Ունենք կայուն լարված վիճակ. նախարարը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

Հայաստանում վերջին 1-2 շաբաթների, կորոնավիրուսով պայմանավորված, կայուն լարված իրավիճակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ օրվա գրանցված դեպքերի թիվը 510 է:

«Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքոմ կայուն լարված իրավիճակ ունենք, պահպանվում են թվերը, որոնք գրանցվել են դրա նախորդ շաբաթվա ընթացքում, այսինքն` հիվանդացության նվազում դեռ չունենք: Իհարկե, միանշանակ կարևոր է, որ ունենք կայունացում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ գրանցված դրական արդյունքով քաղաքացիների շրջանում հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է, ինչը նշանակում է, որ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը: «Այս պահին մենք ունենք ծավալված մոտ 2 600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են: Բայց, ինչպես հասկանում եք, այս ռեսուրսն անսահման չէ: Առաջիկայում ևս ունենք հնարավորություն՝ մի փոքր ավելացնելու»,- ասաց նա ու հավելեց՝  պետք է ամեն ինչ անեն, որ հոսպիտալացման հերթին սպասող բուժառուներ չլինեն:

Ավանեսյանը հիշեցրեց, որ հիվանդությունն ունի բավական անկանխատեսելի ընթացք՝ հորդորելով զգոնությունը չկորցնել: «Պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ համաճարակի էջը փակված համարենք մի որոշ ժամանկ հետո»,-ասաց Ավանեսյանը: