Ոստիկանությունում գնման գործընթացը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ. Դատախազը դիմել է ոստիկանապետին

Հեղինակ MediaLab

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Երևան քաղաքում ճանապարհային գծանշման նախատեսված աշխատանքները N ընկերության կողմից տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին համապատասխան չկատարվելու, ընկերության կողմից կատարված աշխատանքների նկատմամբ պատվիրատուի՝ ՀՀ ոստիկանության կողմից պատշաճ հսկողություն չիրականացվելու, փաստացի այդ պահանջներին չհամապատասխանող ծառայություններն ընդունելու և վճարում կատարելու մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում 2019թ․փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ և ըստ քննչական ենթակայության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պայմանագրային ծառայություններն իրականացնելու համար հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ․ Կ․-ի կողմից կազմված և նույն ծառայության պետի կողմից հաստատված առաջադրանքները:

Մասնավորապես, պարզվել է, որ Կ․Կ․-ն 2018-2019թթ-իընթացքում իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունները։ Մասնավորապես, պատշաճ հսկողություն չի իրականացրել ընկերության կողմից գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, առանց համոզվելու դրանց փաստացի, ամբողջությամբ և տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված լինելու մեջ։

Արդյունքում, անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 255.824.768,8 ՀՀ դրամի գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ:

Վերոգրյալ արարքը կատարելու համար Կ․Կ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու մասին։

Այսինքն քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի կողմից Երևան քաղաքում երթևեկության կազմակերպման նպատակով իրականացված աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը նպաստել է հանցանքների կատարմանը, որի արդյունքում՝ խաբեության եղանակով, պետությունից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը հիշատակված գնման գործընթացը նույնպես տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։

Թեև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ գնումների գործընթացներում գնահատող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն նույն որոշմամբ հաստատված է համարել, որ հանձնաժողովն անտեսել է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, այն է՝ առանձին բնութագրեր ունեցող ծառայությունները 1 չափաբաժնում խմբավորած լինելը, գնման հիշյալ գործընթացներին այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնող, արհեստականորեն բարդեցված տեխնիկական բնութագրեր կազմելը, և միջոցներ չի ձեռնարկել դրանք օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Բացի այդ, հանձնաժողովը «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և հրավերով պահանջված՝ «Մասնագիտական փորձառության» չափանիշն ապահովելու համար ընկերության կողմից գնման երեք ընթացակարգերում ներկայացված, որպես նախկինում նմանատիպ կատարված աշխատանքների վերաբերյալ 2014թ-ին․և 2016թ․-ին կնքված, փաստացի այդ պահանջը չբավարարող պայմանագրերը գնահատել է բավարար:

Միաժամանակ, հանձնաժողովը խախտել է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 61-րդ կետի 4-րդ ենթակետը՝ սահմանված կարգով չի արձանագրել առկա անհամապատասխանությունները և չի ծանուցել մասնակցին՝ ընկերությանը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկելու անհամապատասխանությունները:

Ըստ աղբյուրի, ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնոդրագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում տեղ գտած վերը հիշատակված թերությունները, դրանց պատճառներն և նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված պաշտոնատար անձի և ընկերության տնօրենի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։