Չեմ բացառում, որ Ադրբեջանն ուզում է կրկնել 2020-ի սցենարը. Բաքուն ուներ երկու ռազմավարական խնդիր, որոնցից մեկը դեռ չի լուծել. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, ինչո՞վ եք պայմանավորում թե՛ հայկական կողմի շտապողականությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, թե՛ ԱՄՆ-ի։ «Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը»: Այս մասին ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին, որ կայացել է հունիսի 20-ին:

– Տարբեր պատճառներ ունեն նման բան ցանկանալու համար․ Նիկոլ Փաշինյանի համար «անհապաղ»-ը շատ հասկանալի պատճառ ունի. նրան ինչ-որ հաջողության պատմություն է պետք ներքաղաքական նպատակներով, որովհետև հասկանում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունն իրեն այլևս չի վստահում, ու ինչ-որ հաջողության պատմություն է պետք, թեկուզ՝ անկատար պատմություն, թեկուզ այդ թուղթը մի շարք խնդիրների լուծում չի տալու, բայց դա իրեն հնարավորություն կտա ինչ-որ փուլերում այդ թղթի կտորը ձեռքին պտտվել երկրի տարբեր մասերում, ինչպես հիմա Հայաստանի մակետն է ձեռքին։ 

ԱՄՆ-ի համար շատ կարևոր է արագ հանգուցալուծումը, ընդ որում՝ նրանց համար արդյունքը կարևոր չէ, այսինքն՝ իրենց համար երրորդական է, թե դրանից որքան կշահի Ադրբեջանը, կամ որքան կտուժի Հայաստանը։ Բայց ԱՄՆ-ի համար հիմա բարենպաստ պահ է, քանի որ Ռուսաստանը թաթախված է ուկրաինական պատերազմում, իրենք ուզում են գնալ անհապաղ լուծման, որպեսզի կարողանան պոստկոնֆլիկտային այնպիսի վիճակ ստեղծել, որը տարածաշրջանում կսահմանափակի Իրանի, Ռուսաստանի ազդեցությունը, որովհետև կարող է որոշ ժամանակ անց այդ հնարավորությունն արդեն չունենան։ 

ԱՄՆ-ի մյուս շարժիչ գործոնը դարձյալ ներքաղաքական կոնտեքստն է, որովհետև Բայդեն-Բլինքեն զույգին ևս հաջողություն է պետք ընտրությունից առաջ։ Թերևս սրանով է պայմանավորված, բայց ԱՄՆ-ի «անհապաղ»-ը այլևս նախկին արժեքը չունի, որովհետև մենք հիշում ենք, որ իրենք կոչ էին անում նաև «անհապաղ բացել Լաչինի միջանցքը», և տեսանք, թե ինչ եղավ հետո։ 

Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն այդ «անհապաղ»-ի լոգիկայով չի գործում, այսինքն՝ ինքը սակարկության մեծ հնարավորություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի, ինչու ոչ՝ նաև Իրանի հետ, որովհետև վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ նրանք կարծես թե հաղթահարել են ճգնաժամը։ Չեմ էլ կարծում, որ Վաշինգտոնի «անհապաղ»-ն իմպերատիվ բնույթ է կրում, այնուամենայնիվ, Ադրբեջանը մանևրելու հնարավորություն ունի. եթե «անհապաղ» հորդորին անսային՝ նույն օրը խորհրդարանն արձակելու որոշում չէին կայացնի։ 

Ակնհայտորեն այդ ընտրությունը հիմա է ուզում անցկացնել, որպեսզի նոյեմբերից սկսած ձեռքերն ազատ լինեն, իսկ նոյեմբերը պատահական ամիս չէ, դա COP29-ի հետ կապված չէ, այլ կապված է ԱՄՆ-ի նախագահի ընտրության հետ։ Բաքվում հաշվարկել են, որ այդ ընտրության հետևանքով առաջացած տուրբուլենտությունը իրենց համար շանս է, որում կարող են ագրեսիվ մեթոդներով՝ էսկալացիայով կամ ռազմական գործողությամբ հասնել ավելիին։ Իրականությունը սա է։

– Այսինքն՝ չպե՞տք է հույս ունենալ, որ սահմանազատման, սահմանագծման այս գործընթացը Ադրբեջանին կարող է դրդել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

– Չեմ կարծում, գուցե կանոնակարգը ստորագրեն, նույնիսկ այն գնա խորհրդարաններ վավերացման, բայց բուն խաղաղության գործընթացը դժվար կանխատեսելի է, ու այնպես չէ, որ Ադրբեջանը շատ արագ ձգտում է դրան։ Հակառակ պարագայում, կրկնում եմ, երեկվա արտահերթ խորհրդարանական ընտրության մեսիջը շատ հետաքրքիր էր, նման քաղաքական մանևր Ալիևն արեց նաև 2020-ի պատերազմից առաջ, ու դա նորից ԱՄՆ նախագահի ընտրության տարի էր։

– Պարո՛ն Սուրենյանց, այսինքն՝ չե՞ք բացառում, որ Ադրբեջանն ուզում է կրկնել 2020-ի սցենարը։

– Բացարձակապես չեմ բացառում, որովհետև Բաքուն ուներ երկու ռազմավարական խնդիր՝ մեկը ԼՂ-ի հարցն էր, որը լուծել է, երկրորդը՝ «Սյունիքի միջանցքն» է, որը չի լուծել, բայց որը շարունակում է Թուրքիայի ու Ադրբեջանի համար գերխնդիր մնալ։

– Իսկ այդ պարագայում Հայաստանի քաղաքականությունը ո՞րը պետք է լինի։ 

– Ես դեռ անցած տարեվերջին հարցազրույցում եմ ասել, որ առանց միջնորդի բանակցությունների հետևանքը ողբերգական է լինելու։ Միակ ելքն այն է, որ Հայաստանը, քանի դեռ հնարավոր է, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները հնարավորինս արագ փորձի տեղափոխել «3+3» հարթակ։ Բայց իշխանությունը այդ ուղղությամբ քայլեր չի անում, շարունակում է փրկիչներ որոնել Արևմուտքում, շարունակում է խզմալյանների ու մյուսների միջոցով կրկես բեմադրել խորհրդարանում։

Քրիստինե Աղաբեկյան