Պուտինը «տենդեր» է հայտարարում, թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի քարտեզների համար․ Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առանց Ռուսաստանի դա անել հնարավոր չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայ» փորձագիտական ակումբում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին և մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման հարցին: Պուտինը ասել է, թե քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը ԽՍՀՄ շրջանում, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում են:

Պուտինը «տենդեր» է հայտարարում, թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի քարտեզների համար, իհարկե այն շահի շրջանակում, որ իր համար դիտարկել կամ գծել է Ռուսաստանը տվյալ պարագայում: Կա՞ արդյոք դրան այլընտրանք: Անկասկած է թերևս, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք՝ երկկողմ ձևաչափով, որևէ կերպ չեն գտնելու այդ այլընտրանքը, հետևաբար միջնորդությունը գործնականում անխուսափելի է:

Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչ առաջարկ ունի որևէ այլ խաղացող, որ պատրաստ է միջնորդել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Այդ մասին հայտարարություն անողները եղել են շատ, օրինակ Եվրամիությունը, ԱՄՆ ևս հայտնել է այդ հարցում կողմերին օգնելու պատրաստակամություն: Իհարկե, թվում է, որ հենց իրենք կողմերը պետք է ընտրեն միջնորդներին:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընտրությունը կարող է կախված լինել այն բանից, թե սահմանագծման և սահմանազատման ինչ հիմք և մեխանիսմ է առաջարկում որևէ միջնորդ: Ռուսաստանի առաջարկը պարզ է: Է՞լ ինչ առաջարկներ կան, առնվազն որպես ելակետ կամ մեկնակետ, եթե իհարկե կա այդ հարցի տակ մտնելու գործնական պատրաստակամություն»: