«Մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է պատերազմ պայթել». Ռիչարդ Կիրակոսյան

«Մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է  պատերազմ պայթել». Ռիչարդ Կիրակոսյան
«Մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է պատերազմ պայթել». Ռիչարդ Կիրակոսյան

Ամոթ է և վտանգավոր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը շարունակում է մեծաքանակ զենք վաճառել Ադրբեջանին: Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով մտահոգ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի առուվաճառքի վերջին գործարքներով:

«Հայաստանը պետք է նկատի ունենա, որ Ռուսաստանի ծրագրում մի քիչ անվստահություն կա»,- «Մեդիալաբին» ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ռուսական տանկերի վերջին խմբաքանակի վաճառքը Ադրբեջանին, որը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ընդամենը կոմերցիոն գործարք էր անվանել, Ռիչարդ Կիրակոսյանը ռազմավարական գործընկերոջ կողմից իրականացված ամոթալի քայլ է համարում: Նա նկատում է, որ Ռուսաստանը Ղարաբաղյան համակարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ  Մինսկի խմբի ադամ երկիր է, բայց վտանգավոր է դառնում:

«Արդեն մտահոգ եմ, որովհետև ռուսական ձեռագիրն ուրիշ է: Դժբախտաբար, Ռուսաստանը թիվ մեկ երկիրն է, որն այսօր մեծաքանակ զենք է վաճառում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում գտնվող մի երկիր կարող է վտանգավոր դառնալ, դա Ռուսաստանն է: Ռուսաստանի պահվածքը, որպես Հայաստանի համար ռազմավարական գործընկերոջ, ամոթ է և վտանգավոր»,- ասում է վերլուծաբանը:

Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակին և վերջին շրջանում հաճախակի բնույթ ստացած կրակոցներին անդրադառնալով՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, որ մտահոգվելու առիթ կա:

«Ես ավելի մտահոգ եմ, որ ոչ թե ինչ-որ պաշտոնական որոշմամբ կվերսկսվի պատերազմը, այլ ինքնաբերաբար: Ավելի մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է  պատերազմ պայթել, որովհետև Ադրբեջանը շատ վտանգավոր քաղաքականություն է վարում՝ միշտ ստուգում են, միշտ կրակում են: Այսինքն,  եթե  նման սխալ մտացում կա այս հարցում, դա ավելի վտանագավոր է»,- ասում է վերլուծաբանը:

Նա, վերլուծելով Ադրբեջանի քաղաքականությունը, եզրակացնում է, որ այդ երկիրը կառուցողական երկխոսության պատրաստ չէ: Ըստ նրա, օրերս Բաքում անցկացված ՆԱՏՕ-ի  «Ռոս Ռոութ» սեմինարի ժամանակ ադրբեջանցի պատվիրակների պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է դա:

Ռիչարդ Կիրակոսյանը, մասնակցելով այդ սեմինարին, եզրակացրել է, որ պաշտոնական Բաքուն ի վիճակի չէ խաղաղ բանակցային սեղանի շուրջ նստել:

Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ թեժ բանավեճ էր տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Ադրբեջանիցները պարբերաբար հայերին «օկուպանտ» էին անվանել, ներկայացվող փաստերը` խեղաթյուրել:

«Առաջին անգամ էր, որ նման մեծ մասշտաբի սեմինար անցկացվեց Բաքվում, նաև առաջին անգամ էր, որ Հայաստանի պատվիրակությունը մասնակցում էր նման սեմինարի Բաքվում: Ադրբեջանը, ունենալով հայ հյուրեր, ուզեց մի քիչ ագրեսիվ մթնոլորտ սարքել, որ մենք անհանգիստ լինենք: Իրենք փորձեցին ցույց տալ, որ իրենց ներքին վիճակը կայուն է, իրենք հզոր են, բայց դա թատրոն էր: Ես այնտեղ, որպես քաղաքագետ, վերլուծաբան, ուզեցի կառուցողական երկխոսություն վարել, բայց դժբախտաբար չստացվեց: Այինքն,  պարզ էր, որ Ադրբեջանն իր կողմից այդ ուղղությամբ քայլեր չարեց, չուզեց կառուցողական մոտեցում ունենալ կամ լսել մեզ: Նրանք պատրաստ չեն դրան»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Վերլուծաբանն ընդունելի է համարում Մինսկի խմբի բանակցային ձևաչափը, սակայն միաժամանակ կարծում է, որ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվի, եթե կողմերից մեկը հակամարտության խաղաղ լուծման կամք չի դրսևորում:

«Ես պաշտպանում եմ Մինսկի խմբի գործառույթը՝ իբրև բանակցային ձևաչափ, որը պետք է պահպանենք: Բայց միաժամանակ, պարզ է, որ առանց քաղաքական կամքի, բանակցություններն անհնար են: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ իրական դիվանագիտական լեզվով խոսելու, Մինսկի խումբը չի կարող իր աշխատանքը բարեհաջող ավարտին հասցնել»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am