«Տվյալ դեպքում մեկուսացվելը տեղեկատվական առումով միայն վտանգ և նոր տեղեկատվական պարտություններ կբերի». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, պաշտպանության նախարարությունը հրապարակել է արգելքների ուղեցույց հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար։ Լուսաբանման առումով այս անգամ 44-օրյա պատերազմի համեմատությամբ կա՞ արդյոք որոշակի փոփոխություն։ Որքանո՞վ ենք դասեր քաղել 44-օրյա պատերազմից։

– Ես կարծում եմ` լրատվամիջոցները որոշ չափով փոփոխված վերաբերմունք ունեն իրենց աշխատանքի նկատմամբ։ Եթե 44-օրյա պատերազմի գոնե առաջին շաբաթների ընթացքում կար հիմնական տրամադրվածություն՝ հենվելու միայն պաշտոնական տեղեկատվության վրա, կարծում եմ՝ հետագայում որոշակի վերանայում եղավ այդ մոտեցումներին։

Ե՛վ հետպատերազմյան շրջանում, և՛ այսօրվա ընթացքում մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցների մեծ մասն այնքան էլ հակված չէ հենվելու միայն պաշտոնական տեղեկատվության վրա և փորձում է նաև այլընտրանքային աղբյուրներից օգտվել և տարածել օպերատիվ տեղեկություններ։

Կա որոշակի նմանություն 44-օրյա պատերազմի, բացառությամբ առաջին օրերի, մնացած ժամանակահատվածի հետ՝ արգելափակված են ադրբեջանական լրատվական կայքերը, որոնք միշտ այլընտրանքային տեղեկությունների աղբյուր են։ Եվ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում դա նաև Հայաստանի կողմից ձեռնարկված միջոցներ էին, այս պահին դա միայն Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երևի դրանով փորձում են հնարավորինս սահմանափակել իրենց տեղեկատվական հաղորդագրությունների հերքումը հայկական աղբյուրների կողմից։

Որքան մենք տեսնում ենք, շատ հակասական տեղեկություններ են հաղորդվում հայկական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրների կողմից։ Եվ այն տեղեկատվական հոսքերը, որոնց վրա հենվում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները, միանգամայն տարբեր են, բնականաբար, եթե խոսքը միջազգային տարբեր խաղացողների կողմից պաշտոնական հաղորդագրությունների մասին չէ, որոնք գրեթե նույնությամբ են հաղորդվում։

Բայց ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, դրանց պատճառներին և սահմանին տիրող իրավիճակին, տեղեկատվությունը շատ տարբեր է։

Այսօր կոչեր են հնչում սոցիալական ցանցերը, մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական ցանցը փակելու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ կարծիք ունեք այս կոչերի վերաբերյալ, արդյոք խոսքի ազատության սահմանափակո՞ւմ չէ։ Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ժամանակ կարծես թե արգելափակել էին Ֆեյսբուքը:

– Նախ ճշտենք, որ Ադրբեջանում ավելի շատ առանձին տարածքներում էր տեղի ունենում սոցիալական ցանցերի արգելափակում, և մարդիկ, որոնք աշխատում են տեղեկատվական աղբյուրների հետ, բավականին արագ այդ սահմանափակումները շրջանցելու հնարավորություններ գտան։ Եվ ես չեմ կարծում, որ արդյունավետ գործիք կլինի, եթե փակվի Հայաստանում, որովհետև մեզ մոտ բավականին լուրջ կառույցներ կան, որոնք ակտիվորեն և շատ դեպքերում արդյունավետ կերպով մասնակցում են այդ տեղեկատվական հոսքերի ձևավորմանը, և նրանց պետք է իմանալ՝ ինչ է խոսվում հակառակ կողմի հաղորդումներում, ընդհանրապես ինչպիսի քննարկումներ կան միջազգային հարթակներում, որպեսզի իրենք էլ համարժեք գործեն։ Տվյալ դեպքում մեկուսացվելը տեղեկատվական առումով միայն վտանգ և նոր տեղեկատվական պարտություններ կբերի։

Պարո՛ն Նավասարդյան, կա՞ որոշակի փոփոխություն 2 տարի առաջվա և ներկա իրավիճակի միջև լուրերի մատուցման առումով։

Փոխվել է այն, որ հաշվի են առնվել որոշ դասեր։ Մեկ դասի մասին արդեն խոսեցի, որ չկա նախկին վստահությունը պաշտոնական աղբյուրների նկատմամբ։

Բացի դրանից, մեր գործընկերները սովորել են փնտրել և գտնել այլընտրանքային աղբյուրներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Եվ հիմա, հենց այս մեկ օրվա ընթացքում մենք տեսնում ենք, որ բավականին ակտիվորեն օգտագործվում են այդ աղբյուրները։

– Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր տեղեկատվական պատերազմում հաջողություն գրանցել։

Նախևառաջ, եթե խոսքը Հայաստանի դիրքը տեղեկատվական միջավայրում պաշտպանելու մասին է, ապա առաջին և հիմնական խնդիրը կապված է Հայաստանի կողմից վարվող դիվանագիտական և այլ քաղաքականությունների հետ, որովհետև հստակություն չկա մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքում, թե ի՛նչ ծրագրեր ունի Հայաստանը հակամարտության հետ կապված, ի՛նչ ճանապարհներով է փորձում հաղթահարել այդ հակամարտությունը, արդյոք կա՞ հստակ ռազմավարություն այդ ուղղությամբ։

Եթե դա լիներ, ինձ թվում է՝ ավելի դյուրին կլիներ համապատասխան խնդիրներ դնել տեղեկատվական դաշտում խաղացողների առաջ։

Բայց երբ մեր Կառավարության և դիվանագիտական կորպուսի աշխատանքը շատ դժվար է հետևողական համարել և շատ դժվար է պատկերացում կազմել՝ ինչ նպատակներ են հետապնդում և ինչ մեխանիզմներով և մեթոդներով են փորձում հասնել այդ նպատակներին, դա չի կարող չանդրադառնալ նաև լրատվամիջոցների աշխատանքի վրա։

Այսինքն՝ մոտեցումների առումով այստեղ էլ չկա հստակություն, այստեղ էլ չկա խնդրի գիտակցում, թե ի՛նչ պետք է տարածել և ինչպե՛ս պետք է տարածել, որ համոզիչ լինի լսարանի համար: Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք, որը հեռու է միայն լրատվամիջոցներից և լրագրողներից կախված լինելուց։

Այսինքն՝ առաջին դեմքերի մակարդակո՞վ էլ չկա պատասխանատվության գիտակցում՝ ի՞նչ տեղեկատվություն և ինչպե՞ս մատուցել։

Իմ պատկերացմամբ՝ քանի որ չկան հստակ ծրագրեր և գործողությունների նախապատրաստում, այդ հողի վրա շատ դժվար է նաև մշակել համապատասխան քաղաքականությունը տեղեկատվության ոլորտում, որովհետև դու պետք է իմանաս՝ ո՛րն է քո անելիքը այսօր, վաղը, մի քանի ամիս հետո, ի՛նչ սցենարներ ես պատկերացնում, ինչպե՛ս ես փորձում այդ սցենարներում հասնել քո խնդիրների լուծմանը, ինչպե՛ս ես դու դրա վրա կառուցելու տեղեկատվական քաղաքականություն։ Եվ սա է այսօր մեր հիմնական խնդիրը։

Մանե Հարությունյան

MediaLab.am