«Սխալների կամ ոչ արդյունավետ կառավարման համար մենք թողել ենք իշխանությունը, և այսօր մտահոգ ենք առկա իրավիճակով». Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

– Պարո՛ն Շարմազանով, ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»։ Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս տարբերակը։ Մի՞թե իսկապես կարծում եք, որ մտահոգ քաղաքացիները իրենց ձայնը ՀՀԿ-ին են տալու։

– Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ մտահոգություն կա և՛ Արցախի անվտանգության հետ կապված, և՛ աշխատատեղերի կրճատման հետ կապված, որի օրինակներն են Ամուլսարը, Ալավերդու գործարանը։ Փաշինյանը հայտարարում է, որ նախարարությունները պետք է օպտիմալացվեն, և ըստ նրա մոտ 100 հազար մարդ կանգնելու է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։

Մտահոգվե՞նք, թե՞ չմտահոգվենք։ Համասեռամոլության քարոզ է գնում, համասեռամոլները գնում են Շուռնուխ, գնում են ոստիկանության բաժանմունք, չմտահոգվե՞նք։ Ինքը հայտարարում է՝ ձեր իշխանության օրոք էլ են նման բաներ եղել։ Ոչ ոք չի ասում, որ համասեռամոլությունն առաջացել է Փաշինյանի իշխանության օրոք, համասեռամոլությունը նախաքրիստոնեական ժամանակաշրջանից կա, բայց Փաշինյանի ժամանակաշրջանում համասեռամոլության քարոզը, պղծության քարոզը, աղանդավորության քարոզը շարունակվել է։ Ոտնձգություններն ավելացել են։

Երբեք Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Վեհարանի գրավման փորձ չի արվել, Վեհարանը գրավողներից մեկը պաշտոն չի ստացել, երբեք Հայ Եկեղեցու պատմություն առարկան քարկոծողներից մեկը պաշտոն չի ստացել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Վեհարանը գրավելու միտինգի կազմակերպիչներից մեկը պաշտոն է ստացել։ Նրանք, որոնք խոսում էին, որ Հայ Եկեղեցու պատմությունը ավելորդ առարկա է, պետք է վերանայել, պաշտոն են ստանում, ԿԳ նախարարն էլ անհասկանալի հայտարարություններ է անում։

Ավելին՝ Հայ եկեղեցու պատմության մասնագետներին ընդունելու փոխարեն ինչ-որ անհասկանալի կարաբինաների է ընդունում։ Խոսքը դրա մասին է։ Մարդիկ աշխատատեղ են կորցնում, մտահոգ ենք, տնտեսական աճը 2019-ի բյուջեում իջել է 4,9 տոկոսի, մտահոգ ենք, ներդրումները 100 մլն դոլարից իջել են 9 մլն-ի, 11 անգամ կրճատվել են, մտահոգ ենք։

Այս ամենը ազդելու է նաև մեր բանակի մարտունակության վրա։ Մտահոգ ենք ոչ միայն մենք, այլև բազմահազարանոց քաղաքացիների բանակը։ Մենք ասում ենք՝ ով մտահոգ է այս իրավիճակով, ճիշտ կլինի ձայն տա ՀՀԿ-ին։ Մտահոգ ենք ասֆալտին փռելու կոչերով, մտահոգ ենք ժողովրդավարության դեմ իրականացված արշավով, մտահոգ ենք դատավորների դեմ իրականացված արշավով։ Երբ պետության ղեկավարը կանգնում, ասում է՝ կա՞ տենց դատավոր, որ կարող է իմ ասածը չանել։ Բա չմտահոգվե՞նք։

– ՀՀԿ-ն տարբեր կարգախոսներ է ունեցել, օրինակ՝ 2007-ին՝ «Քեզ համար, Հայաստա՛ն», 2008-ին՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն», 2012-ին՝ «Հավատանք, որ փոխենք», 2013-ին՝ «Դեպի ապահով Հայաստան», 2017-ին՝ «Անվտանգություն և առաջընթաց»։ Փաստորեն 10 տարի ձեր կարգախոսները կյանքի չկոչվեցին, և այս պայմաններում ինչո՞ւ քաղաքացին իր մտահոգությունների արդյունքում պետք է ձեզ ընտրի։

– Այս ընտրությունները անցյալի մասին չեն, անցյալն այլևս պատմություն է։ Այս ընտրություններով անցյալը այլևս չես կարող խմբագրել ու վերախմբագրել։ Անցյալն այնպիսին է, ինչպիսին կա, լավ թե վատ՝ ապագա պատմաբանները կորոշեն։ Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրությունները անցյալի մասին են, բոլոր ընտրությունները ապագայի մասին են։ Մենք մտահոգված ենք ապագայում, մենք տեսնում ենք այդ մտահոգությունները և իրավունք չունենք չբարձրաձայնելու։ Իսկ մեր հնարավոր սխալների կամ ոչ արդյունավետ կառավարման համար, ինչպես աշխարհի բոլոր երկրներում, մենք թողել ենք իշխանությունը։

Եթե Փաշինյանին և իր կողմնակիցներին թվում է, որ իրենք պետք է հարցեր տան, ու մենք էլ պետք է պատասխանողի դերում լինենք, չարաչար սխալվում են։ Հարցեր տվողը իրենց մենք ու հանրությունը պետք է լինենք, որովհետև յոթ ամիս է՝ ինքն է իշխանություն և յոթ ամիսների ընթացքում ինքն այնքան պրոբլեմ է կուտակել ազգի գլխին, որ ինքը դրա պատասխանը պետք է տա, մենք նրան ժառանգել ենք 9,7տոկոսանոց տնտեսական աճ, այսօր տնտեսությունը գնում է անկում, ներդրումները 11 անգամ պակասել են, աշխատատեղերը պակասում են, 100.000 և ավելի մարդ զրկվելու է աշխատանքից, խոպանչիներին ուզում է հարկել, անվտանգության խնդիր կա, Բոլթոնը եկավ խոսեց, ինչ ասես ասաց, բայց որևէ ծպտուն չհանեց։ Եվ այսպես շարունակ։

Ինքը որ եկել է իշխանության, չի ասել՝ մի քանի տարի հետո լավ կլինի, հիշեք՝ իր՝ վարչապետի ելույթը և կառավարության ծրագրի իր ելույթը, թռիչքային զարգացում էր խոստանում, կախարդական փայտիկ էր խոստանում, բայց փայտիկը ջարդվե՞ց, պարո՛ն Փաշինյան, բա փայտիկ ունեիք, որ պետք է բոլոր հարցերը լուծեիք։ Հիմա կանգնում ասում ես՝ տնտեսության մասին իմ պատկերացումները ռոմանտիզմ էին, այդ ինչ ասելու բան է, մենք ռոմանտիկ քաղաքական գործիչների կարիք չունենք, մենք կարիք ունենք պրագմատիկ քաղաքական գործիչների, ոչ թե քեզ նման ճառ ասողների, այլ զանգ կախողների կարիք ունենք։ Մենք այլևս իշխանություն չենք, մենք ամեն գնով իշխանությունը չենք պահել։ Եվ այսօր բոլոր հարցերի պատասխանը իրեն պետք է ուղղեք։

– Ձեր կարգախոսը սև-սպիտակի մեջ դնելը դարձյալ հատուկ նշանակությո՞ւն ունի։

– Հանրապետականը ոչինչ պատահական չի անում, մեզ մոտ ամեն ինչ օրինաչափ է։ Բացի այդ, սևերի և սպիտակների բաժանումը մենք չենք արել, արել է պետության ղեկավարը, ինչը խայտառակություն է և անթույլատրելի բաժանում է։ Այն ժամանակ, երբ Բաքվում Էրդողանը և Ալիևը հայտարարում են իրենց միասնության մասին, մեր վարչապետը փոխարենը տանի ազգը դեպի միասնություն, բաժանում է ազգը սևերի և սպիտակների։

Մանե Հարությունյան

MediaLab.am