Եթե միջնորդներ չեղան, չենք կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, իսկ պայմանավորվածությունների երաշխավորները ովքե՞ր են. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ սահմանազատման ու սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի՝ առանց միջնորդների առաջին հանդիպումը: Ինչպե՞ս եք գնահատում նման ձևաչափով հանդիպումը, հաջորդիվ կայանալիք հանդիպումներից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:

– Այս նույն հանձնաժողովները առանց միջնորդների, եթե չեմ սխալվում, ևս երկու անգամ են հանդիպել, բայց այս անգամ, համաձայն եմ ձեզ հետ, համատեքստը ուրիշ է, որովհետև հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկեց սրանից հետո առանց միջնորդների հանդիպել: 

Հիմա, եթե այս հանդիպումը նախադեպ չեն դարձնի պնդելու, որ քաղաքական բովանդակություն ունեցող հանդիպումներն էլ առանց միջնորդների տեղի ունենան, ես մեծ ողբերգություն չեմ տեսնում: Բայց եթե հանկարծ Ադրբեջանը սա համարի նախադեպ՝ պնդելով, որ մյուս շերտերի բանակցությունները ևս պետք է առանց միջնորդների տեղի ունենան, ստիպված պետք է լինենք արձանագրել Հայաստանի դիվանագիտության հերթական պարտությունը: Հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները՝ առանց միջնորդների, ուժային այսօրվա դիսբալանսի պարագայում, կվերածվեն բանակցությունների Հայաստանի կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի մասին: 

– Բայց դուք այն քիչ վերլուծաբաններից եք, որ մշտապես կողմ եք արտահայտվել ուղիղ բանակցություններին:

– Երկու բան եկեք տարբերենք. ես միշտ երկխոսության կողմ եմ եղել, այո՛, եթե հիմա մենք խոսում ենք Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ճիշտ է ուղիղ բանակցությունը: Բայց այստեղ մենք ունենք հետպատերազմական իրավիճակ, այսինքն՝ այստեղ մենք միջազգային երաշխավորների անհրաժեշտություն հստակ ունենք: 

Տարբերությունը եկեք դիտարկենք. այո՛, եթե խոսքը վերաբերում է այնպիսի պետությունների հետ հարաբերություններին, թեկուզ Թուրքիայի, որոնց հետ դու պատերազմական հարաբերությունների մեջ չես, ուղիղ բանակցություններն ամենաճիշտն են: Բայց այս պարագայում, եթե չեղան միջնորդներ, մի կողմից մենք չենք կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը, մյուս կողմից՝ ովքե՞ր են լինելու պայմանավորվածությունների երաշխավորները, սրա մասին է խոսքը: 

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ միջնորդներ ի վերջո կլինե՞ն, եթե նկատի ունենանք, որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջին շրջանում մշտապես շեշտում են առանց միջնորդների բանակցության անհրաժեշտությունը:

– Չէ՛, Թուրքիան մի քիչ այլ շեշտադրումներ է անում, ի դեպ՝ Ադրբեջանը ևս, որ տարածաշրջանային կոնտեքստում հարցերը պետք է լուծվեն, ինչը ևս ենթադրում է միջնորդներ: Օրինակ՝ դա կարող է լինել այդ «3+3» ձևաչափը: Միջնորդներ կարող են լինել, օրինակ՝ Ռուսաստանը կամ Թուրքիան, կամ կարող է միայն Ռուսաստանը լինել, կամ կարող են արևմտյան խաղացողներ լինել, այսինքն՝ որ ասում են տարածաշրջանային կոնտեքստում, նկատի ունեն հատկապես «3+3»-ը: 

Ես ամենաիրականը համարում եմ, որ հենց տարածաշրջանային խաղացողները միջնորդներ լինեն, դա ամենաիրական միջնորդական հարթակն է, որովհետև գետնի վրա նրանք ազդեցություն ունեն, նրանց բանակներն են այստեղ, նրանք են գտնվում մեր հարևանությամբ, լոգիստիկ խնդիրներն առանց նրանց չեն կարող լուծվել և այլն, և այլն:

– Իսկ սահմանազատման ու սահմանագծման այս առանց միջնորդների հանդիպումներից ի՞նչ սպասենք:

– Դա կարող է լինել, որովհետև այնտեղ հիմնականում տեխնիկական խնդիրներ են քննարկվում, քաղաքական համաձայնություններն ավելի բարձր մակարդակով են կայացվում:  Այդ հանձնաժողովի նիստերը նախկինում էլ, մեկ կամ երկու դեպք եմ հիշում, որ առանց միջնորդների են հանդիպել: Այստեղ խնդիր չեմ տեսնում, բայց եթե դա նախադեպ չդառնա՝ մյուս ձևաչափերում էլ առանց միջնորդների հանդիպելու: Ադրբեջանը դրան է հակված, հիմա այս փաստն ինքը վերցնելու ու փորձելու է, օրինակ՝ առաջին դեմքերի, ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել առանց միջնորդների:

– Այսինքն՝ ռեալ մտավախություն ունեք, որ մյուս բովանդակության հանդիպումներն էլ են առանց միջնորդների ընթանալու:

– Ադրբեջանը փորձելու է ձգտել դրան, դա իր մաքսիմում ծրագիրն է, եթե չստացվի՝ փորձելու է տարածաշրջանային կոնտեքստը առաջարկել: Մեծ հաշվով՝ տարածաշրջանում անվտանգության համակարգ է, որը կազմված է Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությունների վրա, հիմա սա մեզ կարող է դուր գալ կամ չգալ, բայց դրանից իրողությունը չի փոխվում: Հետևաբար, եթե մենք ռեալիզմից ենք ելնում՝ հենց Ռուսաստանն ու Թուրքիան պետք է երաշխավորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, միևնույն ժամանակ, ես մի քանի անգամ նշել եմ, որ մեր պետականության լինելության խնդիրը պայմանավորված է հենց հայ-ռուսական ու հայ-թուրքական հարաբերությունների որակով:

– Հիմա այդ երկու հարաբերության որակը եթե գնահատեք՝ ի՞նչ կասեք:

– Շատ տխուր. հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ տոքսիկ մթնոլորտ է, ու մեր դիվանագիտությանը չի հաջողվել, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, Թուրքիայի հետ որևէ լուրջ քաղաքական երկխոսություն ունենալ:

– Փաստորեն, մեր պետականության լինելությունը հիմա վտանգվա՞ծ է: 

– Բայց հիմա մենք գիտենք, որ վտանգված է, եթե հստակ երաշխիքներ, գոնե այս պահին, մենք չունենք, որ 29800 քառակուսի կիլոմետրը կարող է պահպանվել, դա արդեն շատ լուրջ սպառնալիքի մասին է խոսում: Մինչև չլինի հարաբերությունների կարգավորում ՝ մի կողմից հայ-ադրբեջանական, մյուս կողմից՝ բնականոն հարաբերություններ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ, քո պետության լինելությունը վտանգված է: Եթե չկան սրանք, քո պետության լինելությունը վտանգված է, ու որևէ փրկիչ Արևմուտքից, Արևելքից կամ որևէ տեղից չես գտնելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am