Պորտուգալիայի նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուն ստորագրել է օրենքը, որով հանրային վայրերում արգելվում է դեմքն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ծածկող իսլամական հագուստ կրելը, այդ թվում՝ բուրկա և նիկաբ։ Օրենքը խորհրդարանն ընդունել էր հուլիսին։ Այս մասին գրում է Euronews-ը։ Նոր կարգավորումը վերաբերում է այն հագուստին, որը խոչընդոտում է անձի դեմքի տեսանելիությանը և նույնականացմանը։
Միաժամանակ օրենքով արգելվում է որևէ մեկին պարտադրել դեմքը ծածկել՝ սեռի, կրոնի, տարիքի կամ ծագման հիմքով։ Օրենքի խախտման համար նախատեսվում են տուգանքներ։ Ոչ դիտավորյալ խախտման դեպքում տուգանքը կարող է կազմել 150-ից 750 եվրո, իսկ դիտավորյալ խախտման դեպքում՝ 400-ից 3000 եվրո։ Բացառություններ են նախատեսված առողջական, մասնագիտական, անվտանգության և որոշ մշակութային կամ կրոնական դեպքերի համար։
Օրենքի նախաձեռնությունը ներկայացրել էր աջ պոպուլիստական Chega կուսակցությունը։ Քննադատները պնդում են, որ այն կարող է խորացնել խտրականությունն ու իսլամաֆոբիան, մինչդեռ կողմնակիցներն այն հիմնավորում են հանրային անվտանգության և անձի նույնականացման անհրաժեշտությամբ։



















