Չի սատարի ոչ մեկի՞ն. ըստ Ստեփան Սաֆարյանի` «ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է»

Չի սատարի ոչ մեկի՞ն. ըստ Ստեփան Սաֆարյանի` «ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է»
Չի սատարի ոչ մեկի՞ն. ըստ Ստեփան Սաֆարյանի` «ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է»

Գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ՀԱԿ-ի հայտարարությունը մեկնաբանությունների տեղիք է տվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր թեկնածությունը չառաջադրելու վերաբերյալ խոսել էր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ այսօր ՀԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ոչ մեկին չսատարելու իր որոշումը պատճառաբանել էր վերջին հինգ տարում կատարելագործված ընտրակեղծարարությամբ, ընտրակաշառքների մեխանիզմով, ուռճացված ընտրողների ցուցակներով:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Հայ ազգային կոնգրեսն անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»,- նշվում է հայտարարությունում:

Այս որոշումը շատերի համար անսպասելի էր, քանի որ սպասումներ կային, որ ՀԱԿ-ը առնվազն կսատարի ընդդիմադիր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով ի տարբերություն Տեր-Պետրոսյանի որպես նախագահի թեկնածու կմասնակցի ընտրություններին:

Ըստ քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի` Կոնգրեսի որոշումը «ՀԱԿ-ում ներքին հակասությունների արդյունք է»:

«ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է. ներքին հակասությունների, պառակտումների և փլուզման վտանգի առջև է կանգնած: Այդ իրավիճակում նա չէր կարող թեկնածուով հանդես գալ: Իսկ թե ինչո՞ւ է հրաժարվում սատարել Հրանտ Բագրատյանին, ըստ էության, հիմնական պատճառը տարաձայնություններն են, ու հնարավոր չէ միասնական որոշման գալ»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի կազմում գտնվող «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջադրվել է գալիք 2013-ի նախագահական ընտրություններում և վերջերս հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է իր ակտիվ համագործակցությունը Կոնգրեսի հետ: Միևնույն ժամանակ Բագրատյանը նշել էր, որ «շատ լավ հարաբերությունների» մեջ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Lragir.am-ի հարցին, թե ինչպե´ս է նա մեկնաբանում ՀԱԿ-ի հայտարարությունը, Բագրատյանը հրաժարվել է մեկնաբանելուց և պատասխանել է.

«Ես չեմ մասնակցել այդ հայտարարությանը, իրենց գործն է»,- նշել է նա:

© Medialab.am