«Հանրությունը Նիկոլ Փաշինյանից չափազանց մեծ սպասելիքներ ունի, իսկ Փաշինյանի թիվ մեկ մարտահրավերն այդ սպասումները կառավարելն է». քաղաքագետ

«Հանրությունը Նիկոլ Փաշինյանից չափազանց մեծ սպասելիքներ ունի, իսկ Փաշինյանի թիվ մեկ մարտահրավերն այդ սպասումները կառավարելն է». քաղաքագետ
«Հանրությունը Նիկոլ Փաշինյանից չափազանց մեծ սպասելիքներ ունի, իսկ Փաշինյանի թիվ մեկ մարտահրավերն այդ սպասումները կառավարելն է». քաղաքագետ

Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում իշխանության փոխանցման վերաբերյալ պայմանավորվածությունն ի կատար է ածվում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու գործընթացին:

«Այս փուլը արժի անվանել իշխանության փոխանցման փուլ, որովհետև մենք ընդամենն առաջին քայլն ունենք, երբ ՀՀԿ-ն որոշեց համապատասխան թվով պատգամավորներով կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն: Թերևս սա առաջին նշանն է, որ կողմերը պայմանավորվել են իշխանությունը սահուն փոխանցելու շուրջ»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե սրան գումարում ենք այն, որ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից Արմեն Աշոտյանն արդեն հայտարարել է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն է լինելու, կարելի է ասել, որ իշխանության փոխանցման առումով խնդիրներ չպետք է լինեն: Թե ի՛նչ կլինի գործնականում, ի՛նչ կարգի խոչընդոտներ ու խնդիրներ ի հայտ կգան հետո՝ ցույց կտա ժամանակը: «Բայց, համենայնդեպս, իշխանության փոխանցման վերաբերյալ պայմանավորվածությունը դե յուրե տեսք է ստացել»,- հավելում է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովը հատուկ նիստում վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն որոշել էր, որ խմբակցությունից 11 պատգամավոր պետք է կողմ քվեարկեր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ընտրվեր վարչապետ: Արդյունքում՝ Փաշինյանին կողմ քվեարկեց ՀՀԿ-ական 13 պատգամավոր, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները: Մայիսի 1-ին, հիշեցնենք, ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրությունը՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչին հաջորդեց հանրության ընդվզման նոր ալիք: Դրանից հետո մայիսի 2-ին ՀՀԿ-ն փոխեց դիրքորոշումը, հայտարարելով, որ կաջակցի վարչապետի ընտրության գործընթացին:

Անդրադառնալով առաջիկայում սպասվելիք փոփոխություններին՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ ոչինչ հեշտ չի լինելու: Հանրությունը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից չափազանց մեծ սպասելիքներ ունի: Իսկ Փաշինյանի թիվ մեկ մարտահրավերն այդ սպասումները կառավարելն է: «Թե ինչպես նա դա կկարողանա անել՝ կտեսնենք հետագայում: Նա արդեն առաջին հանձնարարականների մասին խոսեց, մասնավորապես, մաքսային ոլորտում և այլ ոլորտներում կլինեն փոփոխություններ և այլն»,- նշում է Սաֆարյանը:

Կախարդական փայտիկ, ըստ քաղաքագետի, նորընտիր վարչապետը չունի: Բայց նա կարծես թե գիտի բանաձևը, սկսում է նրանից, ինչ հնարավոր է այս պահին՝ պարզապես օրենքներն է փորձելու աշխատեցնել:

«Այն օրենքները, որոնք կամայական մեկնաբանությունների էին ենթարկվել: Եվ առայժմ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի ձևավորել իր կառավարությունը և Ազգային ժողով չի բերել օրենքների նախագծեր, առնվազն անում է այն, ինչ հնարավոր է անել»,- հավելեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե այդ ուժն արդեն գործունեություն է ծավալելու ընդդիմադիր դաշտում, Սաֆարյանն ասում է, թե ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շահագրգռված կլինի Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողմամբ: «Եվ այս կտրվածքով, իհարկե, փորձելու է և՛ ընդդիմախոսել, և՛ տորպեդահարել, և՛ անգամ կփորձի պոպուլիզմի գնալ, որպեսզի առաջ անցնի Փաշինյանից և ժողովրդին հաճելի բաներ ասի: Ամեն ինչ պետք է սպասել: Բայց այս ամբողջ գործընթացում մի բան լավ է՝ պետությունը շնչելու է, քաղաքական համակարգը շնչելու է»,- ասում է քաղաքագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am