Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների պրակտիկան կվերանա

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագծի վերաբերյալ:

Արմեն Գալջյանը հայտնել է, որ իր գործընկեր, Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հետ շրջանառության մեջ են դրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագիծ։

«Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։

Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, և կարևոր է նաև նշել , որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ»,- մանրամասնել է Երևանի ավագանու անդամը։

Նրա խոսքով՝ քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին, այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ: Գալջյանը հավելել է, որ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր և հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի, իսկ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն։

«Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու, որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։