Ո՞նց կարող է մարդը էս կրակոցները, զոհերը տեսնի, ու խուճապ չլինի․ իրավիճակը Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում

«Չենք տեսել, թե ինչպես են մերոնք խոցում, գիշերվա ժամ էր, բայց էդ գմփոցը լսելուց հետո բոլորը դուրս են եկել տներից։ Ձայնը լսվել է բոլոր գյուղերում էլ»,- թշնամու ԱԹՍ-ների խոցման մասին «Մեդիալաբին» պատմում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում արձանագրվել էին թշնամու ԱԹՍ-ների կողմից ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, որոնք կասեցվել էին ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։

Չնայած սահմանային կրակոցներ այժմ չկան, բայց, Ավետյանի խոսքով, համայնքի բնակիչներն անհանգիստ են ու վախեցած։

«Մինչև իրավիճակը չհարթվի, ու մարդիկ չզգան, որ ամեն ինչ անցավ, իրենք անվտանգ են, էդ անհանգստությունը, վախն ու խուճապը մարդկանց մոտ լինելու են։ Բայց մարդիկ հարմարվել են դրան, ու խուճապը չի տանում նրան, որ գյուղերը լքեն»,- ասում է Գեղամասարի ղեկավարն ու նշում, որ իրենք էլ այդ ուղղությամբ աշխատանք են տանում, բնակիչներին ասում, որ շուտով ամեն ինչ լավ կլինի։

Հակոբ Ավետյանն ասում է, չնայած խոչընդոտներին՝ այնուամենայնիվ, համայնքում դաշտային աշխատանքներն արվում են, բացառությամբ այն դաշտերի, որոնք շատ մոտ են թշնամու սահմանին, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա, մարդկանց մոտ անորոշ վիճակ է, առաջվա տրամադրություններն ու տրամադրվածությունները չկան։

Վանևան գյուղում, որտեղից 3,5 կիլոմետր դեպի հյուսիս են ընկել թշնամու խոցված ԱԹՍ-ի բեկորները, ևս լսել են այդ ուժեղ ձայները։

«Կոնկրետ չգիտեմ՝ որտեղ են ընկել բեկորները, բայց բոլորս էլ լսել ենք ձայները։ Այս պահին գյուղում նորմալ է, իսկ անհանգստություն, վախ մարդկանց մոտ, ոնց էլ չլինի, կա»,- «Մեդիալաբին» ասւմ է Վանևանի գյուղապետ Իգոր Հարությունյանը։

Վանևանում՝ ի տարբերություն Գեղամասար համայնքի որոշ գյուղերի, դաշտային աշխատանքներին խոչընդոտողներ չկան, քանի որ գյուղը սահմանամերձ չէ։

Վերին Շորժայում էլ չնայած չեն լսել գիշերվա այդ ուժգին ձայները, բայց գյուղում վախի ու խուճապի մթնոլորտ կա։

«Դուք վախ ու խուճապ չունե՞ք, անկախ նրանից, է՞ս գյուղում եք ապրում, թե՝ չէ։ Ոնց կարող է մարդը էս կրակոցները, զոհերը տեսնի, ու խուճապ չլինի։ Անասունը որ անասուն է, էլի վախեցած են կրակոցներից»,- «Մեդիալաբին» ասում է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ 

Երանոսյանն ասում է, որ այս պահին գյուղում կրակոցների ձայն չի լսվում, մարդիկ իրենց առօրյա գործերն անում են, բայց՝ անհավես։

«Ստիպված անում ենք, բայց հեչ տրամադրություն չունենք։ Ես անձամբ անում եմ, բայց տրամադրություն չունեմ»,- ասում է գյուղի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում թշնամին դիմել էր նախահարձակ գործողությունների, ինչի հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկության, ուներ երեք զոհ և չորս վիրավոր։ Նույն օրը ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը կրակի դադարեցման պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը, սակայն, ադրբեջանական կողմը խախտել էր երեկ՝ հուլիսի 29-ին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am