«Այս ամենը Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունների քաղաքական ռեպրեսիվ պատասխաններն են». Նաիրա Զոհրաբյան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս առավոտից Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են։ Այս տեղեկությունը «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առավոտից ԱԱԾ-ն մեծ զորակազմով գտնվում է Գագիկ Ծառուկյանի տանը։ Ես հիմա այստեղ եմ, իմ գործընկեր պատգամավորների հետ, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում։ Բնականաբար, իրենք կատարում են իրենց հանձնարարությունը, և մենք որևէ խնդիր այստեղ չենք տեսնում։

Որքան մեզ տեղեկություն հասավ, խնդիրը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում մեր մեծամասնականով առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված ինչ-ինչ իբր ֆինանասական խնդիրների հետ»,- «Մեդիալաբին» ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար խուզարկություններ են իրականացվում Գեղարքունքի մարզի ԲՀԿ տարբեր պատասխանատուների ու ԲՀԿ համակիրների տներում։

«Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ 2017 թվականին ինչ-որ գործ է եղել, այս պահին ինչ-որ մտահոգիչ խնդիր է եղել, որը պարզաբանման կարիք է ունեցել, ես կարծում եմ՝ Ծառուկյանի հայտարարությունից հետո սկսվեցին այս կարգի քաղաքկան ռեպրեսիաներ։

Սոցիալական ցանցերում այդ կեղտոտ պարտիզանական արշավն իշխանությունը կազմակերպեց՝ մեկ կենտրոնից հրահանգավորված, բոլոր պատգամավորներին, մարզպետներին, իրենց կոֆե եփողներին, ավագանիներին հանեցին առաջնագիծ և հակափաստարկ չունենալով՝ սկսեցին ընդամենը հայհոյել, պատրաստեցին ամենակեղտոտ ու ամենաանբարո հակաքարոզչությունը ԲՀԿ և Գագիկ Ծառուկյանի, մեզանից յուրաքանչյուրի դեմ։

Այս պահին ողջ ֆեյք ինդուստրիան ոտքի է հանված, նույնիսկ ֆեյք ինդուստրիայի ծավալները չեն հերիքում և ճպճպացնելով առանց դեմքի էջեր են բացում ու սկսում հայհոյել։ Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ենթատեքստ ունեցող իրադարձություն»,- ասաց նա։

Նաիրա Զոհարաբյանը նաև նշեց, որ տեղի ունեցվածի մասին արդեն տեղեկացրել է միջազգային բոլոր կազմակերպություններին, դեսպանատներին՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղար և հորդորել իրենց ուշադիր հետևել գործընթացներին։

«Եվ նաև հորդորել եմ հնչեցնել իրենց գնահատականները, եթե գործընթացները իրավական հունից դուրս կգան։ Մեզ համար ակնհայտ է, որ այս ամենը Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունների քաղաքական ռեպրեսիվ պատասխաններն են»,- հավելեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ հայտարարություններ էր արել կառավարության հասցեին՝ նշելով, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, խոստումները կատարեին։

«Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։

Հիմնական խնդիրը, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։

Ես այն ժամանակ ասել եմ, որ այս կազմով, կառուցվածքով անհնար է այդ սպասումներն իրականացնել, եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են», – ԲՀԿ քաղխորհրդի հրատապ նիստում հայտարարել էր Ծառուկյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

Gepostet von Arman Abovyan am Samstag, 13. Juni 2020