Մե քեֆ, մե ուրախություն. տարեցտարի ավելի շատ իրանցիներ են նախընտրում Հայաստանում նշել Նովրուզը և «լիցքաթափվել»

Երևանի փողոցներում չադրաներով կանանց և բեղերով տղամարդկանց առկայությունը, իրանական համարանիշներով բազմաթիվ մեքենաները խոսում են այն մասին, որ իսլամական աշխարհում արդեն սկսվել է Նովրուզը:
Արդեն ավանդության համաձայն` մուսուլմանական Նովրուզի` Ամանորի օրերին Հայաստանի սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետությունից բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան` Նովրուզը «պատշաճ» տոնելու նպատակով: Տոնն ավանդաբար սկսվում է մարտի 21-ին և տևում տասներեք օր:
Տարեցտարի իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստան, մասնագետների պնդմամբ` աճում է:

«Եթե անցյալ տարի Նովրուզի օրերին Հայաստան է այցելել 21.476 իրանցի, ապա այս տարի Հայաստանն ակնկալում է շուրջ 30 հազար զբոսաշրջիկների այց»,- «Մեդիալաբին» տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից:

Իրենք` իրանցի զբոսաշրջիկներն ասում են, որ Հայաստան են գալիս հիմնականում այն պատճառով, որ Իրանում արգելված բազմաթիվ ժամանցներ կարող են այստեղ անցկացնել:

Իրանցիները զվարճանում են գիշերային ակումբներում, սրճարաններում, ռեստորաններում:

Այս օրերին Երևանի փողոցներում կարելի է հաճախ տեսնել ռեստորաններից դուրս եկող բարձր տրամադրությամբ, «գինովցած», տիպիկ իրանական արտաքինով քաղաքացիների, որոնց համար Երևանը վերջին տարիներին իսկական զվարճանքի և լիցքաթափվելու վայր է դարձել` Իրանի խիստ բարքերից հետո:

Լրագրողների հետ զրույցներում, սակայն, զբոսաշրջիկները իրենց գինարբուքների մասին նախընտրում են լռել:

Դոկտոր Փեյմանիան «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ այս տարի առաջին անգամ է եկել Հայաստան: Նա Հայաստանում է ընտանիքի անդամների հետ:

«Այստեղ համերգներ են կազմակերպվում, նաև անգլերեն լեզվով, դրա համար էլ ենք Երևան եկել: Բացի այդ, մենք ուզում ենք ճանաչել Երևանի մարդկանց, շփվել նրանց հետ»,- ասում է նա:

Սոմայե Շահբոնզադեն էլ ասում է, որ Երևանը լավ քաղաք է, դրա համար է այս տարի եկել այստեղ` տեսնելու այն:

Մեկ այլ իրանցի զբոսաշրջիկ` Ֆաթիման էլ ասում է, որ եկել է Երևան Նովրուզը նշելու, քանի որ ամռանն արդեն եղել է այստեղ, և քաղաքն իրեն դուր է եկել:

«Ես սիրում եմ Երևանը, այստեղ հանգիստ է և հարմար: Եվ մարդիկ էլ լավն են: Եկել եմ մորս, մորքուրիս և ամուսնուս հետ»,- ասում է Ֆաթիման:

Իրանցի Անան էլ արդեն տևական ժամանակ է` Հայաստանում է ապրում, Նովրուզի օրերին էլ նրան հյուր են եկել ընտանիքի անդամները` տոները միասին նշելու համար:

«Իրանցիներն այստեղ են գալիս, որովհետև այստեղ հայտնի երգիչներ են գալիս համերգների»,- ասում է Անան:

Այս օրերին հատկապես Երևանի բոլոր հյուրանոցները իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով աշխատում են խիստ ծանրաբեռնված:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության տվյալներով` իրանցի զբոսաշրջիկները Նովրուզի օրերին հիմնականում Երևան են գալիս և ոչ թե Հայաստանի մարզեր, քանի որ նրանք գալիս են այստեղ զվարճանալու և ոչ թե Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելելու:

Հենց այդ պատճառով էլ Երևանի հյուրանոցներում, չնայած բարձր գներին, մեծ են իրանցիների թիվը:

«Անի պլազա» հյուրանոցում, օրինակ` ներկայումս հանգրվանողների ավելի քան 60 տոկոսը իրանցիներ են: Ընդ որում, ինչպես «Մեդիալաբին» հաղորդեցին հյուրանոցից, անցյալ տարվա համեմատությամբ, իրանցի այցելուների թիվն իրենց մոտ էլ ավելի է ավելացել:

Նույն կերպ մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ են հանգրվանել նաև «Մարիոթ Արմենիա», «Գոլդեն թյուլիփ», «Արարատ» և նաև մյուս հյուրանոցներում: Իսկ թե կոնկրետ որքա՞ն է կազմում նրանց թիվը, հյուրանոցներից հրաժարվեցին տեղեկացնել` նշելով, որ դա «կոնֆիդենցիալ տեղեկություն է»:

Հյուրանոցների խնդիրը փաստորեն դարձել է արդիական, ինչը երևում է հատկապես մուհմեդական Նովրուզի օրերին:

«Այս օրերին հատկապես զգացվում է, որ Երևանում գիշերելու տեղի խնդիր կա»,- «Մեդիալաբին» տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Այդ խնդիրը, ըստ այդմ, փորձում են լուծել բնական ճանապարհով` նոր հյուրանոցներ կառուցելով: «Մեդիալաբին» զբոսաշրջության վարչության հաղորդած տվյալներով` հյուրանոցաշինությունը մեծ թափ է ստացել, որը հնարավորություն կտա հատկապես Երևանում լուծել տեղերի խնդիրը:

Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, տարեկան Հայաստան է այցելում միջինը 100 հազար իրանցի զբոսաշրջիկ: Նրանց մեկ երրորդը ակնհայտորեն Հայաստան է այցելում հատկապես Նովրուզի օրերին:

Քրիստինե Խանումյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am