Զինծառայողը շարունակել է ծառայությունը՝ առանց պատշաճ բուժզննության. hcav.am

Առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողին պատերազմական գործողություններին մասնակցելուց հետո, չնայած առողջական վիճակի բարդացմանը, բուժզննության չէին ենթարկում։ Պաշտպանության նախարարությանը ՀՔԱՎ-ի գրություններից հետո վերջապես նա ներկայացվեց բժշկական փորձաքննության, որի արդյունքների հիման վրա վաղաժամ զորացրվեց։

2020 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2020 թվականի օգոստոսին զորակոչված Յ․Դ․-ի մայրը՝ իր որդու առողջական խնդիրների հարցով։ 

Մինչ զորակոչվելը՝ զինծառայողն ունեցել է կակազություն և սրտի հետ կապված խնդիրներ։ Երևանի բժշկահոգեբանական կենտրոնի 2015 թվականի բուժզննության արդյունքներով համարվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։

Զորակոչի ընթացքում անցնել է հետազոտություն «Արմենիա» ԲԿ-ում, սակայն, չի մնացել ստացիոնարում, չի ուղեգրվել հետագա բուժզննումների և չի անցել դինամիկ հսկողություն, այնինչ, ըստ ՀՀ Կառավարության 404 որոշման 68-րդ հոդվածի․ «Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության՝ ներառելով նյարդաբանի, հոգեբույժի և քիթկոկորդականջաբանի (նաև լոգոպեդի) խորհրդատվությունը։ Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով։ Փորձաքննական եզրակացության համար նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը՝ ներառյալ, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա»։

Բացի դրանից՝ զինծառայողն ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ներփորոքային հաղորդակցության խանգարում, հազվասրտություն և հաճախասրտություն։

Յ․ Դ․-ը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված պատերազմին, և ինչպես նշում է մայրը՝ թեև Յ․ Դ․-ի մոտ վիճակը ավելի էր բարդացել, սակայն շարունակում էր կատարել ծառայողական պարտականությունները։ Չնայած նրան, որ զորակոչվելուց ի վեր արձանագրված են եղել առողջական խնդիրները, դրանք հաշվի չեն առնվել ո՛չ զորակոչի, ո՛չ զինվորական ծառայության ընթացքում։

Մանրամասները՝ այստեղ