«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ պղծել են դատական համակարգը, այսօր հանկարծ դարձել են նրա պաշտպանները». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

– Ինչպե՞ս եք գնահատում դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ Քոչարյանի աջակիցների կողմից կատարված ոտնձգությունը։ Նախորդ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ այդ քայլը դատապարտելուց առաջ գործող իշխանությունները պետք է հիշեն, որ դրա մեղավորն իրենք են, որ դատարաններ էին շրջափակում։

– Նման վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է։ Կարծում եմ՝ առհասարակ բոլորը դատական իշխանության նկատմամբ պետք է ցուցաբերեն ընդգծված հարգալից վերաբերմունք, որով կնպաստենք դատական իշխանության հեղինակության ստեղծմանը, նրա դերակատարության առանձնահատկության ընդգծմանը։ Այսօր դատավոր Դանիբեկյանն է, վաղը կարող է ցանկացած մեկը լինել։ Ծանոթ եմ նաև մամուլում այլ դատավորների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։

Դատավորների նկատմամբ բռնությունները և անհարգալից վերաբերմունքը ես՝ որպես փաստաբան, դատապարտում եմ և համարում եմ, որ անթույլատրելի է որևէ դատարանի, որևէ դատավորի նկատմամբ այդպիսի անբարոյական վարքագիծը։ Սա մեր համընդհանուր ողբերգությունն է։

– Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք ձերբակալվել են, բայց արդյոք մենք գործ չունե՞նք հերթական բռնել-բաց թողնելու պրակտիկայի հետ, որը վերջին 1,5 տարվա ընթացքում բազմիցս տեսել ենք։ 

– Մենք մի աբսուրդի մեջ ենք հայտնվել. այսօր ես կարդում եմ որոշ հրապարակումներ դատական համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու վերաբերյալ դատապարտումների մասին և ուղղակի ապշում եմ։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց պապաների, աներձագների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց կամակատարների միջոցով պղծել են դատական համակարգը, ավերել են դատական իշխանության հեղինակությունը, խաթարել են նրա բնականոն գործունեությունը, այսօր հանկարծ դարձել են դատական իշխանության ներկայացուցիչների պաշտպաններ, նրանց նկատմամբ մտահոգություն արտահայտողներ։

Տարիների ամբողջ գործընթացը հասցրեց դատական իշխանության նկատմամբ վստահության այսպիսի վիճակի։ Այո՛, ես գտնում եմ, որ որևէ մեկը որևէ ձևով իրավունք չունի խոչընդոտելու կամ ազդելու դատական համակարգի աշխատանքին՝ լինի վարչապետ, Հռոմի Պապ, Կաթողիկոս, մարզպետ, նախարար։ Բոլորի ականջին թող օղ լինի դա. եթե որևէ մեկը ինչ-ինչ հանգամանքներում իրականացրել է այդպիսի գործընթաց, վաղ թե ուշ պետք է պատասխան տա իր արածի համար։ Սա հստակ է։ Եթե իսկապես ուզում ենք ստեղծել նորմալ երկիր, մենք պետք է ունենանք իսկապես արդար դատական համակարգ։

Թե հիմա ինչ կլինի այդ տղայի հետ կապված, ես չեմ կարող ասել։ Դուք պետք է դիմեք վարույթ իրականացնող մարմնին, թե արդյոք այդ տղայի գործողություններն ինչպես պետք է գնահատվեն։ Գլոբալ առումով ես ուզում եմ հարց տալ. ընդհանրապես, մենք պե՞տք է հարգանք տածենք դատական համակարգի նկատմամբ, թե՞ ոչ։

Ես գտնում եմ, որ Հայաստանի դատական համակարգն այսօր չի ապրում իր լավագույն օրերը, գտնվում է համընդհանուր քննադատությունների թիրախում, ճնշումների տեղատարափի ներքո։ Ուստի դատական իշխանությունն ինքը պետք է հանդես գա ինքնապաշտպանության լուրջ ճակատով։ Պետք է ճակատ ստեղծի և ուղղակի բոլորին ցույց տա իրենց տեղը։ 

– Արփինե Հովհաննիսյանը այդ դեպքի վերաբերյալ գրառում է արել, որում մեղադրում է այսօրվա իշխանություններին՝ նշելով. «Դուք դատարան եք շրջափակել և հանրայնորեն տանջամահ էիք անում դատավորներին, սպառնալիքներ ու վիրավորանքներ էիք հնչեցնում, ատենախոսություններ քչփորում»։ Ինչպե՞ս եք սա մեկնաբանում։

– Թույլ տվեք դա չմեկնաբանել։ Ես քիչ առաջ իմ խոսքում հանգամանալից նշեցի դատական համակարգի՝ այսպիսի վիճակում հայտնվելու պատճառների, նաև այն անձանց մասին, որոնք նպաստել են դրան։ Ես չգիտեմ՝ Արփինե Հովհաննիսյանն ի՛նչ է ասել, ես այլ բան եմ ուզում ասել. այո՛, դատական իշխանությունն այս խնդրի առաջ է կանգնել այս կամ այն սուբյեկտի այս կամ այն գործողության արդյունքում։ Հիմա մենք ի՛նչ անենք՝ շարունակե՞նք այդ արատավոր գործընթացը, թե՞ գիծ քաշենք և սկսենք մի վերականգնման գործընթաց, որը հնարավորություն կտա տեսանելի ապագայում կառուցել արդար դատական համակարգ։

Հիմա նախկինները ներկաներին ասում են՝ դուք դատարանների դռներ եք փակել, բայց ես նույն նախկինների օրոք հիշում եմ, որ մարդու իրավունքների նախկին պաշտպանն անգամ ցուցակ էր հրապարակել, թե դատական համակարգում ինչ տոկոսային հարաբերակցությամբ են իրականացվել կոռուպցիոն սխեմաները, ինչպես են կայացվել դատական ակտերը, նախագահական աշխատակազմն ինչ ազդեցություն ու նշանակություն է ունեցել արդարադատության իրականացման գործընթացում։

Այն ժամանակ ես մի անգամ չլսեցի Արփինե Հովհաննիսյանի մտահոգությունը, որը, ի դեպ, ի պաշտոնե շատ պատասխանատու էր արդարադատության գործընթացի բարելավման առումով։ Ես այն ժամանակ չլսեցի, որ Արփինե Հովհաննիսյանն այսպիսի ջերմեռանդությամբ հանդես գար դատական իշխանությունը պաշտպանողի դերում։ Այսինքն ի՞նչ են ուզում ասել. որ մի տարի առաջ ամեն ինչ շատ հրաշալի՞ էր, որ այս մեկ տարվա ընթացքո՞ւմ է ձևավորվել դատական իշխանության այս ողբերգական վիճակը։

Ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել։ Ես չեմ արդարացնում որևէ բացասական երևույթ, ում կողմից ուզում է լինի։ Վարորդից մինչև վարչապետ, եթե սխալ քայլ են արել, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա, բայց դա չի նշանակում, որ նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ փայլուն էր։ Այս ամբողջ ողբերգության, այս ամբողջ խայտառակության, դատական իշխանության այս վիճակի սաղմերը նրանց օրոք են դրվել։ 

– Ի՞նչ քայլերի պետք է դիմի իշխանությունը, որպեսզի հետագայում դատավորի նկատմամբ չունենանք այսպիսի վերաբերմունք։ Իշխանությունը պետք է կոշտ մեթոդների՞ դիմի այս անպատժելիությունը վերացնելու համար։

– Ընդհանրապես, այս ամենաթողության մթնոլորտին պետք է վերջ տալ։ Հայաստանում պետք է գործի օրենքը բոլորի համար, բոլորն իրենց ականջներին օղ պետք է անեն, որ դատարանների նկատմամբ չի կարելի անհարգալից վերաբերմունք դրսևորել, ինչ դատավոր ուզում է լինի։

Եթե մենք չհարգենք դատական իշխանության գործունեությունը, ուղղակի կրախի առաջ կկանգնենք։ Ես գտնում եմ, որ իրավասու մարմինները պարտավոր են համարժեք գնահատական տալ բոլոր գործերին։ Այստեղ անհատականացված մոտեցումն ուղղակի մեծ խնդիր է ստեղծելու։ Բոլոր գործերի դեպքում, անկախ նրանից, թե ում գործն է քննվում, ինչպես է քննվում, այդ գործի նկատմամբ ինչ դիրքորոշում ունենք, դատական իշխանության նկատմամբ պետք է ցուցաբերել ընդգծված հարգալից վերաբերմունք։

Դատական իշխանության գործունեությունը պետք է կարևորվի և առանձնացվի քաղաքական իշխանությունից։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am