արևիկին տանն էի թողնում ու գնում աշխատանքի․ նոր ծնված երեխա, ես՝ դեռ ուշքի չեկած, շատ ցավոտ էր։ Բոլորից թաքուն հաճախ էի արտասվում և տխրում, բայց հաստատ որոշել էի՝ առաջ եմ նայելու։ Երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս լաց էի լինում, հուզվում, բայց տուն էի մտնում հանգիստ, ուժեղ, այնպես, կարծես ամեն ինչ լավ է ինձ մոտ։ Արևիկին գրկում էի ու հասկանում, որ էս աշխարհում կա մի մարդ, որի համար ես պետք ա ամեն ինչ անեմ ու ամենաուժեղը լինեմ։ Ես միշտ եմ ձգտող եղել, բայց Արևիկի չափ մոտիվացիա իմ կյանքում երբեք չի եղել»։ 

Լիանան նշում է՝ դժվարին ճանապարհը հաղթահարել ստացվել է ծնողների, հարազատների, ընկերների շնորհիվ։ Ասում է՝ երբ Արևիկի ծննդից շատ չանցած աշխատանքի վերադարձավ, ծնողներն էին օգնում երեխայի խնամքի հարցում, ընկերները ևս միշտ նեցուկ են եղել։ 

Բայց առանձնակի ոգևորությամբ է խոսում ինսթագրամյան էջի մասին, որ իրեն օգնել է ոչ միայն ֆինանսական կայունություն ապահովել հիմնական՝ մենեջերի աշխատանքին զուգահեռ, այլև հնարավորություն է տվել ուղիղ շփման մեջ լինել, ոգևորել և ոգևորվել հետևորդներից: 

«Բլոգ վարելը շատ էր օգնում ինձ, հետևորդները մշտապես կապի մեջ էին ինձ հետ, գրում էին, կիսվում էին իրենց փորձառությամբ, ու ես շատ դեպքերում հասկանում էի, թե որքան կանայք կան իմ նման իրավիճակում»,- պատմում է նա։

Լիանան նշում է, որ թե՛ աշխատանքը, թե՛ Ինսթագրամում իր բլոգինգը հնարավորություն տվեցին նաև կայուն և աճող եկամուտ ունենալ և պլանավորել ապագան: 

«Պահ եկավ, որ հասկացա, կարծես թե ամեն ինչ իր հունի մեջ է մտնում, կյանքը կանոնակարգվում է»,- ասում է Լիանան ու նշում, որ կարճ ժամանակ անց կարողանում է հավաքել հիփոթեքով բնակարանի ձեռքբերման կանխավճարը և մեկ բաղձալի երազանք ևս իրականացնել։

«Ես ուզում էի, որ ես ու Արևիկը անպայման մեր տունը ունենայինք, բայց չէի մտածում, որ այդքան շուտ կստացվի։ Ես աշխատում էի, որ հոգայի իմ և երեխայի պահանջները, բայց շնորհիվ իմ սիրելի և հարազատ մարդկանց, ծնողներիս, կարողացա նաև աշխատածս գումարից տնտեսել, կանխավճար հավաքել և Կոմիտասում ստացվեց տուն գնել: Հավատս չէր գալիս»։ 

Լիանան քայլ առ քայլ բոլոր հաջողությունների մասին պատմում է Ինսթագրամի իր էջում, հետևորդները կարող են տեսնել իր ապրումներն ու հույզերը որևէ հաջողություն ու հաղթանակ գրանցելիս։ Լիանայի Ինսթագրամի էջը 11 հազար հետևորդ ունի։

«Արևիկը լույս բերեց իմ կյանք, ինձ ուժ տվեց, գործի առաջարկը ու տան ստացվելը ինձ ուշքի բերեցին, որ ստացվում ա, ես հասկացա, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ»,- ասում է 24-ամյա մայրը։

Լիանան, հետ նայելով, ասում է, որ հասկացել է, որ ցանկացած դժվարություն անցողիկ է։ Իր բլոգում ևս անկեղծորեն կիսվելով իր կյանքի դժվար դրվագներով և այնուհետև հաջողություններով ասում է՝ նպատակ ունի, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, որ իրենք էլ կարող են հաղթահարել ու հասնել նրան, ինչին ցանկանում են։ 

«Այն ամեն ինչի միջով, որ ես անցել եմ ու հիմա հասել եմ այստեղ, հաստատ շատերն էլ կարող են։ Ինձ շատ են նամակներ գրում, ասում եմ՝ վստա՛հ եղեք, որ կարող եք, անհնարին ոչինչ չկա։

Ես հասկանում եմ, որ մեր հասարակության մեջ թունավոր վիճակը ինչքան շատ է, ու մարդիկ ապրում են դրա մեջ՝ մեկը՝ ամաչելով, մեկը՝ վախենալով, մեկը՝ տան անդամների կողմից աջակցություն չստանալով։ Բայց մենք մի անգամ ենք ապրում, ու կյանքն այնքան սիրուն է, ու այնքան բան կա անելու: Մարդ պիտի գնահատված լինի, մարդ իրա կյանքից հաճույք պիտի ստանա, ժամանակն ափսոս ա ծախսել էն մարդկանց վրա, որոնք թունավորում են քո կյանքն ու ուտում են քո ժամանակը։ Շատ եմ ուզում, որ մարդիկ չսխալվեն, բայց եթե սխալվել են, ընդհանրապես աշխարհի վերջը չի»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am