«Ադրբեջանի հիստերիան ոչ թե Ռուբեն Վարդանյան անուն, ազգանվան հետ է կապված, այլ՝ «ԼՂՀ պետնախարար» բառակապակցության». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

Պարո՛ն Հակոբյան, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հանդիպումը, հնչեցրած հայտարարությունները և ՀՀ արտգործնախարարի՝ այդ հանդիպումից ըստ էության հրաժարվելու որոշումը ինչպե՞ս եք գնահատում։

– Կարծում եմ, որ դա շատ հարմար ու պահանջված առիթ էր, որպեսզի ՀՀ արտգործնախարարը մասնակցեր և առաջինը՝ նախ ներկայացներ իրավիճակը մեր տեսանկյունից, կարողանար ներկայացնել, թե ինչպիսի հանցագործության է գնում Ադրբեջանը այս օրերին, ու երկրորդ՝ կարողանար պատասխանել թշնամի պետության արտաքին գործերի նախարարի արտահայտած կեղծ և իրականության հետ կապ չունեցող մտքերին: Միևնույն ժամանակ, ինչպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, սա հարմար առիթ էր միջազգային հանրությանը ներկայացնելու իրականությունը, եթե չէր ստացվել հանդիպումը հետաձգել, ուրեմն Հայաստանի արտգործնախարարը պետք է մասնակցեր։

Բանակցությունների չես ներկայանում, եթե ասելիք չունես կամ եթե վախենում ես քո ասելիքն արտահայտելուց։ Ես կարծում եմ, որ սա միանշանակ ապացույց էր, որ այսօր Հայաստանն ունի սնանկ դիվանագիտություն, և նա պարտվում է դիվանագիտական դաշտում:

Եթե հույս կար, որ պատերազմի դաշտում պարտվելուց հետո մենք կարող ենք ակտիվ գործողություններ կատարել դիվանագիտական դաշտում և հաղթանակ գրանցել, հիմա այդ հույսն էլ չկա, որովհետև տեսանելի է, որ հայկական դիվանագիտությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է, ու մեր այն խոսքերը, որ Հայաստանի իշխանությունները վարում են ոչ հայկական դիվանագիտություն, ցավոք սրտի, կրկնում եմ՝ ցավոք սրտի, ապացուցվում են։

Այդ հանդիպման մեջ կարող ենք ֆիքսել երկու բան․ Ռուսաստան-Ադրբեջան բարձր մակարդակում արդեն քննարկվում է Արցախի ղեկավարությունը, իհարկե, բացասական շեշտադրմամբ, որ իբր թե Արցախի ղեկավարությունը համաձայն չի եղել ռուսական կողմի առաջարկներին, ինչն իրականում այդպես չէ։

Իրականության մասին խոսեց նախագահ Արայիկ Հարությունյանը, ու ես հիմա չեմ ուզում շատ անդրադառնալ դրան։ Խոսվեց Արցախի Հանրապետության ղեկավարության ու նաև պետական նախարարի մասին, ինչն առաջընթաց է, որովհետև եթե խոսվում է պետական նախարարի մասին, նշանակում է, որ կա պետություն ու նաև այն, որ մարդիկ կարող են Արցախում քաղաքականությամբ զբաղվել։

Այս դիվանագիտական նրբերանգները հայկական կողմի դիվանագիտությունը պետք է կարողանա օգտագործել, որովհետև ադրբեջանական կողմը ամեն մի փոքր իրողություն ինքն օգտագործում է ի շահ իրեն, որից զրկված ենք մենք այսօր։

Ըստ ձեզ՝ Ռուբեն Վարդանյանի անձով պայմանավորված՝ ադրբեջանական կողմն ինչո՞ւ է մտահոգված, ի՞նչ վախեր ունեն։

– Կարծում եմ, որ սա կապված է նրա հետ, որ Ադրբեջանի Հանրապետությունը հիստերիայի մեջ է ընկնում, երբ ոչ թե Ռուբեն Վարդանյանի մասին են խոսում, այլ Ռուբեն Վարդանյանի պատճառով խոսում են Արցախի Հանրապետության, ԼՂՀ-ի մասին, որովհետև երբ Ռուբեն Վարդանյանը ռուսական կամ արտասահմանյան լրատվականներին հարցազրույց է տալիս, նրան ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար, ու հիստերիան ոչ թե Ռուբեն Վարդանյան անուն, ազգանվան հետ է կապված, այլ՝« ԼՂՀ պետնախարար» բառակապակցության։

Այս ամենը փաստում է, որ ի հեճուկս Ադրբեջանի, որոնք ամեն տեղ հայտարարում են, թե ԼՂ-ի հիմնախնդիր չկա, ԼՂ-ն՝ որպես այդպիսին չկա, այդ հարցը լուծված է, իրականությանը չի համապատասխանում, որովհետև Ռուբեն Վարդանյան անուն, ազգանվան միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչում է այդ անուն, ազգանունը՝ որպես ԼՂ-ի պետական նախարար։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները իրենց հանդիպումների ժամանակ խոսեին ԼՂ որևէ պաշտոնյայի մասին։

Ադրբեջանի արտգործնախարարը նշեց, որ մինչև Ռուբեն Վարդանյանի գալը Արցախի իշխանությունների հետ շփումները հնարավոր էին, «դրական տեղաշարժ» կար, նրա գալուց հետո, ըստ Բայրամովի, դա անհնար է դարձել։ Որպես Արցախի Հանրապետության քաղաքական գործիչ, պարո՛ն Հակոբյան, նկատե՞լ եք այդ շփումը մինչև Վարդանյանի գալը, թե՞ սա ադրբեջանական հերթական կեղծիքն է։

– Ավելի շուտ սա ադրբեջանական ղեկավարության կողմից մանիպուլյացիա է, որովհետև, այո՛, որոշակի շփումներ եղել են։ Մենք հիշում ենք, որ պատերազմի հենց ավարտից հետո բազմաթիվ հումանիտար հարցեր կարգավորելու համար որոշակի շփումներ եղել են, և մենք բազմիցս ասել ենք, որ կան նման շփումներ, բայց դրանք ուղղակի չեն եղել, այլ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Հիմա դա ներկայացնել, թե Ադրբեջանի ղեկավարությունը շփվում էր Արցախի Հանրապետության ղեկավարության հետ, կամ մեզ հետ շփվում էին՝ որպես Ադրբեջանի բնակչության ինչ-որ մասի, բացարձակ կեղծիք է։

Ադրբեջանի արտգործնախարարը չի վարանում դիմել կեղծիքի, որպեսզի է՛լ ավելի ծանրացնեն Ռուբեն Վարդանյանի «հրեշ» լինելու հանգամանքը։ Հենց այստեղ էր, որ պետք է լիներ ՀՀ արտգործնախարարը, որպեսզի կարողանար բացահայտել այդ կեղծիքը։

– Իսկ ադրբեջանական կողմը կհամաձայնի՞ ուղիղ բանակցել Ստեփանակերտի հետ, որովհետև Ռուբեն Վարդանյանը երեկ հայտնեց այդ պատրաստակամությունը՝ նշելով, որ «ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

– Գրեթե զրոյական է հավանականությունը, որ Ադրբեջանը կհամաձայնի ուղիղ բանակցել արցախյան կողմի հետ, որովհետև արցախյան կողմի առաջին ու գլխավոր պայմանն է, որ Արցախի Հանրապետությանը պետք է ճանաչել որպես լիիրավ կողմ, և նա՝ որպես լիիրավ բանակցող, պետք է բանակցի։

Այսօր հնարավորությունը զրո է, բայց եթե Արցախի իշխանությունները կարողանան կամք դրսևորել ու ներկայանալ որպես գրագետ ու արժանապատիվ բանակցողներ, ապա վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու Արցախի Հանրապետության ղեկավարության հետ բանակցել։

Պարո՛ն Հակոբյան, վաղը Ստեփանակերտում նախատեսվում է համաժողովրդական հանրահավաք։ Հանրահավաքի նպատակի ու այլ մանրամասների մասին փակագծերը կբացե՞ք, որքան հնարավոր է։

– Որքան ես տեղեկացված եմ ու պատկերացնում եմ, հասկանալի է, որ Արցախի Հանրապետությունը բլոկադայի մեջ է, և այդ վիճակում հայտնված յուրաքանչյուր իշխանությունը պետք է կարողանա նոր գործիքակազմ գտնել իր ժողովրդի հետ շփվելու համար, որովհետև խաղաղ պայմաններում գործող ժողովուրդ-իշխանություն շփման գործիքակազմը թույլ կլինի, ու սա շատ հարմար առիթ կլինի, որպեսզի իշխանությունները կարողանան ուղղակի շփվել իրենց ժողովրդի հետ, ներկայացնեն իրավիճակը, իրենց անելիքներն ու միևնույն ժամանակ ստանան իրենց ժողովրդի համաձայնությունը։

Սա նաև հարմար առիթ է, որպեսզի և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ մեր հարևան երկրների իշխանություններին, և՛ միջազգային հանրությանը Արցախի Հանրապետությունը հղի իր ուղերձներն ու իր մտադրությունների մասին խոսի բարձրաձայն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am