Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով։ Դրանցից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ գործողությունը պատասխան էր նախորդ օրը Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային բեռնանավերի վրա իրականացված հարձակմանը։ Այն տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց։ Թրամփն ասել էր, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը, իր գնահատմամբ, «ավարտված է»։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ հետագայում սահմանափակելու Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությանը սպառնալու նրա հնարավորությունները։ ԱՄՆ-ն պատասխանատվության է ենթարկում Իրանին միջազգային կարևոր ջրային ուղով ազատ տեղաշարժվող առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմերի դեմ վերջին անհիմն ագրեսիայի համար»,- X-ում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի հրամանատարությունը։
CENTCOM-ի տեղեկացմամբ՝ թիրախավորվել է շուրջ 90 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներ, ինչպես նաև ափամերձ ռազմական լոգիստիկ հանգույցներ։
Հարվածների հետևանքով Իրանի որոշ շրջաններում դադարել է էլեկտրամատակարարումը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաև զոհերի մասին, սակայն դրանց թիվը չեն հստակեցրել։
Ի պատասխան՝ Իրանը երկրորդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ։
Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցում է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Կատարը, իր հերթին, հայտարարել է «անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակի» մասին։
«ԱՄՆ-ն դեռ չի հասկացել, որ ճնշումն ու սեփական պարտավորությունների խախտումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թող հստակ լինի. եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների ներքո»,- X-ում գրել է Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Թուրքիայում հուլիսի 8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հարցին, թե արդյոք Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն այլևս ուժի մեջ չէ, Թրամփը պատասխանել էր. «Շատ հետաքրքիր հարց է։ Իմ կարծիքով՝ այն ավարտված է։ Ես չեմ ցանկանում այլևս գործ ունենալ նրանց հետ»։
Ավելի ուշ նա հավելել էր. «Եթե մենք համաձայնագիր կնքենք Իրանի հետ, վստահ չեմ, որ այն կպահպանվի։ Իմ կարծիքով՝ նրանք շատ անազնիվ մարդիկ են»։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել էր, որ չի կարծում, թե պատերազմը կվերսկսվի։
«Ինչ էլ տեղի ունենա, ամեն ինչ շատ արագ կավարտվի և միայն կբարձրացնի անվտանգությունը, այդ թվում՝ նավթի մատակարարումների համար»,- ասել էր նա։



















