Լիլիթ Դովլաթյանը՝ կարանտինից դուրս եկած չինական քաղաքից. «Գրեթե 2 ամիս տանն ենք մնացել, բայց դա արել ենք առանց բողոքելու և մեղավորներ փնտրելու»

Չինաստանի Ձիլին նահանգի Չանգչուն քաղաքում մարտի 19-ից կարանտինը պաշտոնապես հանվել է: Մարդիկ զբոսնում են դրսում, փողոցներն ու խանութներն առաջվա նման մեռելային լռության մեջ չեն։

«Կյանքը աստիճանաբար մտնում է բնականոն հուն, արդեն զբոսնում ենք առանց վախենալու, դրսում վարակից առաջ տիրող իրավիճակն է»,- «Մեդիալաբին» պատմում է Լիլիթ Դովլաթյանը, որը գրեթե 8 ամիս է՝ բնակվում է Չանգչուն քաղաքում՝ լեզվի կենտրոններից մեկում աշխատելով որպես անգլերենի ուսուցչուհի։

Չանգչունը գտնվում է Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում: Լիլիթը, քաղաքը համեմատելով Չինաստանի այլ շրջանների կամ քաղաքների հետ, ասում է, որ նույնիսկ երկրի համար ծանր ժամանակահատվածում էլ Չանգչունի դրությունը ավելի հուսադրող էր: Պատճառներից մեկն այն է, որ քաղաքը վարակի էպիկենտրոն համարվող Հուբեյ շրջանից և Ուհան քաղաքից բավական հեռու է գտնվում:

Լիլիթին տպավորել է ոչ միայն Չինաստանի կառավարության, այլ նաև ամբողջ ժողովրդի կատարած աշխատանքը։

«Իմ քաղաքում այդ օրերին մեռելային լռություն էր: Ընտանիքի անդամներից մեկն էր գնում խանութ, փողոցները դատարկ էին, այսինքն` մարդիկ ռեալ հասկանում էին, որ ամեն ինչ լուրջ է: Մարդիկ մնում էին տանն իրենց ու իրենց հարազատների ապահովության համար: Ամենուր արվում էր ջերմաչափում, տվյալների գրանցում, ամեն ինչ արվում էր, որ հնարավորինս շուտ ավարտվի այդ վիճակը, ու վարակի տարածումը կանխվի: Իսկ այն մարդկանց նկատմամբ, ովքեր չէին ենթարկվում, կիրառվում էին շատ կոշտ միջոցներ: Կարծում եմ՝ բոլոր ազգերում էլ կան մարդիկ, որոնք անլուրջ են վերաբերվում այս ամենին կամ էլ մտածում են` դե հա, վիրուս է: Մարդկանց մի մասը չի հասկանում հորդոր, խնդրանք, այլ միայն կոշտ միջոցներ»,- պատմում է նա։

Լիլիթն ասում է, որ մարդիկ պետք է հասկանան, որ ինչքան անլուրջ վերաբերվեն, այնքան ավելի ուշ կավարտվի այս ամենը:

«Ես ինքս Չինաստանի համախմբվածությունը տեսնելուց հետո ավելի եմ ջղայնանում, երբ տեսնում եմ, որ Հայաստանում ոչ մի քաղաքացի նախ ինքը չի անում որևէ չնչին քայլ: Տանը մնալով՝ իրենք շատ ավելին կանեն, քան պատկերացնում են: Ի վերջո, մենք գրեթե 2 ամիս տանն ենք մնացել ու ավելի խիստ պայմաններում, բայց դա արել ենք առանց բողոքելու կամ մեղավորներ փնտրելու, քանի որ հասկացել ենք, որ մեղավոր փնտրելով` ոչ մի օգուտ չենք տա»,- «Մեդիալաբին» պատմում է Լիլիթ Մխիթարյանը։

Նա նշում է, որ Չինաստան մուտք գործող և՛ Չինաստանի քաղաքացիների, և՛ օտարերկրացիների համար խստացումներ են կատարել։ «Երկիր մուտք գործելիս, կապ չունի՝ չինացի է, թե օտարերկրացի, պետք է հանձնեն թեստ: Եթե  պատասխանը բացասական է լինում, կարողանում են գնալ իրենց քաղաք, բայց նույնիսկ բացասական լինելու դեպքում պարտադիր 14 օր պետք է մեկուսանան, սենյակից դուրս գալ, աղբ թափել, խանութ գնալ՝ ոչինչ անել չեն կարող»,- ասում է նա։

Լիլիթն ընդգծում է, որ տանը փակված լինելու և ցանկացած պահին դուրս գալու հնարավորություն չունենալու արդյունքում սկսել է գնահատել այնպիսի մանրուքներ, որ նախկինում երբեմն կարող էին անկարևոր թվալ: «Երբեք չէի մտածի, որ նույնիսկ էստեղի սառը օդը շնչելուն սենց կկարոտեի, սառը քամին, ասես վանդակից դուրս գաս ու սկսես ապրել, զգալ… երբեք էսպիսի զգացողություն չէի ունեցել, ինչպես վիրուսից հետո: Կարծում եմ՝ մարդկանց մի մասը ևս կսկսի կարևորել էն ամենը, ինչ առաջ կարևոր չի եղել կամ ուշադրություն չի դարձրել»,- հավելում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am