Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,-նշել է Ֆուկուսիմա Մասանորին:

«Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-նշել է նախարարը:

Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`

Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում` Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին

վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում

պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում

Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը: