Շաբաթ-կիրակի օրերին մեծ թվով թեստեր են կատարվել. նախարարը ներկայացրեց արդյունքները

Կառավարության արտահերթ նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակման դեպքերին՝ տեղեկացնելով, որ անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039:

«14 անձ ապաքինվել և դուրս է գրվել, հետևաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211: Ցավոք ունեցել ենք ևս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Թորոսյանը տեղեկացրեց, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործականում կա օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում՝ թեստ անելու համար: Վարչապետի խոսքով՝ իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել և ասել՝ «եկեք ձեզ թեստ անենք»:

Նախարարը նշեց, որ այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում թեստերի հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում: