Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 55 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել.Factor

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը 55 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որը քննվել է երեկ։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): 

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ:

Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ:

Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: