Կանզասի նահանգապետն ու ԱՄՆ բրիգադային գեներալը կայցելեն Հայաստան

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին հունիսի 22-23-ը Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, մանրամասնելով, որ նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։

Նահանգապետ Քելիին կուղեկցի ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։

Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեն ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։