ՌԴ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է համատեղ հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին

Մոսկվան կարծում է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն բերի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ապակայունացման և չեն վտանգի երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության կետերի կատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն բերի իրավիճակի ապակայունացման, որը կվտանգի ստորագրված հայտարարությունը»,- նշել է Ռուդենկոն:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: