«Դա դժոխք էր». աշխատանքները շարունակվում են, սակայն թրաֆիքինգի միտումները չեն նվազում

Հեղինակ MediaLab

Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի 22-ամյա Անի Մուրադյանը չէր էլ պատկերացնում, թե արտերկրում խոստացված լավ աշխատանքն ինչպես է փոխելու իր կյանքն ու խարան թողնելու ճակատագրի վրա:
«Այն, ինչ պատահեց ինձ հետ, մղձավանջ էր… Օդանավակայանում վերցրին փաստաթղթերս, և ես դարձա նրանց ստրուկը: Երբ առաջին անգամ իմ սենյակ տղամարդ մտավ, և ես ընդդիմացա, նա ինձ ծեծեց: Հետո հանձնվեցի: Այդ ամիսներին ես հասկացա` ի´նչ է դժոխքը: Լինում էին օրեր, երբ կարող էի մոտ 20 այցելու ընդունել»,- պատմում է Անին, որը մի կերպ է դուրս պրծել «դժոխքից» և մինչև հիմա մեկուսացված է հասարակությունից:

Թրաֆիքինգով զբաղվող կազմակերպություններն իրենց զեկույցներում նշում են, որ հիմնականում թիրախ են դառնում մարզերում բնակվող, դժվարին սոցիալական կացության մեջ գտնվող կանայք, որոնց գրավում է «լավ աշխատանք» ունենալու գաղափարը: Անի Մուրադյանը ևս պատմում է, որ բազմանդամ ընտանիքին ինչ-որ կերպ աջակցելու հույսն ստիպեց բռնել մի ճանապարհ, որն իրեն «լուսավոր» էր թվում:

«Ամուսնալուծված եմ, ունեմ երկու փոքր երեխաներ, իսկ հայրական տանս առանց մեզ էլ ապրելու ոչ մի հնար չկար: Ես էլ ուրախացա, թե կարողանալու եմ օգնել,-պատմում է նա: – Եթե պատկերացնեի, թե ո´ւր եմ գնում, սոված մեռնեինք էլ, չէի գնա»:

Չնայած Հայաստանում թրաֆիքինգի դեմ շարունակական պայքարին, թրաֆիքինգի դեպքերը նվազման միտում չեն արձանագրում:

«Միջազգային տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երկրի տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ երկիրը վտանգում է ծագման երկրից դառնալու նպատակակետ երկիր: Մենք արդեն վերջին երկու տարիների տվյալներով ունենք նման ռիսկային գոտի դառնալու հնարավորություն»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը:

Այդուհանդերձ, այսօր Հայաստանը հիմնականում համարվում է ծագման երկիր, այսինքն` հիմնականում զոհերին խաբեությամբ տանում են արտասահման այնտեղ նրանց շահագործելու նպատակով:

«Եթե զոհերի թվի տեսանկյունից վերցնենք, ամենամեծ թիվն Արաբական Էմիրություններում է: Ընդհանուր տարածված մտայնությունը, թե Թուրքիայում մեր զոհերն ավելի շատ են, ճիշտ չէ»,- «Մեդիալաբին» ասում է Ձյունիկ Աղաջանյանը:

Նրա խոսքով` երբ խոսում են թրաֆիքինգի զոհերի մասին, նկատի ունեն բոլոր այն զոհերին, որոնք թրաֆիքինգը տալիս է` սեռական շահագործում, հարկադիր աշխատանք, ստրկություն: Մեր երկրում գերակշռողը սեռական շահագործման ենթարկվածներն են:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի հայտնաբերմամբ և մեղավորների ձերբակալմամբ` օգտագործելով հասարակական, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ, միջպետական համաձայնություններ և այլ օղակներ, երբեմն նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին:

Ըստ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության տվյալների` թրաֆիքինգի զոհերի թիվը Հայաստանում տարեկան չի գերազանցում 40-50-ի սահմանը:

Թրաֆիքինգը բնութագրող ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները 132-րդն ու 132.1-րդն են:

Դրանցում նշվում է, որ հանցավոր է համարվում «Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը» և «Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության, կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը»:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` 2010 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածների հատկանիշներով այսօր քննվում են հինգ քրեական գործեր:

«Նշված ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածով կայացվել է մեկ դատավճիռ` մեկ անձի նկատմամբ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թ. մարտի 16-ի դատավճռով Վ. Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 7,5 տարի ժամկետով»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

«ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպությունն իր կողմից նշում է, որ 2010 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ թեժ գծի հեռախոսահամարով ստացվել է միջին հաշվով ամսական 118 զանգ, որոնցից թրաֆիքինգի վերաբերյալ ահազանգերը կազմել են 9,1%:

«Թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրելու նպատակով շարունակել են գործել ապաստանը և խորհրդատվական կենտրոնը: Անցյալ հինգ ամիսների ընթացքում ԱՄՔՈՐ-ի ապաստանի և խորհրդատվական կենտրոնի օժանդակությամբ աջակցություն են ստացել 13 թրաֆիքինգի զոհեր, որոնցից տասն ուղղորդվել են այս տարի»,- տեղեկացնում են «ԱՄՔՈՐ» ՀԿ-ից:

Իսկ համաձայն ՀՀ ոստիկանության` «Մեդիալաբին» տրամադրած տվյալների` 2010 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 132.1-րդ հոդվածների հատկանիշներով իրականացվել է վարույթ վեց քրեական գործերով:

«Բոլոր վեց գործերը վերաբերել են կանանց պոռնկության շահագործմանը: Դրանցից երեքը վերաբերել են ներքին թրաֆիքինգի դեպքերին, մեկով շահագործումը իրականացվել է և´ Թուրքիայում, և´ ՀՀ-ում, մեկով նպատակակետ երկիր է հանդիսացել Թուրքիան, մեկով` ԱՄԷ-ն: Մեղադրյալները վեցն են: Նշված գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել վեց զոհեր, որոնցից մեկը` անչափահաս»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանելով ոստիկանության հաղորդագրությունը` թրաֆիքինգի անչափահաս զոհերով զբաղվող չեխական «People in Need» («Մարդը դժբախտության մեջ») կազմակերպության ծրագրի համակարգող Տաթևիկ Բեժանյանը պատմում է, որ Հայաստանում երեխաների թրաֆիքինգի դեպքերը բացառապես ներքին թրաֆիքինգի դեպքեր են:

«Մենք չունենք տվյալներ, որ մեր երեխաները դուրս են տարվել: Երեխաների հետ մեր բացահայտած թրաֆիքինգի դեպքերը բացառապես ներքին դեպքեր են, երբ երեխաները տեղափոխվել են կամ Հայաստանի մի մարզից մյուսը, կամ Երևանի մի տարածքից մյուսը: Այս պարագայում երկու մուրացկանության դեպք է հայտնաբերվել և մեկ սեռական շահագործում»,- «Մեդիալաբին» ասում է Տաթևիկ Բեժանյանը:

Եվրոպական միության և «People in Need» կազմակերպության «Երեխաների թրաֆիքինգը և շահագործումը Հայաստանում» աշխատությունում նշված է, որ թրաֆիքինգի ենթարկվելու երեխաների ամենառիսկային խումբը 14-17 տարեկաններն են: Տաթևիկ Բեժանյանի կարծիքով` պատճառն այն է, որ դեռահասները վառ երևակայություն ունեն և կարողանում են արձագանքել ամենատարբեր գայթակղիչ առաջարկների:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am